Սերժ Սարգսյանն իր գործընկերոջը հասկացնել տվեց, որ այժմ Հայաստանում տարածքների վերադարձի հարցը բարձրացնելը ռիսկային է. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպման և Լեռնային Ղարաբաղի շուրջ հետագա հնարավոր զարգացումների մասին ArmLur.am-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովըի հետ:

-Պարո՛ն Դուբնով, նախագահների երեկվա հանդիպումը կարո՞ղ է որևէ բեկումնային նշանակություն ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում:

– Երեկվա հանդիպման ընթացքում ոչ մի նոր բան չեղավ: Այդ հանդիպումներն ուղղակի նպատակ են հետապնդում ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել, որ Երևանում տեղի ունեցած իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներում: Սա յուրովի ազդակ է, որ Սերժ Սարգսյանը բավարար կերպով վերահսկում է իրավիճակը: Եվ շատ կարևոր էր այդ ամենի ցուցադրության կազմակերպումը հենց Մոսկվայում:

-Այդ հանդիպումից օրեր առաջ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ: Ինչո՞ւ այս բոլոր հանդիպումները հենց հիմա տեղի ունեցան, կարո՞ղ ենք որևէ կապ տեսնել:

– Ոչ, ես չեմ կարծում, որ այդ հանդիպումները կապված են միմյանց հետ: Իրականում, ես կարծում եմ, որ Մոսկվային հետաքրքրում էր, թե Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ինչպիսին է Սերժ Սարգսյանի վիճակը: Եվ ես կարծում եմ, որ հենց դրա համար էլ երկու երկրների ղեկավարները հանդիպեցին: Իմ կարծիքով, Պուտինը Սարգսյանին որոշ դրվագներ է ներկայացրել Էրդողանի հետ հանդիպումից, բայց չեմ կարծում, որ այդ հանդիպման ժամանակ այնպիսի բաներ են եղել, որոնք չիմանալու դեպքում Հայաստանի ղեկավարությունը կարող էր իրեն անհարմար զգալ:

-Հայաստանում ակտիվորեն քննարկում են այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինը հարկ համարեց անձամբ գնալ Ադրբեջան, բայց Հայաստան չեկավ, այլ Սարգսյանին կանչեց իր մոտ: Արդյոք սա դաշնակցի ճի՞շտ գործելակերպ է:

– Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ, բնականաբար, Ադրբեջանը Ռուսաստանի համար առավել կարևոր է, քան Հայաստանը: Ադրբեջանն ունի այլընտրանք, իսկ Հայաստանը՝ ոչ: Այստեղ Մոսկվան կարող է իրեն թույլ տալ Սարգսյանին կանչել իր մոտ:

– Իսկ ինչո՞ւ է հենց հիմա ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում նկատվում:

– Ես չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունները կարող են առաջվա պես լինել, քանի որ Մոսկվայի և Անկարայի միջև շատ հակասություններ կան: Այստեղ ուղղակի կարևոր էր ցույց տալ երկու երկրների առաջնորդների երկխոսություն, սակայն ես չեմ կարծում, որ Էրդողանը կարող է երկար ժամանակ այլ քաղաքականություն վարել Մոսկվայի հետ: Հիմա ուղղակի իրավիճակն այնպիսին է, որ Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ իրենք գործընկերներ են, և դա բացատրում եմ Ղրիմում և Ուկրաինայում իրավիճակի սրացմամբ:

– Իսկ մոտ ժամանակներս Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում տեսնո՞ւմ եք: Եվ արդյոք երեկ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի առջև տարածքներ վերադարձնելու հարց դրե՞լ է:

– Ես մոտ ժամանակներս այս կոնֆլիկտի լուծումը չեմ տեսնում և չեմ կարծում, թե դա հնարավոր է: Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահը երեկ իր գործընկերոջը հասկացնել տվեց, որ այժմ Հայաստանում տարածքների վերադարձի հարցը բարձրացնելը ռիսկային է և հենց անձամբ Սարգսյանի իշխանության համար: Իսկ Ռուսաստանին էլ, կարծում եմ, դեռևս ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանություն փոխվի: Ես չեմ կարծում եմ, որ այլ իշխանությունը ՌԴ-ին ավելի ձեռնտու կլինի:

– Այսինքն, հիմա Պուտինը չի՞ ցանկանում, որ տարածքները վերադարձվեն:

– Ոչ, Պուտինը շատ է ցանկանում դա, բայց այժմ դա իր ուժերից վեր է: Նա շատ է ցանկանում, բայց եթե Մոկսվան այժմ սկսի ճնշել, նա կստանա ճգնաժամ Հայաստանում, որը ձեռնտու չէ: Սակայն տարածքներ չզիջելը չի խանգարի Ադրբեջանի հետ հարաբերություններին, քանի որ չեմ կարծում, թե նրանք լրջորեն մտածում են, որ ՌԴ-ն կարող է ստիպել Հայաստանին վերադարձնել տարածքները:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս