ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԶ ԱՆԿԱՐԳ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երաժիշտ Արա Թորոսյանը՝ նույն ինքը՝ ՄՈՒՐԶԻԿԸ, որոշ ժամանակ ԱՄՆ-ում աշխատելուց հետո այժմ նորից գործունեություն է ծավալում Հայաստանում: Հարցին, թե ինչու էր հեռացել, հայտնի գործիքավորողը պատասխանեց, թե ինքը չէր հեռացել, պարզապես աշխատանքի բերումով հաճախ է մեկնում` նորից վերադառնալու պայմանով: 
-Շատերը ճանապարհ են փնտրում դրսում աշխատելու համար, իսկ Դուք հետ եք եկել: Իհարկե, ողջունելի է, սակայն նաեւ` զարմանալի: 
-Հիմա երկրի վիճակն այնպիսին է, որ բոլորը փորձում են ինչ-որ աշխատանք գտնել, ցավոք, այստեղ գործազրկությունն ավելի շատ է, քան մնացած երկրներում: Այդ իսկ պատճառով էլ մեկնում են դուրս, որ կարողանան ընտանիքը պահել, գոյատեւել, դա նորմալ է: 
-Սակայն մեկնողներն ասում են, որ դրսի շուկայում շատ ավելի բարդ է հաստատվելը:
-Իհարկե, դրսում շատ բարդ է, հետո էլ մենք ուրիշ ազգերի համար այն ազգերից չենք, որ մեծ տեղ ենք գրավել պատմության մեջ: Մենք աշխարհին ներկայացել ենք անհատներով` Արամ Խաչատրյան, Այվազովսկի, Ազնավուր, բայց որ ազգովի ինչ-որ բանով ներկայանանք, չեմ մտաբերում: Միայն ասում ենք՝ թուրքերը մեզ ջարդել են, ունեցել ենք Ցեղասպանություն: Ցավոք, մեզ միայն դրանով են ճանաչում: Նկատեցի՞ք, մեր ազգի բոլոր մեծ անհատներն ապրել են ոչ թե Հայաստանում, այլ դրսում:
-Փաստորեն, սեփական երկիրն իր հանճարներին չի գնահատում: 
-Ոչ մի երկիր էլ իր անհատներին չի գնահատում: Մենք անգամ մեր հրապարակի ճարտարապետությունը չենք գնահատում, նույնիսկ չգիտենք, որ ամենագեղեցիկ հրապարակներից մեկը մենք ունենք: Բայց պետությունն այստեղ կապ չունի, ժողովրդի մենթալիտետի հետ է խնդիրը: Հայ ազգն իր մեջ ունի շատ մեծ տարօրինակ օտարամոլություն, որ մեր մեջ հարատեւ նստած է: Ուրիշինը լավն է, մերը` վատ, ա՛յ դա է մեր խնդիրը:
-Քանի՞ տարի մնացիք ԱՄՆ-ում:
-Ես անընդհատ գնում-գալիս եմ, այնտեղ երկար չեմ մնացել: Ես ունեմ երեք երկրի քաղաքացիություն:
-Ո՞ր երկրների:
-Ամերիկայի Միացյալ Նահանգների ռեզիդենտ եմ, նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացի: Դա հեշտացնում է իմ տեղաշարժը: Բայց եւ այնպես, նույն ԱՄՆ-ում էլ ես գործ ունեմ ոչ թե օտարերկրացիների, այլ հայերի հետ:
-Բա ասում են, թե դրսում շատ ավելի շահավետ է օտարազգիների հետ աշխատելը, որովհետեւ, միեւնույն է, հայը “գցում է”:
-Ինձ համար շատ ավելի հեշտ է աշխատել հայերի հետ, քանի որ հենց նրանք են քեզ գնահատում: Գուցե բիզնեսմենի համար հեշտ է օտարների հետ աշխատելը, քանի որ հայն առաջին հերթին մտածում է` ինքը “գցի”, ոչ թե “գցվի”: Դե իսկ երկու հայ իրար չեն կարողանում “գցել”: 
-Այստեղի ու այնտեղի հայության տարբերությունը մե՞ծ է:
-Այո՛, մենք մեր երկրում մեզ անկարգ ենք պահում, իսկ այլ երկրներում վախենում ենք ուրիշի փայտից, որ կտա մեր գլխին: Դրա համար էլ դրսում օրինապահ ու օրինավախ ենք, իսկ այստեղ օրինազանց ենք բոլորս: 
Երբ ԱՄՆ-ում էիք, ի՞նչն էր Ձեզ ձգում դեպի Հայաստան:
-Հայրենիքն ինձ համար իմ Երեւանն է, ընկերներս, բարեկամներս, ինձ սիրող ու իմ սիրելի մարդիկ: Իսկ թե ինչու եմ այս պահին այստեղ, որովհետեւ հիմա այստեղ ավելի կարեւոր եմ, բայց դա էլ ժամանակավոր է, շուտով կվերջացնեմ այստեղի ծրագրերս ու նորից հետ կգնամ: 
-Ի՞նչ ծրագրեր են:
-Երաժշտության հետ է կապված, նոր նախագիծ է, շուտով Դուք էլ կտեսնեք:
-Ի՞նչ կասեք դրսի հոնորարների մասին, դրանք իսկապե՞ս շատ ավելի մեծ են, քան այստեղ:
-Նայած ում համար, մարդիկ կան, ում հոնորարներն այստեղ շատ ավելի մեծ են: Կան մարդիկ, որոնք անմիտ ձեւով կարող են վճարել այնպիսի հոնորար, որ այդ նույն երգիչն անգամ դրսում այդքան գումար չի կարող ստանալ: Դա շատ հարաբերական բան է: Բայց դե տաղանդավոր մարդն աննկատ չի մնա: Դրսում էլ հեշտ չէ, կան բարդություններ՝ սկսած լեզվի խնդիրներից, վերջացրած մենթալիտետով, դրսում այլ կերպ են մտածում:
-Մարդկանց մեջ ի՞նչն է փոխվել Ձեր բացակայության ընթացքում:
-Մարդիկ ավելի ցասման մեջ են, ու եթե արդեն սկսել են բողոքել այնպիսի հիմար կայքում, որը կոչվում է “Ֆեյսբուք”, դա նշանակում է, որ մարդկանց վիճակը շատ վատ է: Ես դա չեմ համարում ճիշտ, գոյություն ունի հասարակ շպիոնաժ, որ տեսնեն այդ բողոքներն ու ասեն՝ ինչ վատ է այս Հայաստանում: Չեմ ասում գովք անել, բայց դե չգրել` “երկիրը երկիր չի”: Իսկ երկիրը երկիր չէ, քանի որ մենք ենք առաջին հերթին անկարգ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 646 համար




Լրահոս