Արցախի հակամարտությունը աստիճանաբար կրկին դառնալու է Հայաստանի քաղաքական թիվ մեկ թեման` հաշվի առնելով «Սասնա ծռերի» ապստամբության ավարտն ու դրանով պայմանավորված` իշխանության հարաբերական հանգստության շրջափուլը: Հատկանշական է, որ օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա, որից օրեր առաջ Պուտինը եղել է Բաքվու : Կասկած չկա, որ քննարկման հիմնական տիրույթում լինելու է հենց ԼՂ հակամարտության լուծման հեռանկարը, որքան էլ թմբկահարվեն երկուստեք հարաբերությունների զարգացման մասին հռչակագրային ձեւակերպումները:
Պուտինի կողմից Արցախի հակամարտության լուծման փորձը, անշուշտ, առաջինը չէ, սակայն նախորդ բոլոր շրջափուլերում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական վերնախավերը, հեշտությամբ ընկալելով ռուսական մտադրությունների ողջ շրջանակը, փոխադարձաբար վիժեցրել են հնարավոր հանգուցալուծումը:
Կարիք չկա կետ առ կետ հիշելու, թե ինչ պայմաններում էր Ռուսաստանը նոր թափ հաղորդում բանակցություններին ու հեշտությամբ էլ նահանջ կատարում: Թերեւս այդպիսի օրինակներից ամենաճչացողը 2011թ. հուլիսին Կազանում կայացած հանդիպումն էր, երբ գործընթացը տապալեց Ադրբեջանը` հիմնական պատճառ ունենալով ռուսական խաղաղապահների տեղակայման խնդիրը: Այնժամ Ադրբեջանը մեկնաբանում էր, որ ռուսական զինվորականության տեղակայումից հետո հարցը այլեւս ռազմական լուծում չի ունենալու եւ թե՛ բուն ԼՂ-ի, թե՛ դեռեւս հայկական զինուժի պաշտպանության ներքո գտնվող Քելբաջարի ու Լաչինի` Ադրբեջանի կազմ վերադառնալու ճանապարհը անվերադարձ կփակվի:
Ադրբեջանական կողմը մտավախություն ուներ, որ ռուսական զինվորականությունը հնարավոր ռազմական առճակատման պարագայում սատարելու է հայկական կողմին` ստիպելով Ադրբեջանին ներքաշվել անհավասար պատերազմի մեջ: Սակայն նման մեկնաբանություններ ադրբեջանցիներն անում էին 2011թ., իսկ ապրիլյան պատերազմից հետո Ալիեւը ստիպված դիմեց Ռուսաստանին՝ վերախաղարկելով լավրովյան մշակումները: Վերջինս, ի դեպ, հաճույքով հիշեց 5 տարի առաջվա ծրագիրը, որին հայկական կողմը տվել էր իր համաձայնությունը: Ապրիլից հետո պարզ դարձավ, որ բնույթով նույն փաթեթին արդեն կողմ է Ադրբեջանը, դեմ` Հայաստանը: Սակայն եթե 2011թ. Ադրբեջանի մերժումը ընկալելի էր բոլորի համար` պայմանավորված հակամարտությունը սառեցված պահելու ռուսական շահագրգռվածությամբ, ապա այսօր Ռուսաստանը Ադրբեջանին գոհացնելու խնդիր ունի:
Կարծիք կա, որ Ռուսաստանն ամեն կերպ ձգտում է Ադրբեջանին մտցնել ԵՏՄ` ցանկանալով վերահսկել վերջինիս նավթագազային պաշարները: Սակայն եթե նկատի ունենանք գազի ու նավթի գործոնի աստիճանական թուլացումը համաշխարհային քաղաքական զարգացումներում, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշարների աստիճանական նվազումը, կարծեք թե Ռուսաստանի համար դա այլեւս գերխնդիր չէ:
Այսօր Ռուսաստանը առավելապես փորձում է տարածաշրջանում պահպանել իր կողմից վերահսկվող կայունությունը կամ էլ նույնիսկ ինչ-որ իմաստով կառավարելի քաոսը: Այդուհանդերձ, ռուսական աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից այդպիսի քաոսը պիտի լինի միանշանակորեն վերահսկելի` տարածաշրջանում ռուսական դիրքերը մազաչափ իսկ չվտանգելու պայմանով: Դեռ ավելին` Ռուսաստանը օգտագործում է Արդբեջանի աշխարհագրական դերակատարությունը Իրանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ` պայմանավորված թե՛ տնտեսական շփումները սերտացնելու նկրտումով, թե՛ ձգտելով անմիջական մասնակցություն ունենալ Իրանի` Անդրկովկասի վրայով Եվրոպայի հետ կապվելու հարցում եւ, որ ամենակարեւորն է, տարածաշրջանում խաղի փոխադարձ կանոններ հաստատելու ու Արեւմուտքին դրանից դուրս թողնելու առաքելությամբ:
Գրեթե նույն առաջնահերթություններն են նաեւ ընկած ռուս-թուրքական համագործակցության հիմքում, որտեղ Թուրքիան ավելի շահագրգռված է դեպի արեւելք ձգվելու հարցում, հատկապես որ արեւմուտքից քանիցս ծանր ապտակներ ստացավ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի քաղաքական համակարգերը թերզարգացած են, ժամանակակից համաշխարհային տեմպերին անհաղորդ եւ ոչ մրցունակ: Իսկ նման համակարգերի դեմ ԱՄՆ-ն ունի բավականին հաջող դեղատոմս, ինչը փորձարկվել է ԽՍՀՄ-ը փլուզելիս, գունավոր հեղափոխությունների ժամանակ եւ արաբական գարնան օրերին: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը տարածաշրջանում ձգտելու է օր առաջ գոհացնել բոլորին, իսկ Ադրբեջանին գոհացնելը հանարվոր է, թերեւս, միայն Արցախի հարցի լուծմամբ:
Թյուր տպավորություն է ստեղծվում, երբ ասում ենք, որ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Արցախի հարցի լուծմանը, քանզի Լավրովի պլանով հարցը իրականում չի լուծվելու: Հենց այդ նպատակն էլ հետապնդում է ռուսական խաղը. ոչ թե լուծել Արցախի հակամարտությունը, այլ բավարարելով Ադրբեջանի ախորժակը՝ բոլոր շահագրգիռ պետությունների հետ խուսափել քաոսից: Կարճաժամկետ կտրվածքով դա հնարավոր է 2-5 շրջան ադրբեջանական վերահսկողության տակ վերադարձնելու միջոցով: Ռուսաստանի վերնախավը չի կարող հաշվի չառնել հարյուր տարի առաջ իր գաղափարական հոգեհայր Ստալինի` «բաժանիր եւ տիրիր» քաղաքականության արդյունավետությունը: Ռուսաստանը, ստիպելով Սերժ Սարգսյանին հրաժարվել 2-5 շրջաններից, մեկ շրջափուլի կտրվածքով ապահովելու է Ադրբեջանի տեղը իր առանցքում` միաժամանակ թեժ պահելով ԼՂ հարցի լուծման բոլոր տարբերակները:
Ի վերջո, ո՛չ Արցախն է վերջնականապես վերադարձվելու Ադրեբջանին, ո՛չ էլ անկախությունն է ճանաչվելու: Ռուսական միջանկյալ լուծմամբ Հայաստանը հնարավորություն կստանա որոշ ժամանակով օգտվելու ապաշրջափակման վայելքից, իսկ Ադրբեջանը կվերադարձնի «կորսված հողերի» մի մասը: Երկու կողմն էլ, ըստ ռուսական հաշվարկի, գոհ կմնա: Սակայն ամենահաջող դիրքում կհայտնվի, անշուշտ, Ռուսաստանը, որը Անդրկովկասը հերթական անգամ կներառի իր անվտանգության համակարգում, ինչը զգալիորեն մաշվեց հատկապես Ուկրաինայի ճգնաժամի հաշվին: Միաժամանակ Ռուսաստանը, լիովին չլուծելով Արցախի հակամարտությունը, կշարունակի իր լծի տակ պահել թե՛ Արդբեջանը, թե՛ Հայաստանը` երկուսին էլ խոստանալով Արցախը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ