Հայկական տոմատ՝ դրսից բերած լոլիկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում տոմատի մածուկի արտադրության ծավալները 57.8 տոկոսով ավելացել են: Սակայն ՀՀ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը համոզված է, որ տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները ոչ թե տեղական լոլիկն են մթերել եւ տոմատի մածուկ արտադրել, այլ այն ներկրել են այլ երկրներից:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ պահածոների արտադրության ծավալները այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 46.1 տոկոսով:

Օրինակ՝ մսի պահածոյի արտադրության ծավալները 2.3 անգամ ավելացել են, իսկ մսաբուսական պահածոների արտադրության ծավալները 86.5 տոկոսով են աճել, ձկան պահածոները 6.8 անգամ են աճել, բանջարեղենինը՝ 59 տոկոսով, տոմատինը՝ 57.8 տոկոսով, մրգինը՝ 21.3 տոկոսով, չորացրած մրգերինը՝ 95.5 տոկոսով: Ի դեպ, կետչուպի արտադրության ծավալները նույնպես աճել են՝ 82.8 տոկոսով:

«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով տոմատի պահածոների եւ կետչուպի արտադրության ծավալների աճին, հայտարարեց, որ դեռ վաղ է խոսել, թե որքան արտադրանք կունենանք տարեվերջին, քանի որ լոլիկի մթերումը նոր է սկսվել:

«Թե լոլիկի եւ տոմատի պահածոների ինչ ծավալներ կունենանք, այս պահին վաղ է խոսել: Նախորդ տարվա համեմատ ներքին շուկայում լոլիկի գները մնացել են նույնը. այսօր լոլիկի 1 կգ վաճառվում է 200 դրամ, գները չեն իջնում: Եւ այս ֆոնին դեռ ո՞վ է խոսում, որ մենք տոմատի մածուկի հզոր արտադրություն կարող ենք ունենալ: Եթե այսօր շուկայում լոլիկը վաճառվում է 1 կգ-ն 200 դրամով, ի՞նչ եք կարծում՝ ինչպես կարող է գյուղացին իր լոլիկը 30 դրամով վերամշակող ընկերություններին վաճառել»,- նկատեց Բերբերյանը:

Մասնագետի խոսքերով՝ պետք է նաեւ ուսումնասիրել, թե Հայաստան որտեղի՞ց է տոմատի մածուկ ներմուծվում եւ այն որտեղ է փաթեթավորվում: Սրանք հարցեր են, որոնք դեռ հստակ պատասխան չունեն: «Չէ որ մեր հանրապետությունում վերջին երեք տարիների ընթացքում լոլիկի արտադրության խնդիր կա: «Մորմազգիների ցեց» հիվանդությունն է տարածված, որը վնասում է լոլիկի, ինչպես նաեւ պղպեղի, սմբուկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները:

Սակայն հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ էական աշխատանքներ չեն տարվում: Մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը պետք է ավիացիոն պայքար սկսեր»,- նշեց Բերբերյանը: Զրույցի ընթացքում նա հավաստիացրեց, որ մանր փաթեթավորումով տոմատ Հայաստան չի ներկրվում, այլ տոննայով, որն էլ փաթեթավորվում է ավելի մանր տարաների մեջ:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն եւ հետաքրքրվեց, թե նախորդ եւ այս տարիներին որքան տոմատի մածուկ է ներմուծվել Հայաստան: Պարզվեց, որ Հայաստանը տոմատի մածուկ ներմուծում է Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Հունաստանից, Լեհաստանից եւ այս տարվա օգոստոսի 9-ի դրությամբ ներմուծվել է 73017 կգ տոմատի մածուկ:

Մինչդեռ նախորդ տարվա ընթացքում Հայաստան ներմուծվել է ընդամենը 387 հազար 206 կգ տոմատի մածուկ: Նշենք, որ այս տարվա օգոստոսի 9-ի դրությամբ Ռուսաստանից ներմուծվել է 68 հազար 592 կգ, իսկ նախորդ տարի՝ 109 հազար 233 կգ տոմատի մածուկ: Վերոնշյալ ժամանակահատվածում Իտալիայից ներմուծվել է 2438 կգ, իսկ նախորդ տարի՝ 4212կգ տոմատի մածուկ: Հունաստանից այս տարվա օգոստոսի 9-ի դրությամբ ներմուծվել է 1189 կգ, իսկ նախորդ տարի՝ 399 կգ տոմատի մածուկ: Նշված ժամանակահատվածում Լեհաստանից ներմուծվել է 798 կգ տոմատի մածուկ: Հավելենք, որ նախորդ տարի Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվել է 273 հազար 362 կգ տոմատի մածուկ, իսկ այս տարի դեռ չի ներմուծվել:

ՍԱՊԾ-ի տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ներմուծված տոմատի մածուկով հնարավոր չէ բավարարել ներքին շուկան: Թեեւ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը պնդում է, որ գյուղացին չէր կարող 30 դրամով իր լոլիկը վաճառել վերամշակող ընկերություններին, սակայն նկատենք, որ նախորդ տարի Արմավիրի մարզի մեծ թվով գյուղացիներ հենց այդպես էլ վարվեցին:

Քանի որ այլ ելք չունեին եւ չէին կարողանում բարձր գնով իրացնել իրենց արտադրանքը եւ ստիպված «ջրի գնով» այն վաճառում էին մթերող ընկերություններին: Պարզվում է, որ ԱՎԾ-ի հունվար-հունիս ամիսներին արձանագրած տոմատի մածուկի արտադրության ծավալների աճը ստացվել է հենց նախորդ տարվա մթերած լոլիկից:

Այս ամենից հետո տոմատի պահածոյի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին այժմ մեկ հարց է մտահոգում՝ ինչպես են սպառելու իրենց արտադրանքը, այն դեպքում, երբ այդ ապրանքն ամենասպառվողներից է:
Այս թեմայի շուրջ ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ արտաքին առեւտրի առումով արտահանումը սկսել է աճել, քանի որ Ռուսաստանի շուկան նորից սկսել է կլանել հայկական ալկոհոլային խմիչքներ, պահածոներ:

«Ճիշտ է պահածոյագործներ կան, որոնք 1/3 հզորությամբ են աշխատում, բայց բոլոր դեպքերում թեկուզ այդ քանակներով իրենք շարունակում են արտահանել: Արտահանող ընկերություններ կան, որոնք նաեւ դեպի Եվրոպա, ԱՄՆ եւ այլ երկրներ են սկսել արտահանել: Օրինակ՝ հատկապես ձկնային մթերքի՝ վերամշակված ձկան պահածոյի ոլորտում քանակները քանի գնում, աճում են»,- ներկայացրեց Մակարյանը:

Նրա ներկայացմամբ՝ չրագործության, պահածոների, մետաղական փոշիների, քիմիկատների ոլորտում Հայաստանում բացվում են մի շարք փոքր եւ միջին ձեռնարկություններ: «Այսինքն՝ կան ներդրումներ, նախագծեր, որոնք զուտ հայկական են եւ ունեն միայն կանադացի կամ ամերիկացի գործընկերներ: Կան այդպիսի տեղաշարժեր եւ զբաղվածության տեմպերը մի քիչ կավելանան»,- եզրափակեց Մակարյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս