Հայհոյելով իշխանափոխություն չես իրականացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավվման շուրջ Երեւանում հուլիսի 17-ից 31-ը տեղի ունեցածը, ինչպես ցանկացած իրադարձություն, անհրաժեշտ է գնահատել արդյունքներով:

ՊՊԾ գունդը «Սասնա ծռերի» կողմից գրավելու պատմության արդյունքում Հայաստանն ունեցավ երկու զոհ, հարյուրից ավել վիրավորներ, որոնց թվում 17 տարեկան մի պատանի մեկ աչքը կորցրեց, հարյուրից ավել քաղբանտարկյալներ, որոնց թվում են քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, նախկին ազատամարտիկներ եւ այսպես շարունակ:

Հայաստանի ղեկավարությունը պաշտոնանկ արեց իրավապահ համակարգի երկրորդ օղակի ղեկավար կազմի մի քանի ներկայացուցիչների, հերթական անգամ հայ հանրությունն արձանագրեց, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար բարձրագույն արժեքն իրենց պաշտոնները պահպանելն է, իսկ ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունը նրանց համար մանրադրամի արժեք անգամ չունի:

Հայաստանի հանրային գիտակցության մեջ ձեւավորված կարծրատիպ է դարձել այն միտքը, որ իշխանության դեմ ուղղված ցանկացած գործողություն ողջունելի է: Ենթադրվում է, որ այն թուլացնում է իշխանություններին` մոտեցնելով այդքան բաղձալի իշխանափոխությունը: Իսկ այն տարբերակը, որ իշխանությունների դեմ ուղղված որոշ գործողություններ վերջիններիս համար կարող են ձեռնտու լինել, նույնիսկ եթե այն ազնիվ մղումներով թելադրված լինի, քննարկման առարկա չի էլ դառնում:

Մարդիկ չեն ցանկանում հավատալ, որ օր ու գիշեր, անդադար Սերժ Սարգսյանին հայհոյող, իր կեցվածքի համար պարբերաբար բռնության եւ բանտարկության ենթարկվող քաղաքական գործիչը կամ քաղաքացիական ակտիվիստն իր գործողություններով ակամա սպասարկում է իշխանությունների շահերը: Սակայն ողջ դժբախտությունը հենց այն է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի խաղացողների մեծ մասն իրենց գործողություններով ակամա հետաձգում են իշխանափոխությունը:

Ինչպես, բացատրենք: Երբ հարթակներից քաղաքական խոսք է հնչում` հստակ ծրագրով ու ապագայի տեսլականով, հրապարակում մարդկանց թիվն աճում է, իսկ առանց քաղաքական խոսքի հրապարակը անմիջապես դատարկվում է, եւ էական չէ, թե բանախոսներն իշխանությունների հասցեին որքան կոշտ որակումներ կհնչեցնեն:

Հաջորդ իրողությունը, որը հին ընդդիմադիրները չեն կարողանում ընկալել, այն է, որ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում արտահերթ ընտրությունների պահանջով բողոքի ցույցերն իրականում ձեռնտու են իշխանություններին: Այդ «շարժումները» հաջողությամբ պսակվելու գրեթե զրոյական հնարավորություն ունեն: Իհարկե, երբ ցույցերին 5 կամ 10 հազար մարդ է մասնակցում, այդ փաստը ինչ-որ տեղ իշխանությունների համար տհաճ զգացողություններ է առաջացնում, սակայն ոչ ավել: Փոխարենը լիցքաթափում է հանրության շրջանում կուտակված հակաիշխանական էներգիան, հասարակության ակտիվ անդամներին կրկին հիասթափության դոզա են ստանում եւ այսպես շարունակ:

Նորանկախ Հայաստանում մինչ օրս չի եղել որեւէ համապետական ընտրություն, որի նախորդող շրջանը «արտահերթերով» համեմված չլինի: Իհարկե, քաղաքական գործիչները կարող են ասել, որ իշխանություններն ընտրությունները կեղծելով են իրենց դիրքը պահպանել, ինչպես կարող են իրենք այդ փաստի հետ համակերպվել: Իրականում ամեն մի ընտրություն ունենում է իր ընդդիմադիր առաջնորդին կամ առաջատար քաղաքական ուժին, եթե վերջիններս իրենց տրված քվեն հենց ընտրական փուլում չեն կարողանում վերածել փաստացի իշխանության` հենց մասսաների ազդեցությամբ, ապա ավելի ազնիվ կլինի «պարտությունն» ընդունելը` պատրաստվելով հաջորդ ընտրություններին: Անհրաժեշտ է, որպեսզի մարդկանց մեջ կուտակված հակաիշխանական էմոցիան ընտրական փուլում դրսեւորվի, այդ դեպքում արդեն որքան էլ իշխանությունները ջանան, չեն կարողանա իրենց դիրքերը պահպանել:

Ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջանի «զինադադարի» պայմաններում ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավորությունները` մարդկային ռեսուրսների տեսանկյունից, իշխանությունների համար կդառնան անկանխատեսելի: Այլ կերպ ասած՝ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը հետեւություն կատարեն նախորդ երկու տասնամյակի փորձից: Ի վերջո, չի կարելի անընդհատ գլխով հարվածել պատին, դրա համար հարկավոր է հատուկ գործիքներ ունենալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս