ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԽԱՂԱՏԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ 70 ՄԼՆ ԵՎՐՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի` կազինոներում խաղալու մասին խոսակցությունները վերստին թարմացան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավար Զարուհի Փոստանջյանի` Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած հայտնի հարցից հետո: Մինչ օրս էլ այդ կապակցությամբ շրջանառվում են ամենատարբեր տեսակետներ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում PR-ի բավականաչափ փորձառու մի մասնագետ խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել այդ հարցադրման նրբություններին, մասնավորապես հնչեցված անհավանական` 70 միլիոն եվրո թվին, որը, նրա գնահատմամբ, պարզապես անլրջացրեց ողջ հարցը: Արդյո՞ք դա արված էր միտումնավոր, թե՞ իրականում 70 միլիոնը խաղատանը պարտվելու միանգամայն հավանական թիվ է Հայաստանի նման երկրի ղեկավարի համար. այս հարցերին դժվար է միարժեք պատասխանել, քանի որ կազինոներում շահումների կամ տանուլ տրվող գումարների մասին տեղեկատվությունը  միշտ չէ, որ հրապարակվում է: Այդուհանդերձ, մենք որոշեցինք ուսումնասիրել, թե որոնք են Եվրոպայի ամենաերեւելի խաղատները, միջազգային քաղաքական շրջանակներում ինչպիսին է դրանց հանդեպ վերաբերմունքը,  եւ, ի վերջո, արդյոք հնարավոր է այդքան մեծ գումար պարտվել:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Եվրոպայի լավագույն խաղատունը համարվում է Իսպանիայում գտնվող «Lopeso Costa Melonares-ը», որը ստացել է «2013թ. Եվրոպայի լավագույն կազինո-համալիր» մրցանակը: Այդ մրցանակի հավակնորդների թվում են՝ Ֆրանսիայի «Evian Resort»-ը, Շվեյցարիայի «Kempinski Grand Hotel des Bains St. Moritz»-ը, Խորվաթիայի «Le Meridien Lav, Split»-ը: Հարկ է հիշատակել նաեւ Գերմանիայի ամենագեղեցիկ ու հին կազինոն՝ «Casino Baden-Baden»-ը եւ «Casino Monte Carlo»-ն, որտեղ, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, հաճախ են սիրում իրենց ժամանակն անցկացնել Հայաստանի իշխանական եւ գործարար էլիտայի  ներկայացուցիչները:  Պակաս  հանրահայտ չեն եվրոպական պոկերի կենտրոնատեղի «Casino Barcelona»-ն եւ  Լոնդոնի «The Clermont Club»-ը:
Ընդգծենք, որ արեւմտյան քաղաքակրթությունում մարդկանց՝ խաղատուն հաճախելու մասին տեղեկությունները հիմնականում փակ տիրույթում են: «Կազինոյում խաղալը մարդու անձնական ազատության հատկանիշ է: Որեւէ մեկը չի կարող մարդուն հրահանգել ինչ անել կամ ինչ չանել սեփական գումարների հետ: Ի վերջո, մարդիկ պետք է հնարավորություն ունենան ազատորեն կազինո գնալու եւ սեփական գումարն ըստ ցանկության ծախսելու»,-ահա այսպիսին է եվրոպացի իրավապաշտպանների մեծ մասի տեսակետը խնդրի շուրջ: Հետեւաբար Եվրոպայի նույնիսկ բարձրաստիճան քաղաքական գործիչների՝ խաղատուն հաճախելն ու գումարներ վատնել-վաստակելը որեւէ արտառոց բան իրենից չի ենթադրում: Այդուհանդերձ, հարկ է հիշել, որ մի քանի ամիս առաջ Ֆրանսիայում կազինոների հետ կապված քաղաքական մեծ սկանդալ էր բարձրացել: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորեն Ֆաբիուսի որդին խաղատանը պարտվել էր 700.000 եվրո, որը, սակայն, կազինոյի տերերի կողմից համարվել էր մարված: Եվ ահա ֆրանսիական լրատվամիջոցները ոչ թե բորբոքվել էին, թե ինչու է պաշտոնյայի որդին կազինո հաճախում, այլ զարմացել էին տերերի նման որոշումից եւ կասկած հայտնել, թե «քաղաքական կեղտոտ պայմանավորվածություն» է տեղի ունեցել:
 Ի դեպ, մի քանի օր առաջ անգլիական լրատվամիջոցներում մի հետաքրքիր ուսումնասիրություն հայտնվեց, որի համաձայն՝ անգլիացի պատգամավորները ինտերնետային կազինոներ են այցելում հենց խորհրդարանում գտնվելու ժամանակ: Պարզվում է, որ խորհրդարանի համակարգիչներից տարվա ընթացքում առցանց կազինոների 700.000 մուտք է եղել:
Խաղատներ այցելելուց եւ դրանք անգամ քաղաքական շահի համար օգտագործելուց չեն խորշում նույնիսկ ամերիկացի քաղաքական գործիչները: Այսպես, Նյու Յորքի Ներկայացուցչական մարմնի անդամ Կարմեն Արոյոն, հրապարակայնորեն բացատրելով «օդից հայտնված» 30.000 ԱՄՆ դոլարի ծագումը, պնդում էր, որ այն շահել է կազինոյում: Մեր ընկալմամբ` տիպիկ խաղամոլի կերպար է նաեւ Սան Դիեգոյի քաղաքապետ Մորեն Օ’Քոննըրը, որն իր կյանքի ընթացքում 1 մլրդ ԱՄՆ դոլար է տանուլ տվել կազինոներում: Ըստ տարբեր լուրերի՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն Մաք Քեյնը եւս կախվածություն ունի զառ (game of craps) խաղալուց: Ամերիկյան «Թայմ» հանդեսի տվյալներով՝ Մաք Քեյնը խաղում էր Լաս Վեգասի եւ ամերիկյան տարբեր այլ կազինոներում եւ բարձր խաղադրույքների սիրահարի համբավ վայելում:
Հատկանշական է, սակայն, որ մեկ օրում վիթխարի գումարներ տանուլ տալը խաղատներում ընդունված պրակտիկա չէ. նման բան առավելապես հնարավոր է մի քանի օր շարունակ խաղալու դեպքում: Ներկայացնում ենք աշխարհի տարբեր կազինոներում տանուլ տրված ամենամեծ գումարների մասին հրապարակված տեղեկատվությունը. չինացի Զհեն Յը Գոնը համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ պարտությունը կրած խաղացողը, որը խիստ կարճ ժամանակամիջոցում տանուլ է տվել 125 մլն ԱՄՆ դոլար: Հայտնի բիզնեսմեն Քերրի Բեքերը 1999թ. Լոնդոնում 3 շաբաթվա ընթացքում կորցրել է 28 մլն ԱՄՆ դոլար: Հույն Ֆրենկ Սարակակիսը 1994թ. ընթացքում 16 մլն դոլար է վատնել՝ «ռուլետկա» խաղալով: Չինացի Թերրի Վատանաբեն 205 մլն դոլար է պարտվել մեկ տարվա ընթացքում: Ավստրալացի մեդիա մագնատ Քերրի Փեքերը, 3 շաբաթում Լոնդոնում կորցնելով 20 մլն ֆունտ ստեռլինգ, մտել է մեկ այլ կազինո եւ 4 ռուլետկայի հերթում խաղատանը «նվիրաբերել» 15 մլն ֆունտ ստեռլինգ:
Դե իսկ հարեւան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` թուրքական կազինոներում տանուլ տված տասնյակ միլիոնների իրողությունը թեեւ ժամանակին մի լավ թմբկահարվեց, սակայն նրա` իշխանության գալուց հետո այդ թեման վերջնականապես փակվեց` «ադրբեջանական ժողովրդավարության լավագույն ավանդույթների համաձայն»:
Ամփոփելով` հավելենք, որ հանրային շրջանակներում հայտնի է՝ Սերժ Սարգսյանը նախապատվությունը հատկապես տալիս է Բադեն-Բադենին: Իսկ եթե հաշվի ենք առնում այն, որ ՀՀԿ առաջնորդը սովորաբար իր արձակուրդներն անցկացնում է Եվրոպայում (կոնկրետ վայրը չի հրապարակվում), ապա միանգամայն հնարավոր է, որ նրա` տանուլ տված կամ շահած գումարների մասին տեղեկատվությունը հենց վերը նշված գերմանական ամենահին կազինոյի` «Casino Baden-Baden»-ի տիրապետման ներքո է:
Հ.Գ. Չմոռանանք նշել, որ ինքը` Սերժ Սարգսյանը, Ստրասբուրգում հայտարարեց, որ երբեք կազինո չի հաճախում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս