ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը կրկին խոսեց եւ այլեւս ակնհայտ դարձավ, որ նա այդպես էլ չի ընկալել, թե ինչու են մարդիկ զինված ապստամբություն սկսել մեր երկրում, որքան էլ որ զենքով քայլ անելը դատապարտելի լինի:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հուլիսի 17-ին տեղի ունեցած հարձակումից հետո Սերժ Սարգսյանը «հայտնվեց» հինգ օր անց՝ հուլիսի 22-ին: Ուժայինների հետ հանդիպման ժամանակ նա այսպիսի միտք էր արտահայտել. «Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը, մեկ անգամ եւս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու պահեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք»: Թվում էր, նա սկսել է խորհել այն մասին, թե ինչու է հայ հանրության մեծամասնությունն իրենից ու իր ղեկավարած իշխանություններից պահանջում հեռանալ: Հիշեցնենք, որ նա առաջին անգամ խոսեց հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներից երկու օր անց, որոնց արդյունքում 51 մարդ էր տուժել:
Սակայն Սարգսյանի խոսքից 8 օր անց, ամենեւին դասեր չքաղելով իրավիճակից, նոր բախում եղավ՝ հուլիսի 29-ին, առավել արյունալի, այդ օրը քրեական տարրերը ոստիկանների ուղեկցությամբ թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա: Արդյունքում 73 մարդ տուժեց: Եւ, ահա, երեկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «Ես նաեւ ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետեւություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին…»: Լրագրողներն, իհարկե, կարող են շատ բան ներել քրիստոնեաբար, բայց իրականում մեր երկրում կա անարդարության լճացած մթնոլորտ: Նախորդ տարի ամռանն էլ Բաղրամյան պողոտայում մի խումբ լրագրողներ տուժեցին, սակայն ՀՀ ՀՔԾ-ն մինչեւ հիմա քննում է գործը: Ինչքա՞ն ներենք:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ից հուլիսի 31-ը, այսինքն՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու առաջին օրվանից մինչեւ նրանց հանձնվելը, Երեւանում ձեւավորված է եղել օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ մյուս ուժային կառույցների եւ Արցախի ներկայացուցիչներ: Շտաբի հիմնական նպատակը եղել է առանց նոր զոհերի «Սասնա ծռեր» զինված խմբին վնասազերծելը: «ժողովուրդ»-ի աղբյուրների հաղորդմամբ՝ այդ շտաբը տեղակայված է եղել Էրեբունի վարչական շրջանում՝ ՊՊԾ գնդի տարածքի հարեւանությամբ: Ըստ լուրերի՝ վերջին օրերի բոլոր գործողությունները, այդ թվում նաեւ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բռնությունների հրահանգները, բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու եւ բանակցային ողջ գործընթացի համակարգումն իրականացվել է հենց այդ շտաբի կողմից:

 

 

 
Այս տարվա հունիսին արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 80 մլն 884 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարի նույն ամսին այդ ցուցանիշը եղել է 96 միլիոն 973 հազար դոլար: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից: Հիշեցնենք, որ զուտ ներհոսքը Հայաստան ուղարկված եւ մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն է: Ինչպես հայտնի է՝ դրսից եկած փողերի՝ տրանսֆերտների անկումը մեր երկրում սկսվել է 2014 թվականի հոկտեմբերից: Փաստացի արդեն մեկուկես տարուց ավել է՝ տրանսֆերտների անկումը շարունակվում է: Անցած տարվա առաջին կիսամյակում Հայաստան փոխանցված ընդհանուր տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 332 մլն 376 հազար դոլար: Այս տարի նույն ժամանակահատվածի տրանսֆերտների ընդհանուր զուտ ներհոսքը կազմել է 254 մլն 103 հազար դոլար: Այսինքն՝ կես տարվա կտրվածքով 78 մլն 273 հազար դոլար ուղղակի չի մտել մեր երկիր:

 

 

 
Իշխանական ողջ վերնախավը երեկ գնացել էր նախագահի նստավայր՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի ելույթը ունկնդրելու եւ իրենց ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու համար: Սակայն այնտեղ հավաքվածներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ասաց, որ ավելի մեծ կասկածներով են հեռացել: «Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներք: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- Սերժ Սարգսյանի այս խոսքերը ներկաներին կամուկացի մեջ է գցել: Ի վերջո, մի քանի ամիս ասելով նա գարնան ԱԺ ընտրություննե՞րը նկատի ունի, թե՞ մինչ այդ է նոր կառավարություն ձեւավորելու:

 

 

 
ԱՆՀԱՄԱՐԺԵՔ
Եվ այսպես՝ ուղիղ 15 օր երկիրը փոթորկած իրադարձությունների ընթացքում ընդամենը մեկ անգամ՝ այն էլ 6-րդ օրը, կարճատեւ գրավոր մի տեքստ կարդալուց հետո երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը երեկ վերջապես բարեհաճեց հանդես գալ, ինչպես նախագահականի հաղորդագրությունում է նշված՝ «հասարակության, իշխանությունների եւ հոգեւոր դասի» առջեւ: Թե ովքեր էին «հասարակություն» ասվածը ներկայացնում Բաղրամյան 26-ի դահլիճում, թերեւս ավելորդ է նշել, միայն արձանագրենք, որ այդ խմբին «հասարակություն» կոչելը, մեղմ ասած, սիրուն չէ: Ինչեւէ: Ս. Սարգսյանի ելույթը միանգամայն արժանի էր հենց այդ «հասարակությանը», բայց ոչ հայ ժողովրդին, ում տրամադրությունները, դատելով երեկվա ելույթից, Ս. Սարգսյանը շարունակում է ոչ համարժեք ընկալել:
Իր ելույթում Սարգսյանն այդպես էլ ոչ մի բառ չասաց իրենց՝ իշխանությունների պատասխանատվության մասին: Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքական, այլեւ շատ կոնկրետ՝ պաշտոնական պատասխանատվության մասին է, թե այդ ինչպես եղավ, որ մեր փառապանծ իրավապահ համակարգը, որին հասցեագրված իր շնորհակալությունների շարանում Սարգսյանն այդքան շռայլ էր, կարողացավ թույլ տալ նման խայտառակ ձախողում՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավում. «Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը եւ մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի եւ սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար»,- Սարգսյանի ելույթի այս հատվածից հետո, թերեւս, իմաստ չուներ անդրադառնալ շարունակությանը, բայց քանի որ նա հաջորդիվ էլ ավելի ուշագրավ պնդումներ արեց, այնուամենայնիվ, արձանագրենք:
Նախ՝ հուլիսի 23-ի իր առաջին ուղերձում Սարգսյանը ձեռնպահ մնաց «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ կոչելուց, թեեւ այդ ժամանակ նրանք դեռ ազատ չէին արձակել պատանդառված ոստիկաններին, եւ, թերեւս, այդ եզրույթի կիրառման համար ավելի շատ հիմքեր կային: Մինչդեռ երեկ, երբ տղաները հանձնվել էին, նրանց «ահաբեկիչ» պիտակավորելը, մեղմ ասած, «սիրուն չէր»: Թեեւ առանձնապես ակնկալիքներ չկային, այնուհանդերձ, եւս մեկ անգամ հուսահատեցնող էր երկրի հոգսերի, անհրաժեշտ անելիքների եւ ազգային համաձայնության կառավարության մասին հռետորաբանությունից հետո արված հայտարարությունը, թե «ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն»: Այդպիսով, փաստորեն, Սարգսյանն ասաց՝ առաջիկայում կադրային փոփոխություններ չեն լինի:
Միակ կարեւոր հայտարարությունը, որը թերեւս հենց «Սասնա ծռեր»-ի պայքարի հիմնական արդյունքը պետք է համարել, այն էր, որ Սարգսյանը երեկ միանշանակ կերպով հայտարարեց. «Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է»:




Լրահոս