2014թ. պետական բյուջեի նախագծի` Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի վերաբերյալ քննարկումներն ընթացան բավական թեժ մթնոլորտում: Շատ ավելի ծանր էր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի վիճակը, որին հատկապես ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներն անելանելի դրության մեջ էին գցել: Ընդ որում, սա առաջին դեպքը չէր:
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց տալուց առաջ փոքր ելույթ ունեցավ` ասելով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ձախողված է. «Միգուցե այս նախաձեռնողական քաղաքականությունը թարգե՞ք, կարելի՞ է ձեզ խնդրել՝ ոչինչ չնախաձեռնեք, որովհետեւ առանց դրանց Հայաստանն ավելի լավ վիճակում կգտնվեր: Եթե մենք մեկ տարով սառեցնեինք արտաքին քաղաքականության ֆինանսավորումը, կոնկրետ այն պատճառով, որ այդ կարեւոր գործիքը հայտնվել է ոչ կոմպետենտ ղեկավարության ձեռքում, ավելի լավ արդյունք կունենայիք, քան երբ ֆինանսավորում են ձեզ»: Շավարշ Քոչարյանը չհամաձայնեց ընդդիմադիր գործչի հարցադրումներին, հերթական անգամ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերություններում գնդակը Թուրքիայի դաշտում է, իսկ ԵՄ-ի հետ բանակցություններն արդյունավետ էին: Ինչ վերաբերում է Զուրաբյանի առաջարկին, որ ՀՀ իշխանություններն այլեւս նախաձեռնություններով հանդես չգան, Քոչարյանն ասաց. «Դա ամենահամարձակ նախաձեռնությունն է, որը կարելի է անել` մենք այդ համարձակությունը չունենք նման առաջարկով առաջնորդվելու»: Զուրաբյանը նաեւ բարձրացրեց Վատիկանում առանձին դեսպանատուն բացելու հարցը` հետաքրքրվելով, թե արդյոք այդ գործառույթները չէր կարող ստանձնել Ավստրիայում ՀՀ դեսպանը: Քոչարյանն էլ արդարացավ, թե ծանրաբեռնվածություն է առաջանում. «Վատիկանը, լինելով փոքր պետություն, ունի մեծ ազդեցություն: Ունենալ դեսպան Վատիկանում` չեմ կարծում, որ հեռանկարային չէ»: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հակադարձեց, թե դեսպանատունը գործում է Միքայել Մինասյանի համար:
Թեժ էր նաեւ Նիկոլ Փաշինյան-Շավարշ Քոչարյան երկխոսությունը: Փաշինյանը հիշեցրեց ռուսական հանրային հեռուստատեսությամբ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության դեպքում ԼՂ խնդրի վերաբերյալ ակնարկը, նաեւ հարցրեց. «Համոզվա՞ծ եք` Հայաստանին հաջողվելո՞ւ է անդամակցել ՄՄ-ին, եւ հետո, ի՞նչ է անելու Վիլնյուսում ՀՀ-ն նոյեմբերի 26-29-ին»: Քոչարյանն էլ ասաց, որ այլեւս անհնար է ստորագրել Խորը եւ համապարփակ ազատ առեւտի համաձայնագիրը Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո, նաեւ շեշտեց, թե իրենց դիրքորոշումը նույնն է` շարունակել համագործակցությունը Եվրոպայի հետ: Սակայն Քոչարյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց` արդյոք համոզված է, որ ՀՀ-ն կանդամակցի ՄՄ-ին: Երբ Փաշինյանը հարցրեց, թե կարող է արձանագրել այդ փաստը, Քոչարյանը զայրացավ. «Դա ձեր ձեւակերպումն է, որը չի համապատասխանում իրականությանը»: «Ուրեմն ձեւակերպենք, որ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալը համոզված է, որ ՀՀ-ն կանդամակցի Մաքսային միությանը»,-շարունակեց Փաշինյանը: «Ա՛յ էդ սեւ ու սպիտակով գնալն է, որ ձեզ գցում է այդ օրը»,-զայրացավ Քոչարյանը:
ԹԱՐԳԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ