ԼՂ խնդրում իրադարձությունները նոր թափ են ստանում. տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, իսկ նպատակը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը նախապատրաստելն է: Նախօրեին նրանք եղել են Բաքվում, իսկ երեկ արդեն համանախագահները Երեւանում էին. հատկանշական է, որ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում համանախագահները հանդիպել են ոչ միայն ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովին ու Էդվարդ Նալբանդյանին, ոչ միայն Իլհամ Ալիեւին ու Սերժ Սարգսյանին, այլեւ երկու երկրների պաշտպանության նախարարներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը ծրագրված է կազմակերպել նոյեմբերին:
Նկատենք, որ Ս. Սարգսյան-Ի. Ալիեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել երկու տարի առաջ. այս ողջ ընթացքում հիմնական շփումները եղել են ՄԽ համանախագահների միջնորդությամբ` ԱԳ նախարարների մակարդակով: Ընդ որում, առաջիկա հանդիպումը լինելու է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո առաջինը: Իսկ սա նշանակում է, որ համանախագահներն ավելի ազատ են կողմերի նկատմամբ որոշակի ճնշումներ կիրառելու հարցում: Համենայնդեպս, այն պատճառաբանությունը, թե «առջեւում ընտրություններ են, եւ ընտրվելու խնդիր ունենք», այլեւս չի գործում. երկու երկրների իշխանությունների «ձեռքերն արդեն ազատ են»: Մյուս կողմից, ե՛ւ Ալիեւը, ե՛ւ Սարգսյանն ունեն լեգիտիմության լուրջ պակաս, ինչը լրացուցիչ լծակ է նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելու, պրոցեսն արագացնելու համար:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. հոկտեմբերի 23-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձեւ, որտեղ անդրադարձ կա նաեւ ԼՂ խնդրին. բանաձեւում մեղադրանք է հնչեցվում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների բռնազավթման վերաբերյալ: Նաեւ նշված է, որ Արեւելյան գործընկերության մեկ պետության կողմից մեկ այլ պետության զավթումը խախտում է Արեւելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները: Այնուհետեւ արձանագրված է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի 1993թ. 822, 853, 874 ու 884 բանաձեւերի եւ 2009թ. հուլիսի 10-ի Լ’Աքվիլայում ամրագրված հայտարարության հիման վրա, ուր խոսվում է ՄԽ Հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների մասին: Նշենք, որ այս ձեւակերպումը եւս նորություն է. նախկինում երբեք ՄԱԿ-ի բանաձեւերը չեն շաղկապվել Մադրիդյան սկզբունքների հետ: Ու հիմա, փաստորեն, Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի է ունենալու նման միջազգային փաստաթղթերում ՀՀ-ն որպես Ադրբեջանի տարածքները բռնազավթած երկիր ճանաչելուց հետո: Նման ձեւակերպումները հազիվ թե որեւէ կերպ հաջողություն բերեն հայկական դիվանագիտությանը: Առավել եւս, որ Ս. Սարգսյանի արտաքին քաղաքական դեգերումներից հետո, երբ միջազգային հանրության մոտ ձեռք բերեց անվստահելի գործընկերոջ համբավ, Հայաստանի դիրքերն արդեն իսկ թուլացել էին:
Մինչ այդ նկատենք, որ համանախագահները Բաքվում եւ Երեւանում հակամարտության կարգավորման վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ են արել: Ամերիկացի Ջեյմս Ուորլիքը Բաքվում «Թրենդ»-ի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն է ստեղծվել, որն ավելի վաղ չկար: ԱՄՆ-ը հավատում է այդ հնարավորությանը»: Իսկ արդեն Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում Ուորլիքը նշել է. «Մենք հուսով ենք, որ Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո բացվում է հնարավորության մի պատուհան, եւ մենք կարող ենք առաջ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերում, ու ԵԱՀԿ Մինսկի խումբը կցանկանար կյանքի կոչել դա»:
Ռուս համանախագահ Իգոր Պոպովն էլ Երեւանում, «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան, նշել է. «Ձեր այն հարցին, թե նախագահներն ինչու են մտադիր հանդիպել, հետեւյալը պատասխանեմ` գիտեք, որ մոտ երկու տարի շփումներն իրականացվում էին արտաքին գործերի նախարարների մակարդակով, մշակվում էին առաջ շարժվելու բազմաթիվ տարբերակներ: Այժմ, մեր կարծիքով, որը սկզբունքորեն կիսում են նաեւ արտգործնախարարները, ժամանակն է հանդիպում անցկացնել բարձր մակարդակով, որպեսզի, այսպես ասած, ճշտենք ժամանակացույցները, հստակեցնենք դիրքորոշումները եւ կողմնորոշվենք, թե հետագայում ինչպես պետք է աշխատենք»:
Փաստորեն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խոսում են արդեն կոնկրետ մոտեցումների մասին: Պատահական չէ, որ ամերիկացի համանախագահը շեշտում է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ առաջ շարժվելու, իսկ ռուս համանախագահը` դիրքորոշումները հստակեցնելու, ժամանակացույցները ճշտելու մասին: Սրան հավելենք նաեւ այն փաստը, որ Մինսկում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկելիս Ս. Սարգսյանի առաջ բարձրացվել է նաեւ ԼՂ հակամարտության հարցը:
Թե որքանով կհաջողվի իրագործել այդ ցանկությունը, ցույց կտա ժամանակը: Բայց որ ԼՂ խնդրում հատկապես Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դեգերումներից հետո չարագուշակ ամպ է կախվել, ակնհայտ է:
ՆՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ