Վարչապետ Տիգրան Սարգսյանի գերթանկարժեք այցերի մասին «Ժողովուրդ»-ի` նախօրեին հրապարակած տվյալները մեծ աղմուկ են բարձրացրել: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով ավելի քան 35 տոկոս աղքատություն եւ ավելի քան 16 տոկոս գործազրկություն ունեցող երկրի կառավարության ղեկավարը միայն անցած մեկ տարվա ընթացքում իր երեք արտասահմանյան այցերի համար պետական միջոցներից վատնել է շուրջ 200 հազար ամերիկյան դոլար: Ընդ որում, խոսքը միայն չվերթերի մասին է` Սանկտ-Պետերբուրգ՝ 30,5 միլիոն, Մոսկվա` 21 միլիոն եւ Բրյուսել` 31 միլիոն դրամ: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը պատկանող «Էյր Արմենիա» ընկերությանը տրամադրված ավելի քան 82 միլիոն դրամը երեկ Զարուհի Փոստանջյանը որակել է որպես կոռուպցիոն գործարք` «ատկատ»: Այն, որ Փոստանջյանի բնորոշումը միանգամայն տեղին է, դժվար է կասկածի տակ դնել: Համենայնդեպս, կառավարության ներկայացրած պաշտոնական պարզաբանումը դրա համար հիմքեր չի տալիս: Ավելին, «Ազատության» հարցին, թե որքանով է նպատակահարմար բյուջեի պակասորդի եւ աղքատության բարձր ցուցանիշի պայմաններում մեկ ամսում 200 հազար դոլար ծախսել ընդամենը ինքնաթիռ վարձակալելու համար, կառավարությունից պատասխանել են, թե «իրականացված բոլոր չվերթերն էլ նպատակահարմար են եղել եւ դրանց ընթացքում լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»: Սա, մեղմ ասած, զավեշտալի պատասխան է: Ստացվում է` եթե վարչապետը, օրինակ, Բրյուսել մեկներ ոչ թե չարտերային չվերթով, այլ սովորական ինքնաթիռի «բիզնես կլասով», ապա կառավարության լրատվականի մատնանշած ` ռադիոիզոտոպերի արտադրության վերաբերյալ «լուրջ պայմանագիրը» չէր ստորագրվի: Թե իրականում որքանով է «լուրջ» այդ պայմանագիրը եւ ինչպիսի ռեալ օգուտ կտա հայրենի տնտեսությանը, կերեւա ապագայում, բայց որ այդ պայմանագիրը կարելի էր կնքել նաեւ առանց 76 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վատնելու չվերթի վրա, կասկածից դուրս է: Պակաս վրդովվեցուցիչ չէ Սանկ-Պետերբուրգ կատարած այցի ընթացքում վարձակալված ինքնաթիռը ամբողջ երեք օր սպասեցնելու փաստը, ինչի արդյունքում ինքնաթիռը 60 ժամ զբաղեցնելու համար մենք` ՀՀ կիսաաղքատ հարկատուներս, չգիտես ինչու վճարել ենք 70 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, այս այցելության ընթացքում վարչապետը հիմնականում զբաղված է եղել Սանկտ-Պետերբուրգի մշակութային օջախներում շրջագայելով: Թե ինչպես կարելի է բնութագրել «ժանտախտի ժամանակ խնջույք անող» աստվածավախ վարչապետի այս «վոյաժները»` թերթի էջերից դժվար է ճշգրիտ ձեւակերպել: Բայց որ ընդամենը մի քանի օր առաջ գործազրկության 18.000 նպաստը վերացրած, միաժամանակ իրենց աշխատավարձերը բարձրացրած իշխանություններն արդեն լրիվ անթաքույց կերպով թքած ունեն ժողովրդի վրա, կասկածից դուրս է: Եվ դա, ցավոք, օրինաչափ է: Չէ՞ որ այդ ժողովրդի գերակշիռ մասն իր` պահանջատեր լինելու իրավունքը մի քանի ամիս առաջ վաճառեց այս իշխանությանը` 5000 դրամով:
ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ