Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ վերաբերմունք ունի «զանգվածային անկարգություն» բառակապակցության նկատմամբ: Հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների արդյունքում հետապնդվող գործիչների եւ ցուցարարների մի զգալի մասին ՀՀ ՔԿ-ն մեղադրում է հենց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Մինչդեռ զանգվածային անկարգություն ցուցարարների կողմից, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ ՀՀ ՔՕ 225-րդ «Զանգվածային անկարգություններ» հոդվածի 5-րդ մասը հստակ սահմանում է. «Զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետեւանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը»:
Իհարկե, այսպիսի իրադարձություններ տեղի են ունեցել Սարի թաղում, հանրության աչքի առաջ, սակայն ցանկացած ոք կարող է փաստել, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները եւ ցուցարարները վերը նկարագրված արարքներից եւ ոչ մեկը չեն արել: Բոլոր հակաիրավական գործողություններն իրականացվել են ոստիկանների եւ նրանց աջակցությունը վայելող քաղաքացիական հագուստով թաղային խուժանի կողմից: Ու եթե սա հերթական անգամ հաշվի չառնվի, եւ 2008-ի մարտի 1-ի քրեական գործերի նման նույն ավյունով սկսեն ստեղծագործել այս անգամ էլ քննչականում, իրավիճակն ավելի կբարդանա:
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հիմնադիր համագումարը: Այսպիսով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հենքի վրա ստեղծվեց կուսակցություն, որի անդամները՝ այդ լրատվամիջոցի աշխատակիցներն ու նրանց հարազատները, համակիրներ են: Կուսակցության նախագահ էլ դարձավ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը: Ենթադրվում էր, որ «ԳԱԼԱ»-ն կհասցնի գրանցվել եւ մասնակցել հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին: Սակայն հուլիսի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է գրություն այն մասին, որ կուսակցության գրանցումը մերժվում է: Ու եթե անգամ Վահան Խաչատրյանը եւ նրա կողմնակիցները շտկեն սխալները ու կրկին փաստաթղթերը ներկայացնեն գրանցման, միեւնույն է՝ առաջադրման ժամկետը կլրանա: Ուստի ակնհայտ է, որ «ԳԱԼԱ»-ն ստիպված է լինելու դաշինքով մասնակցել ընտրություններին: «ԳԱԼԱ» կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմենուհի Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց այլ քաղաքական ուժի հետ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու տարբերակը:
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ լուսանկարներում լուսաձայնային նռնակը ձեռքին երեւացողը Լեռնիկ Երանոսյանն է` փոխոստիկանապետի եղբայրը: Հիշեցնենք, որ Լյովա Երանոսյանը ՈԶ հրամանատար է դարձել 2012-ին: Դրանից հետո նա ՈԶ-ում պաշտոնների է նշանակել ինչպես հարազատներին, այնպես էլ ընտանիքի անդամներին: Նրա դուստրը եւ որդին՝ Իրինա եւ Խաչիկ Երանոսյանները, նույնպես ՈԶ պաշտոնյաներ են: Ոստիկանության զորքերը փաստացի դարձել է Երանոսյանների ընտանեկան կապալը, ինչի համար էլ նրանք գերդաստանով անմոռաց մարտնչում են ՀՀ քաղաքացիների դեմ:
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ: Նկատենք, որ այս տարվա վեց ամսում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 500-ով: Ընդ որում, բերված թիվն արտագաղթած քաղաքացիներին չի ներառում: Մշտական բնակչության պաշտոնական թիվը, կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիների հանրագումարն է, որը իր մեջ ներառում է ինչպես Հայաստանում գտնվողներին, այնպես էլ արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին: Ի դեպ, վերջին մեկ տարվա կտրվածքով, այսինքն՝ 2015-ի հուլիսի 1-ի հետ համեմատած, ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400-ով: Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 91 հազար 904 ՀՀ քաղաքացի: Ենթադրվում է, որ այդ քաղաքացիների մոտ կեսը հանգստանալու կամ այլ նպատակներով Հայաստանից ժամանակավորապես բացակայող քաղաքացիներն են, իսկ մյուս կեսը, թերեւս, արտագաղթածներն են:
ԽԵՂԿԱՏԱԿԱՅԻՆ
ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նախօրեին ռուսական Life.ru հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի մասին մի քանի ցնցող հայտարարություններ է արել: Պատասխանելով Հայաստանում ծավալվող վերջին զարգացումների շուրջ հարցին՝ նա մասնավորապես ասել է. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքր երկիր, լեռների մեջ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն միլիոն հայ է մնացել: Իսկ ողջ աշխարհում նրանք 6 միլիոն են: Բոլորը փախել են Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգեր: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց նկատմամբ ստորություններ են անելու»: Լրագրողի հարցին, թե Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այսինքն՝ թքած ռազմավարական գործընկերոջ վրա՞, Ժիրինովսկին արձագանքել է. «Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն՝ բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ: Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն»:
Անշուշտ Ժիրինովսկին քաղաքական ծաղրածու է, եւ դա վաղուց ի վեր հայտնի փաստ է: Խնդիրն այն է, սակայն, որ նա Կրեմլի եւ անձամբ Պուտինի պալատական ծաղրածուն է, որի լկտի ձեւակերպումներն իրականում արտացոլում են ռուսական վերնախավի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Որքան էլ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը փորձի հավաստիացնել, թե «Ժիրինովսկուն մեկնաբանել կամ նրա ասելիքը հասկանալ որեւէ մեկը վաղուց չի փորձում, հետաքրքրություն չկա», այդուհանդերձ նկատենք, որ երբ այդ նույն Ժիրինովսկին, օրինակ, Թուրքիայի կամ Ադրբեջանի մասին հանդես էր գալիս նմանատիպ մի լկտի ձեւակերպմամբ՝ Հայաստանում եւ Ռուսաստանում նրա ասածները մեկնաբանողների եւ գովաբանողների պակաս չէր լինում: Ավելին՝ անգամ Հանրային հեռուստաընկերությունն էր այդ նույն «անհետաքրքիր» գործչի ասածները երեկոյան լրատվական թողարկումներում մեջբերում, բայց, չգիտես ինչու, այդ ժամանակ Ժիրինովսկին չէր ներկայացվում որպես անլուրջ գործիչ:
Իրականում այդ քաղաքական խեղկատակի ասածները կարելի էր եւ իսպառ անտեսել, եթե դրանցում, թեկուզ անթույլատրելի ձեւակերպումներով, այդուհանդերձ, չլիներ դառը իրականության արձանագրումը՝ հատկապես մեր երկրի հեռանկարի, տնտեսության եւ արտագաղթի հետ կապված: Մի իրականություն, որի ձեւավորման հարցում Ժիրինովսկին չէ, որ մեղավոր է: