Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուսիսարեւելյան զորամասի դիրքերում ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է ապրիլյան պատերազմից հետո սահմանային իրավիճակին եւ անվտանգության ապահովման առավել արդյունավետ միջոցների կիրառմանը:
Թե ապրիլյան պատերազմից հետո ինչ դասեր են քաղել ՀՀ զինված ուժերը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հյուսիսարեւելյան զորամասի հրամանատար Հրայր Աթոյանից:
-Պարո՛ն Աթոյան, ապրիլյան պատերազմական գործողություններից հետո, կարծես թե, քայլեր են արվում սահմանում անվտանգությունն ուժեղացնելու համար: Որքանո՞վ են այսօր մեր ահմաններն ավելի լավ պաշտպանվում, քան, օրինակ, ապրիլի սկզբին:
-Քառօրյա պատերազմից մենք օրինակներ ենք քաղել: Հենց այս պահին երեք ուղղությունով շատ լուրջ տեպրովիզորներ է տեղադրվում, հիմա առաջնագիծը պարզ երեւալու է 4-5 մետր հեռավորության վրա, բացի այդ շատ լուրջ համալրվել ենք անհատական տեպրովիզորներով: Շինարարական առումով ամրապնդում ենք դիրքերը, որն օր օրի վրա արդեն ցույց տվեց, որ հա՛մ դիվերսիոն խմբի գործողություններով ենք փորձում առաջնագիծը հատել, հա՛մ էլ հրետանիով:
Մարտական պատրաստվածության ծրագրերի բոլորի հիմքը դրել ենք հատուկ նշանակային զորքերով, նրանց ծրագրով ենք առաջնորդվում, դրանից հետո ամեն օրինակն էլ հաշվի ենք առել ու անում ենք այն ամենը, որ մեր զինվորի մատը փուշ չմտնի, մեր սահմանը ամուր լինի:
-Քառօրյա պատերազմից կոնկրետ ի՞նչ դասեր եք քաղել:
-Ցանկացած դեպքից հետո դասեր ենք քաղում: Օրինակ՝ իմ տարիքը չի հերքիացրել, սովորել եմ բոլոր զինվորական ուսումնական հաստատություններում, բայց պատերազմ չեմ տեսել, գործնականում չեմ տեսել նման ծավալով հարձակում, բայց կարող եմ ասել, որ այն, ինչ որ ես սովորել եմ, այդ ամենը երբ վեր եմ լուծում, տեսնում եմ, որ մեր զինվորն այսօր փորձեց, կարողացավ մարտում անսպասելիորեն ժամանակակից տեխնիկայով հարձակում գործած հակառակորդին կանգնեցնել:
Փառք ենք տալիս, ցավում ենք մեր կորցրած զինվորների համար, այդ ժամանակ 5 զինվոր էլ ես եմ կորցրել, 6 զինվոր էլ վիրավոր եմ ունեցել, փառք իրենց շիրիմներին: Այսօր մեր զինվորը կարողացավ իր առջեւ դրված խնդիրը կատարել: Այդ քանակությամբ զոհ նման ժամանակահատվածում, նման տեխնիկայուվ, սպառազինությամբ… հանկարծակի ցանկացած հարձակվող միշտ շահած է դուրս գալիս, ոչ թե նման ձեւ, նրանք ավելին էին սպասում, բայց չկարողացան մեր հրամանատարների եւ զինվորների շնորհիվ:
-Պարո՛ն Աթոյան, իսկ եթե, Աստված մի արասցե, նմանատիպ նոր հարձակում լինի, մենք պատրա՞ստ ենք այն ավելի գրագետ եւ առանց զոհերի ետ մղել:
-Իհարկե, պատրաստ ենք պատերազմի: Մենք օր օրի վրա ավելի պատրաստ ենք լինելու:
-Ապրիլյան թեժ օրերին շատ պատգամավորներ, քաղաքական գործիչներ կամավոր մեկնեցին Արցախ՝ սատարելու հայ զինվորին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այդ օրերին հենց Ձեր վաշտում էր: Ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվել նրա կողմից:
-Սեյրան Սարոյանը եղել է 1994 թվականին այստեղի հրամանատարը: Այդ օրերին նա եկել է իմ մոտ` իր երկրապահ աշխարհազորայինների, կամավորակների հետ` 200 հոգով: Ինքը ընդամենը իր փորձով, խորհուրդներով իմ զինվորների հետ կանգնել է դիրքերում, ծառայություն են իրականացրել: Նա իր անցած ճանապարհով եղել է իմ կողքին կանգնած:
-Պարո՛ն Աթոյան, ապրիլյան թեժ օրերին Ձեր զորամասում ինքնասպանություն էր տեղի ունեցել, սակայն շատերն այդ վարկածը հերքում են` նշելով, որ տեղի ունեցածը սպանություն էր: Ի վերջո, իրականում ի՞նչ էր պատահել:
-Չէ՛, չէ՛, նման դեպք չի եղել մեր զորամասում: Աստված չանի, մեր զինվորի մատը փուշ մտնի:
-Իսկ ի՞նչ է եղել, գուցե հակառակորդի կողմի՞ց է եղել:
-Իմ տարածքում հակառակորդի կողմից էլ չի եղել, մարտական գործողություններ են, ընդգրկված են եղել որոշ ստորաբաժանումներ:
Արփինե Թովմասյան