ԱՇԽԱՐՀՈՒՄ ՊԵՏՔ Է ԹԵՎԱԾԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հին Հունաստանում օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ մասնակից երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել մրցավայր գալ ու  վերադառնալ անվտանգ՝ անգամ եթե այդ երկրները եղել են միմյանց հետ պատերազմի մեջ: Բարի ավանդույթը Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) վերականգնեց 1992թ.: 1 տարի անց այն ստացավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) աջակցությունը: 2 տարին մեկ անգամ՝ ձմեռային եւ ամառային օլիմպիական խաղերից առաջ, կազմակերպիչ երկիրը ներկայացնում է բանաձեւի իր տեքստը, որն ընդհանրապես բովանդակում է սպորտի միջոցով  մոլորակի վրա երջանիկ կյանքի հաստատումը եւ խաղաղության  ամրապնդումը:
ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի է ունեցել կազմակերպության  68-րդ  գլխավոր համաժողովը: Օրակարգի հիմնական թեման Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հաշտության բանաձեւի  ընդունումն էր, ըստ որի` համաշխարհային գլխավոր մարզահանդեսից 7 օր առաջ եւ հետո աշխարհում պետք է թեւածի խաղաղությունը: Փաստաթուղթը, որին համահեղինակ է դարձել 70 երկիր, պատրաստել են ռուսական եւ հունական կողմերը։ «Սոչի-2014»-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն իր ելույթում նշել է, որ Ռուսաստանը սիրով կընդունի բոլոր հյուրերին եւ մասնակիցներին: Ճանաչված մարզիկներն ու մասնագետները հատուկ պատրաստված հաշտության պատերի վրա կարող են գրել խաղաղության մասին իրենց ցանկությունները: ՄՕԿ-ի նորընտիր նախագահ Թոմաս Բախն իր ելույթում շեշտել է, որ ՄՕԿ-ը դեմ է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու բոլոր կոչերին, քանի որ դրանք հակասում են սպորտի բարոյական ոգուն, աշխարհի խաղաղությանը եւ մարզական համագործակցությանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ որոշ եվրոպական երկրների մի քանի քաղաքական շրջանակներ Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչեր են հնչեցնում։

 Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս