ԻՍԿ ԿԻՆՈՆԿԱՐԸ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ.-ին`  Ցեղասպանության 100-րդ տարելիցին, քիչ ժամանակ է մնացել, սակայն Եղեռնի մասին կինոնկարի նկարահանման վերաբերյալ խոսք չկա։
Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, դեռեւս ամռանը՝ «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի ընթացքում, տեղի են ունեցել մրցույթին ներկայացված գեղարվեստական, անիմացիոն, վավերագրական կինոնկարների քննարկումներ, ընտրվել են որոշ նախագծային փաթեթներ… Այդ ամենին «Ժողովուրդ»-ը ժամանակին անդրադարձել է, սակայն այսօր էլ դեռեւս պարզ չէ, թե որ կինոնկարը կամ կինոնկարներն են ընտրվել, դրանց նկարահանման համար որքան գումար է հատկացվելու պետական բյուջեից, ինչ դերակատարում են ունենալու այդ ամենում հովանավորները: Բացի այդ` պետք է գոնե կինոյին մի քիչ մոտ կանգնած մարդիկ էլ իմանան, թե ինչ եւ ինչու է նկարահանվում։ Հետո չպարզվի, որ սերիալներից չտարբերվող մի անճաշակ կինոնկար է մեզ ու միջազգային հանրությանը մատուցվելու, որը կարող է բոլորովին հակառակ արդյունքն ունենալ։
Հերթական անգամ կինոնկարի շուրջ մանրամասներ պարզելու համար դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղից մեզ խորհուրդ տվեցին դիմել Ազգային կինոկենտրոն: Այնտեղ դիմելով էլ, սակայն, պարզեցինք, որ դեռեւս ոչինչ հստակ չէ։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ մեր համապատասխան կառույցները ֆիլմի շուրջ աշխատանքը տանում են գաղտնիության պայմաններում, որպեսզի մեր հարեւան թուրքերն ու նրանց փոքր եղբայր ազերիները տեղյակ չլինեն ու չխոչընդոտեն կինոնկարի նկարահանումները կամ դրա հեղինակներին։ Բայց հարցին ավելի լուրջ մոտենալու դեպքում պարզ է դառնում, որ առանձնապես ոչինչ չի արվում, համենայնդեպս, ֆիլմ նկարահանելու գործում։ Եվ դա ավելի քան զարմանալի է (կամ էլ ավելի հասկանալի՞), քանի որ վերոնշյալ պետական հանձնաժողովի նախագահը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է։ Իսկ գուցե նման ձգձգումը հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներո՞ւմ է։ Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը հետեւողական է լինելու` պարզելու խոստացված ֆիլմի ճակատագիրը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս