Ինչու են արդյունաբերական ոլորտում աշխատողները քչացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10,3 տոկոսով աճել են: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե արդյունաբերական արտադրանքի բնեղեն արտահայտության մասին է, այլ գումարային արժեքի:

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, սակայն, չի խանգարել, որ արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների թիվը նվազի: 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներով արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների թիվը կազմել է 80 հազար 825 հոգի: Այս տարվա առաջին կեսի արդյունքներով արդյունաբերության աշխատողների թիվը եղել է 79 հազար 949 մարդ, անկումը կազմել է 876 աշխատատեղ:

Երբ ուսումնասիրում ենք առանձին արդյունաբերական արտադրանքների արտադրության ծավալների վիճակագրական տվյալները, պարզվում է, որ բոլոր առանցքային ոլորտներում լուրջ անկումներ են արձանագրվել: Մասնավորապես, այս տարվա վեց ամիսներին 4,5 տոկոսով ավելի քիչ էլէներգիա է արտադրվել, քան անցած տարի: Այս փաստն ուշագրավ է, քանի որ էլէներգիայի արտադրությունն ու սպառումը արդյունաբերության իրական վիճակը բնորոշող ամենաօբյեկտիվ ցուցիչներից մեկն է: Եթե արդյունաբերությունը սկսում է զարգանալ եւ աճել, ապա էլէներգիայի արտադրությունը չի կարող նույնը մնալ կամ առավել եւս նվազել:

Հակառակ երեւութը պետք է տեղի ունենա. արդյունաբերության աճը ավելի շատ էլէներգիա է պահանջում: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ էլէներգիայի սպառումը չփոխվի կամ անգամ մի բան էլ աճի առանց էլէներգիայի արտադրության աճի: Նման բան կարող է տեղի ունենալ միայն էլէներգիայի բաշխիչ ցանցում կորուստների մակարդակը էապես նվազեցնելու դեպքում: Սակայն մինչ օրս ոչ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել, եւ ոչ էլ պաշտոնական վիճակագրությունում այդ մասին տվյալներ կան:

Հաջորդ խնդիրը, որը Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունի, դա Հայաստանի բնական հանածոների սրընթաց սպառումն է: Բանն այն է, որ գումարային արտահայտությամբ հանքագործական արդյունաբերությունում 20,3 տոկոսի անկում է արձանագրվել: Այլ կերպ ասած՝ այդ ոլորտից ստացված հասույթը շեշտակի քիչ է եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Սակայն փաստն այն է, որ հանքարդյունաբերության հիմնական ճյուղի պղնձի խտանյութի արդյունահանումը` բնեղեն արտահայտությամբ, անցած տարվա համեմատ կտրուկ` շուրջ 30 տոկոսով աճել է: Ստացվում է, որ այս տարի հանքերը պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները կտրուկ ավելացրել են, բայց քանի որ միջազգային գները էապես նվազած են եղել, նրանց հասույթը շեշտակի նվազել է: Տվյալ դեպքում բնական հանածոների, այն է՝ պետական հարստության պարտադրված վատնման սովորական օրինակի հետ գործ ունենք:

Հայաստանի արդյունաբերության երկու հիմնական` մշակող արդյունաբերության եւ սննդամթերքի արտադրության ճյուղերում եւս վեց ամսվա արդյունքներով լուրջ անկում է արձանագրվել: Մշակող արդյունաբերության անկումը կազմել է 7,3 տոկոս: Իսկ սննդամթերքի արդյունաբերության ծավալները նվազել են 17,7 տոկոսով: Նման պայմաններում բնական հարց է ծագում. այդ դեպքում ինչի հաշվին է արդյունաբերական արտադրանքի ծավալների գումարային արտահայտության աճ արձանագրվել: Այս խնդիրը լուծվել է ընդամենը մեկ արտադրատեսակի` ադամանդի վերամշակման ծավալների կտրուկ ավելացման շնորհիվ: Բանն այն է, որ անցած տարվա վեց ամիսներին Հայաստանում մշակվել է ընդամենը 21 հազար 670 կարատ ադամանդ: Այս տարվա առաջին կեսին մեր հանրապետությունում մշակվել է 59 հազար 119 կարատ ադամանդ, ինչը անցած տարվա համեմատ 2,7 անգամ ավել է:

Ինչպես հայտնի է՝ ադամանդի հումքը Հայաստան է ներկրվում տարբեր երկրներից, այստեղ այն վերամշակվում է եւ որպես պատրաստի արտադրանք վերադարձվում իր տերերին: Այս տարվա առաջին կեսին Հայաստան է ներկրվել ավելի քան 87 մլն 175 հազար դոլար արժողությամբ անմշակ ադամանդ: Մի խոսքով, ադամանդի վերամշակման ծավալները ավելացնելով՝ հանրությանը փորձում են համոզել, որ արդյունաբերությունն աճել է: Իսկ Հայաստանի բնակչությունն այդպես էլ չի կարողանում պարզել, թե այդ դեպքում ինչու է իր կյանքը օրեցօր վատանում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս