ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին այդ երկրի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը: Պատասխանելով «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Օգանի հարցին, թե արդյոք Հայաստանն ու Թուրքիան կապող երկաթգծի վրա իրականացվող վերակառուցման աշխատանքները պայմանավորված են առաջիկայում հայ-թուրքական սահմանը բացելու մտադրությամբ, Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Այո՛, այդպիսի աշխատանքներ ենք անում: Եթե կարողանանք Ադրբեջանին համոզել, անակնկալ կարող ենք անել: Հայաստանի հետ սահմանի վրա աշխատանքներ են իրականացվում, եւ 2015 թվականին ուղղված մեր աշխատանքներն էլ շարունակվում են: Մեր պահանջն այն է, որ Ղարաբաղից դուրս գան: Եթե այդ խնդրում գրանցվի առաջընթաց, ապա կբացվի ե՛ւ սահմանը, ե՛ւ երկաթգիծը»: Իհարկե, Դավութօղլուն կրկին շեշտել է, թե ցանկանում են դա անել Ադրբեջանի հետ միասին, եւ որ այդ հարցը առաջիկայում Ադրբեջան կատարելիք նրա այցի գլխավոր թեմաներից մեկն է լինելու: Այս հայտարարությունը բավականին անսպասելի կարելի է համարել` հաշվի առնելով այն, որ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները վաղուց արդեն փառակալել էին թուրք իշխանավորների գզրոցներում, իսկ այդ երկրի նախագահ Աբդուլլա Գյուլն էլ բացահայտ հայտարարել էր, թե հայ-թուրքական հարաբերություններն այնքան են սառել, որ դրանք այլեւս հնարավոր չէ հալեցնել: Սակայն 2015-ին ընդառաջ՝ թուրքական իշխանությունները կարծես թե պատրաստվում են վերսկսել հարաբերությունների բարելավման ուղղությամբ առնվազն իմիտատիվ քայլերը: Թեեւ ի տարբերություն արձանագրությունների ստորագրմանը նախորդած շրջանի, Դավութօղլուի այս հայտարարությունում բացահայտ նշվում է Ղարաբաղի հարցը` որպես նախապայման, այդուհանդերձ «Ադրբեջանին համոզելու» ձեւակերպումը բավականին ուշագրավ է: Ինչ խոսք, չի բացառվում, որ դա ընդամենը թուրքական «խորամանկ աղվեսի» դիվանագիտական հնարքն է, որի տակ ոչինչ էլ թաքնված չէ: Սակայն հարցն այն է, որ թուրքական կողմն իրոք բավականին մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ է կատարում սահմանի վրա, եւ առողջ տրամաբանությունը հուշում է, որ դա արվում է սահմանը բացելու հեռանկարով: Արդյոք Դավութօղլուի այս հայտարարությունն ընդամենը միջազգային հանրության առջեւ Թուրքիայի` հարեւան Հայաստանի նկատմամբ «բարի մտադրությունների» դրսեւորման փորձ էր, թե Ղարաբաղի շուրջ ակնկալվող լուրջ գործընթացների նախապատրաստություն, դժվար է ասել: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ երկամյա դադարից հետո այս ամսվա ընթացքում նախատեսվում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերջին այցի ընթացքում ներկայացված նոր փաստաթուղթը, չի բացառվում, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունն ավելին է, քան մտածում ենք:




Լրահոս