ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԴԵՊՔԵՐԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի եւ մի խումբ քաղաքացիների կողմից անկարգությունների հետեւանքով արդեն 14 հոգու նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է կալանքը:
«Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնք նոյեմբերի 5-ին հեղափոխության սիմվոլ համարվող Գայ Ֆոքսի դիմակներով Շ. Հարությունյանի հետ «Անոնիմուս»-ի երթի դուրս եկան` բենզինի շշերով, պայթուցիկներով, բահի պոչերով: Ի սկզբանե կարող ենք ասել, որ քաղաքականացված դեմքեր կալանավորվածների մեջ չկան: Նրանցից մեկ-երկուսի անունն է, որ հայտնի է հանրությանը, իսկ մնացածը պարզապես ՀՀ քաղաքացիներ են, որոնց համբերության բաժակը լցվել էր, եւ պատրաստ էին ինքնազոհաբերության գնով հեղափոխություն անել: Թեեւ կարծես թե կալանավորվածների մեջ անցորդներ ու իրադարձությանը ուշ միացածներ էլ կան
Երկօրյա ջանքերից հետո «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե ովքեր են այսօր գտնվում կալանքի տակ եւ մեղադրվում ՀՀ քր. օր.-ի 316-րդ հոդվ. 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որը պատժվում է առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, եւ նույն հոդվածի 2-րդ մասով` նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Եվ այսպես.
Շանթ Հարությունյան. «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ (տեղեկություններ կան, որ կուսակցությունը վաղուց իրավաբանորեն չի գործում): Ապրում է Երեւան քաղաքում, մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո նա կալանավորվեց եւ 7-ի գործով քաղբանտարկյալների շարքում էր: Սակայն 1965թ. ծնված Հարությունյանին դատական գործընթացի կեսից ուղարկեցին հարկադիր բուժման, ապա ազատ արձակվեց:
Սեւակ Մնացականյան. 25 տարեկան երիտասարդ է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հրազդան քաղաքի բնակիչ է, սակայն Երեւանի թիվ 148 դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է:
Մկրտիչ Հովհաննիսյան. ընդամենը 18 տարեկան է: Ապրում է Արարատի մարզի Ավշար գյուղում: Դատելով նրա տարիքից՝ պետք է արդեն զորակոչվի բանակ, սակայն տարվել է քաղաքականությամբ, քանի որ աշխատանք ու հիմնական զբաղմունք չունի:
Ավետիս Ավետիսյան. 25 տարեկան է, Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ: Նա թեեւ ունի բարձրագույն կրթություն, սակայն չի աշխատում, հիմնական զբաղմունք չունի:
Վարդան Վարդանյան. ապրում է Նուբարաշեն վարչական շրջանում: Թոշակի գնացած նախկին զինվորական է, փոխգնդապետ: Վարդանյանն ազատամարտիկ է՝ ծնված 1965թ.:
Միսակ Առաքելյան. ծնվել է 1965թ., ապրում է Մասիս քաղաքում: Փականագործ է աշխատում է քաղաքում գտնվող «ԻՎՏ» ՓԲԸ-ում:
Անուշավան Գրիգորյան. ծնվել է 1980թ.: Ծնունդով Ադրբեջանի Բաքու քաղաքից է: Այժմ ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ չի աշխատում:
Ալբերտ Մարգարյան. ծնվել է դարձյալ 1965թ., ունի միջնակարգ կրթություն, ապրում է Մասիս քաղաքում: Աշխատանք չունի:
Արմեն Հովհաննիսյան. Հաշվառված է Քաշաթաղի շրջանի Բերդձոր քաղաքում: Հայտնի է միայն, որ ունի բարձրագույն կրթություն եւ ծնվել է 1975թ.:
Լիպարիտ Պետրոսյան. նույնպես ծնվել է 1965թ.: Երեւանցի է, ունի միջնակարգ կրթություն, սակայն չի աշխատում: Ապրում է Երեւանի Նար-Դոսի փողոցում:
Հայկ Հարությունյան. ապրում է Երեւան քաղաքում: Մասնագիտությամբ կենսաբան է, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ: 40 տարեկան է, գործազուրկ:
Դավիթ Մկրտչյան. ապրում է Երեւան քաղաքում, ծնվել է 1972թ., ունի միջնակարգ կրթություն, չունի աշխատանք եւ հիմնական զբաղմունք:
Ալեք Պողոսյան. թեեւ գրանցված է Կապան քաղաքում, սակայն մեզ հայտնի դարձավ, որ այժմ վարձով է ապրում Խարբերդ քաղաքում: Ալեքը 43 տարեկան է, ունի կրթություն, սակայն ոչ մի տեղ չի աշխատում:
Տիգրան Պետրոսյան. աշխատում է «Բիզնես Fm» ռադիոկայանում որպես մոդերատոր: 35-ամյա Տիգրանն ապրում է Երեւանում:
Նկատենք, որ ցանկում թվարկված որոշ կալանավորներ ծնվել են 1965թ., եւ դատելով նրանից, որ Շանթ Հարությունյանը եւս 1965թ.-ին է ծնվել, կարելի է ենթադրել, որ նրանք ուսանողական կամ դպրոցական տարիքի ընկերներ են, գաղափարակիցներ: Իսկ մնացած կալանավորվածները հիմնականում երիտասարդներ են, որոնք չեն աշխատում եւ այսօր ապրելու խնդիր ունեն: Ըստ երեւույթին դա է պատճառը, որ գնացել են այդպիսի ծայրահեղ քայլի:
Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց ոստիկանությունից պարզել, թե արդյոք վերը թվարկված քաղաքացիների մեջ կան այնպիսիք, որոնք ընդունել են իրենց մեղքը, զղջացել կատարած արարքի համար, մեզ հստակ պատասխան չտվեցին՝ նշելով, թե նախաքննություն է ընթանում, ինչը նշանակում է գաղտնիություն:




Լրահոս