ԱՐՑԱԽՑԻՆ ՎԱՂՈՒՑ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ ինքը, լինելով ԼՂՀ Սահմանադրության հեղինակը, այնտեղ հատուկ նշել է, որ Արցախը պետք է լինի անկախ երկիր: 
Պարո՛ն Ղուկասյան, տեղեկություններ են շրջանառվում, թե Սերժ Սարգսյանի իրավահաջորդը լինելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ինչպե՞ս եք գնահատում նման հնարավորությունը: 
-Կարծում եմ՝ դրանք անլուրջ խոսակցություններ են, ու իմաստ էլ չկա, որ ես դա մեկնաբանեմ: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ կարող է ասեն, որ Սերժ Սարգսյանին կարող է փոխարինել Վլադիմիր Պուտինը, Մեդվեդեւը, այսինքն՝ Բակո Սահակյանն ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ:
-Այնքանով կապ ունի, որ հենց նրան են դիտարկում որպես ՀՀ նախագահի հաջորդ թեկնածու: Եվ, չմոռանանք, ի տարբերություն Մեդվեդեւի կամ Պուտինի՝ մենք ունենք օրինակ, երբ ԼՂՀ նախագահը դարձավ ՀՀ նախագահ: 
-Ես առաջին անգամ Ձեզանից եմ այդ բանը լսում, չգիտեմ:
-Այժմ վերանայվում է Հայաստանի նախագահի թեկնածուների` ՀՀ-ում մշտական բնակության տասնամյա ցենզը: Տեսակետ կա, որ դա արվում է հենց Բակո Սահակյանի համար:
-Ես չեմ գտնում, որ այդպես է, կարծում եմ, որ դա որեւէ կապ չունի մյուսի հետ: Ես չգիտեմ՝ փոխում են, չեն փոխում, ես չգիտեմ՝ ինչ են քննարկում:
-Տեղեկություններ կան նաեւ, որ Բ. Սահակյանի՝ ՀՀ նախագահ “դառնալուց” հետո Դուք կրկին ԼՂՀ նախագահի ամենահավանական թեկնածուն եք լինելու:
-Բա ինչի՞ տենց համեստ, գուցե ե՞ս լինեմ Հայաստանի նախագահը, շատ համե՞ստ չէ ինձ համար: Ես կարծում եմ, որ դրանք անլուրջ հարցեր են, ի՞նչ է դա նշանակում, որ դա քննարկվե՞լ է, թե՞ նման որոշում է ընդունվել: Հիմա, եթե Դուք իմ կարծիքն եք հարցնում, ես Ձեզ ասում եմ՝ ընդհանրապես այդպիսի խոսակցություններ, քննարկումներ երբեւէ չեն եղել, եւ ես չգիտեմ, թե որտեղից Ձեզ նման տեղեկություններ: Ես ուրիշների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ իմ մասին ասել՝ երբեւէ այդ կարգի քննարկումների ո՛չ մասնակցել եմ, ո՛չ էլ տեղյակ եմ, որ նման քննարկումներ են եղել:
-Այդուամենայնիվ, խոսակցություններ են շրջանառվում, որ Դուք, լինելով Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղի) մտերիմը, համատեղ ուժերով “լոբբինգ եք անում” հօգուտ Բ. Սահակյանի, որ նա…
 -Բ. Բեգլարյանն ի՞նչ կապ ունի… շատ հետաքրքիր տեղեկություններ են: Չգիտեմ՝ Ձեզ ինչպես պատասխանել, Դուք ի՞նչ եք ուզում ինձանից լսել: 
-Լավ, հետեւելով Սերժ Սարգսյանի գործունեությանը, խնդրում եմ ասել` Դուք գո՞հ եք նրա վարած քաղաքականությունից: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նրան չի հաջողվում ղեկավարել երկիրը` Հայաստանն օր օրի դատարկվում է: 
-Ես համարում եմ, որ Ձեր հարցը շատ անլուրջ է, ի՞նչ եք ուզում, որ ես պատասխանեմ, ի՞նչ եք ուզում ինձանից լսել:
-Ձեր կարծիքը:
-Իսկ Ձեր կարծիքով՝ կոռե՞կտ կլինի, որ ես գնահատական տամ: Ես այսօր, իմ պաշտոնը… Դուք գիտեք, թե ես ինչ պաշտոնում եմ, ես հատուկ հանձնարարություններով դեսպան եմ, եւ ինչքանո՞վ կոռեկտ կլինի, որ ես գնահատական տամ ՀՀ նախագահի աշխատանքին: Եվ ինչքանո՞վ գեղեցիկ կլինի, որ ես լավ ասեմ կամ վատ ասեմ:
-Բայց գնահատական տալը ոչ կոռեկտ երեւույթ չէ:
-Դուք Ձեր խմբագրի աշխատանքից գո՞հ եք:
-Այո՛:
-Ես էլ գոհ եմ նախագահի աշխատանքից: Դուք այնպիսի հարցեր եք ուղղում ինձ, ես չգիտեմ, թե ինչ պատասխան եք ակնկալում ինձանից: Ես մի բան կարող եմ ասել, որ ես առաջին անգամ եմ նման տեղեկություններ լսում: Հիմա Դուք այդ տեղեկությունը գիտեք, ես չգիտեմ ու առաջին անգամ եմ Ձեզանից լսում:
-Պարո՛ն Ղուկասյան, վերջերս գրող, հրապարակախոս Զորի Բալայանը բաց նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ըստ էության առաջարկելով կրկին ՌԴ կազմում ընդգրկել ԼՂՀ-ն: Ինչպե՞ս եք գնահատում նման առաջարկությունը: 
-Զորի Բալայանը ո՛չ քաղաքական գործիչ է, ո՛չ պետական: Նա մարդ է, ամեն մարդ կարող է իր կարծիքն ունենալ, ինչո՞ւ եք Դուք այդքան լուրջ ընդունում Զ. Բալայանի ասածը: Մարդ է, լրագրող է, չգիտեմ` հայ է, սովետական դաստիարակություն ստացած, սովետական` չգիտեմ… բաներով անցած, այսինքն՝ Զ. Բալայանն այսօր ո՛չ կուսակցություն է ներկայացնում, ո՛չ պետություն, մարդ է, էլի՛, այդպես է մտածում ու միշտ էլ այդպես է մտածել: Ես չեմ գտնում, որ դա պետք է շատ լուրջ ընդունել եւ ինչ-որ գնահատականներ տալ:
-Այսինքն՝ Զ. Բալայանին անլուրջ մա՞րդ համարենք:
-Ես չեմ ասում՝ անլուրջ, ես ասում եմ՝ ինքն իրավունք ունի նման կերպ մտածելու, բայց դրա հետեւը որեւէ բան չկա:
-Իսկ այդ հարցում ո՞րն է Ձե՛ր տեսակետը:
-Ես Արցախի Սահմանադրության հեղինակն եմ, եւ այնտեղ ֆիքսված է, որ Ղարաբաղն անկախ երկիր է: Ես այդ դեպքում ի՞նչ կարծիք պետք է ունենամ: Իմ տեսակետն այն է, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ երկիր: Դա ժողովրդի ընտրությունն է, եւ ես չեմ կարծում, թե մենք հիմք ունենք կասկածելու, որ սխալ ճանապարհ ենք ընտրել: Արցախցին վաղուց է իր ընտրությունը կատարել:
-ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը “Երկիր”-ի հետ զրույցում նշել է, թե եթե ԼՂՀ-ն ընդգրկվի ՌԴ կազմում, ապա Ադրբեջանը կհասկանա, որ պետք է Արցախի բնակիչներին հանգիստ թողնի:
-Դրանք այնքան անլուրջ խոսակցություններ են, որ ես չեմ գտնում, որ պետք է լուրջ քննարկման առարկա դառնան:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթ 05.11.2013թ.




Լրահոս