Մի շարք հումորային նախագծերի սցենարիստ-դերասան Գարիկ Սեփխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հիմա «Ֆուլ հաուս» նախագծի հինգերորդ եթերաշրջանի շրջանակում սցենարային աշխատանքներ են տարվում: Դերասանի հետ զրուցել ենք իր կերտած կերպարների առանձնահատկությունների, սիթքոմի ժանրը սերիալային նյուանսներով «համեմելու» հնարքների ու հետագա ծրագրերի մասին:
-Գարի՛կ, նախ մի փոքր պատմեք, թե ինչպե՞ս եք հայտնվել դերասանական ասպարեզում: Դուք Ձեր բուն մասնագիտությամբ՝ հեռուստահաղորդումների եւ փաստագրական ֆիլմերի ռեժիսորությամբ զբաղվե՞լ եք կամ նման ծրագրեր ունե՞ք:
-Ավարտելով հեռուստահաղորդումների եւ փաստագրական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը` ընդունվել եմ աշխատանքի՝ «Արմենիա» Հ/Ը եւ որպես ռեժիսորի օգնական աշխատել եմ նախ «Մի կաթիլ մեղր» հաղորդաշարում, որտեղ, ի դեպ, նույնպես նկարահանվել եմ որպես դերասան: Զուգահեռ գրել եմ սցենարներ: Հետո որպես սցենարիստ աշխատել եմ «Երե1» նախագծում եւ որոշ ժամանակ անց այնտեղ նույնպես նկարահանվել եմ: «Երե1» հաղորդումը նկարահանվել է 10 եթերաշրջան եւ այդ ժամանակահատվածում մենք համերգներով հանդես ենք եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում եւ եվրոպական երկրներում: Այնպես է ստացվել, որ խիտ գրաֆիկի պատճառով չեմ կարողացել բուն մասնագիտությամբ զբաղվել:
-Ձեր կերտած կերպարներից ամենահաջողվածը ո՞րն եք համարում:
-«Երե1» նախագծի շրջանակում խաղացած ոստիկանի կերպարն էր, որ շատ էի սիրում: Ի դեպ, պատահում են դեպքեր, երբ մարդիկ ինձ դիմում են իմ խաղացած կերպարների անուններով (ծիծաղում է):
-«Ֆուլ հաուս» հումորային նախագծի շրջանակներում հանդես եք գալիս նաեւ որպես սցենարիստ: Այս պարագայում դերասանի եւ սցենարիստի գործունեությունը որքանո՞վ են օգնում եւ, գուցե, խանգարում իրար:
-Արդեն երկու տարի է, ինչ որպես դերասան նկարահանվում եմ «Ֆուլ հաուս»-ում: Ինչ վերաբերում է սցենարին, չէի ասի, որ այն գրելը խանգարում է նկարահանմանը: Հակառակը՝ այն օգնում է, որովհետեւ գրելու ժամանակ ինքդ ես ստեղծում տվյալ կերպարին եւ հետագայում ավելի հեշտ է լինում այն մարմնավորելը:
-Կա կարծիք, որ Հայաստանում սիթքոմի ժանրը շատ ավելի մեծ հաջողություն գրանցեց, քան սերիալը: Եթե համաձայն եք, ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:
-Ես չեմ կարծում, որ սիթքոմը ավելի շատ հաջողություն ունի, քան սերիալը: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր հեռուստադիտողը, իր լսարանը: Ավելին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ժողովուրդը սիրում է սերիալներ, մեր հաղորդման մեջ ավելացրել ենք սերիալային նյուանսներ: Այսինքն՝ «Ֆուլ հաուս» նախագծում կան իրավիճակներ, որոնք հաջորդ սերիայում կարող են շարունակվել: Դա հենց սերիալային ձեւաչափ է, որը մենք կարողացել ենք զետեղել մեր սցենարներում:
-Ինչպես հայտնի է՝ «Ֆուլ հաուսը» շարունակական է լինելու: Ռուբենի կերպարը ի՞նչ նոր զարգացումներ է խոստանում: Այս եթերաշրջանում շեշտը ինչի՞ վրա է դրվելու:
-Այո՛, մենք հիմա աշխատում ենք հինգերորդ եթերաշրջանի սցենարի վրա: Դեռ ստույգ նորություններ չկան, աշխատանքային գործընթաց է: Բայց որ այս եթերաշրջանը լի կլինի անակնկալներով, դա հաստատ կարող եմ ասել: Ամեն ինչ անում ենք, որ մեր հեռուստադիտողը գոհ մնա եւ շարունակի հաճույքով դիտել հաղորդումը:
-Ձեր հետագա գործունեությունը կրկին հումորային ժանրի նախագծերի շրջանակներո՞ւմ եք պատկերացնում:
-Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կաշխատեմ հումորային ժանրում, բայց ոչ հումորային սցենարներ գրելու կամ որպես ոչ հումորային դերասան հանդես գալու առիթ չի էլ եղել: Միգուցե, եթե նման առիթ ընձեռվի, դա ավելի լավ ստացվի, չեմ կարող ասել. կյանքը ցույց կտա:
Աննա Բաբաջանյան