Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում շինարարությունը 2 տոկոսով նվազել է:
Շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին: Այստեղ ունենք էական նվազում: Այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 28.8 տոկոսով նվազել են: Ընդհանուր անկման տվյալների վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը: Իսկ, ահա, համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները 4 տոկոսով աճել են: Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես աճել են՝ 43.8 տոկոսով:
Իսկ, ահա, «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով իրականացված շինարարության ծավալները ավելացել են 46.5 տոկոսով, հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները՝ 85.8 տոկոսով: Փոխարենը մարդասիրական միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 21.1 տոկոսով: Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են՝ 10.9 տոկոսով:
Ինչպես հայտնի է՝ շինարարության ծավալների առյուծի բաժինը ընկնում է կազմակերպություններին՝ կառուցապատող ընկերություններին: Նրանց հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 3 տոկոսով: Սակայն ոլորտի պատասխանատուները շտապում են հանգստացնել եւ հորդորում են չհուսահատվել, քանի որ, շինարարական աշխատանքներն ավարտվում են տարեվերջին, այսինքն` միայն տարեվերջին հստակ հնարավոր կլինի ասել` շինարարության ոլորտում անկում կա՞, թե՞ ոչ:
Շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ նվազել են նաեւ շինարարության հարակից ոլորտի շինանյութերի արտադրության ծավալները, որոնցով հիմնականում պայմանավորվում են շինարարության ծավալները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 6 ամիսներին Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 33.6 տոկոսով նվազել են: Շինարարության ոլորտում անհրաժեշտ ապրանքատեսակի՝ գաջի արտադրության ծավալները նվազել են 64.4 տոկոսով, կրինը՝ 12.6 տոկոսով: Նվազել են նաեւ տուֆի արտադրության ծավալները՝ 57.4, բազալտինը՝ 4.9 տոկոսով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ