ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՋԵՐՄԱՑՈՒՄՆ ՈՒ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայտնի դարձավ, որ օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցելելու է ՌԴ: Սա թուրքական հեղաշրջման փորձերից հետո նրա առաջին այցն է լինելու դեպի արտերկիր: Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք լարվել էին ռուսական ինքնաթիռի խոցման պատճառով, վերջին շրջանում աստիճանաբար սկսում են վերականգնվել եւ նույնիսկ բարելավվել:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հարաբերությունների լավացման ուղղությամբ մի քանի անգամ հանդես են եկել տարաբնույթ հայտարարություններով: Դեռեւս ապրիլին Վլադիմիր Պուտինը ամենամյա «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել էր, որ «Թուրքիան իրենց բարեկամն է, իսկ թուրք ժողովուրդը՝ բարեկամական ժողովուրդ»: Իսկ մի քանի օր առաջ էլ Մոսկվա էր այցելել Թուրքիայի փոխվարչապետ Ահմեդ Չիչեքը, ով այցից հետո բառացիորեն ասել էր հետեւյալը. «ՌԴ հետ հարաբերություններում նոր էջ է բացվում, նրանք կառուցողական են, դրական մտադրություններով եւ աջակցող»: Սա վկայում է, որ Մոսկվան ու Անկարան որոշել են այս փուլում աշխարհաքաղաքական որոշակի գործընթացներ ձեւավորել, որոնք միտված են լինելու Արեւմուտքին հակակշռելուն եւ զսպելուն: Արեւմուտքի եւ Էրդողանի հարաբերությունները վերջին շրջանում լարվել էին՝ կապված սիրիական ճգնաժամի, միգրանտների եւ Էրդողանի ամբարտավան քաղաքականության հետ: Նույն լարվածությունը առկա է նաեւ ԵՄ եւ ՌԴ միջեւ: Ռուսաստանը ենթարկվում է խիստ պատժամիջոցների, հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, ՆԱՏՕ-ն ավելի է ամրացնում իր դիրքերը նրա հետ սահմանին: Երկու տերությունների շահերն այս փուլում սկսեցին համընկնել, եւ բնական է՝ սկսելու էին փնտրել հակակշիռների ու զսպումների սեփական բեւեռը կամ տարածաշրջանային բլոկը, որը, մի կողմից, լինելու է մրցակցային կամ կոնֆլիկտային Արեւմուտքի հետ, մյուս կողմից էլ կունենա ուժերի բալանսի վրա ազդելու ուժեղ պոտենցիալ:
Ահա եւ Էրդողանն ու Պուտինը որոշեցին օգտագործել պահը եւ հարաբերությունների «նոր էջ բացել»՝ լավ հասկանալով, որ իրենց երկրներն ունեն մեծ ներուժ՝ ներկա փուլում որոշակի կանխարգելիչ նշանակության հարցեր լուծելու համար: Այս պայմաններում, բնականաբար, նրանցից յուրաքանչյուրի կատարած քայլն ունի քաղաքական մեծ ուղերձ: Ըստ այդմ, Էրդողանի որոշումը՝ հեղաշրջման փորձից հետո այցելել Ռուսաստան, ունի ոչ միայն վերջինի հետ հարաբերությունների ջերմացման, այլեւ իր երկրում հեղաշրջման փորձի մեջ արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից «proxy» պատերազմ (միջնորդավորված) տեսնելու ուղերձ: Ասվածն ավելի է ամբողջացնում, եթե վերհիշենք, թե ում էր հիմնականում մեղադրում Էրդողանը հեղաշրջման մեջ: Նա մեղադրում էր իր ոխերիմ թշնամի Ֆեթուլա Գյուլենին: Այդ մարդը բնակվում է ԱՄՆ-ում, ինչն էլ ենթադրում է, որ Էրդողանն իր մեղադրանքներում հաշվի է առնում նաեւ ԱՄՆ գործոնը եւ անուղղակիորեն նրան «հաղորդակից դարձնում» իր երկրում քաղաքական անկայունության հրահրմանը: Դա կարող է էլ ավելի սրել Արեւմուտքի ու Անկարայի միջեւ բարդ հարաբերությունները: Մի քանի օր առաջ արդեն իսկ ԵՄ-ից կոշտ հայտարարություն եղավ, մասնավորապես Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել էր, թե Թուրքիայում իրերի դրությունը հիմա այնպիսին է, որ մոտ ժամանակներս երկիրը չի կարող միանալ եվրոպական ընտանիքին: Իսկ Ռուսաստան այցն ու ուղերձներով խոսելը կարող են արդեն կոշտացնել Վաշինգտոնի դիրքորոշումը: Այս ամենը, սակայն, կնպաստի ռուս-թուրքական հարաբերությունների հարաճուն սերտացմանը եւ կարող է նոր մարտահրավերների առաջ կանգնեցնել Հայաստանին:
Պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական մերձեցումները հակադրվել են հայկական ազգային շահերին: Պետք է շարժվել քաղաքական իրատեսությամբ եւ ոչ թե դավադրությունների տեսություններով: Բնական է՝ Թուրքիան, ունենալով կոնֆլիկտային հարաբերություններ ՀՀ հետ եւ ավելի հեշտ «հասանելիություն» կրեմլյան ղեկավարների մոտ, փորձելու է նրանց միջոցով պրոադրբեջանական լոբբինգ իրականացնել եւ իր շահերի իրացման որոշակի դաշտ բացել: Այդպես՝ նախ կթուլացնի մեզ, ապա ուժեղացնելով եղբայր ժողովրդին՝ կամրապնդի սեփական դիրքերը Հարավային Կովկասում: Մոսկվան էլ, չցանկանալով կորցնել իր հզոր դաշնակցին, որը տիրապետում է մարդկային, ֆինանսական, ռազմական ու տարածքային հսկայական ռեսուրսների, ունի աշխարհաքաղաքական գերազանց դիրք, իր որոշ շահերը, որոնք կապված են Երեւանի հետ, փորձելու է զիջել Անկարային: Ուրեմն մենք պետք է հասկանանք այս պահը, դուրս գանք դավադրությունների տեսության կաղապարից եւ ճիշտ գիտակցենք մեր անվտանգության հարցերը. որտեղից ինչ սպառնալիք կարող է գալ, եւ այդ հիմքով էլ գտնենք մեր ազգային շահերի իրացման ուղիները:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ ՎԵՀԱՓԱՌԸ ԳԵՐԱԴԱՍԵՑ ՀԱՆԴԻՊԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հանդիպել է մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Այս փաստը հասարակության մոտ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Մարդկանց ավելի շատ զայրացրել է այն, որ հոգեւոր առաջնորդը նստել է իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ իրավապահ համակարգը ղեկավարող անձանց կողքին. այն իրավապահների, որոնց հրահանգով հարյուրավոր քաղաքացիներ ծեծի ենթարկվեցին ու կալանավորվեցին:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Տեր-Համբարձում քահանա Դանիելյանի հետ:
-Տե՛ր Համբարձում, ո՞վ էր հրավիրել Վեհափառին նախագահի նստավայր, մասնավորապես՝ վերոնշյալ հանդիպմանը:
-Նախագահը ինքն է հրավերք կատարել: Այդ հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցներ եւ այլն: Եւ նաեւ այդ համատեքստում Ամենայն հայոց կաթողիկոսին է հրավերքը կատարվել նախագահի կողմից:
-Ինչո՞ւ Վեհափառը ելույթ չի ունեցել: Ինչո՞ւ էր նստել ու լռում…
-Այնտեղ որեւիցե ելույթ նախատեսված չէր, որպեսզի Հայրապետը ասեր: Միայն նախագահի ելույթը հնչեց, եւ այլ ելույթներ չեն եղել:
-Այդ հանդիպումից հետո հասարակությունը քննադատում է Վեհափառի մասնակցությունը այդ հանդիպմանը: Բացի այս՝ ակտիվ քննարկվում է նաեւ այն, որ հոգեւոր առաջնորդը նստել է իշխանության, իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողքին…
-Մենք պետք է արձանագրենք, որ որեւիցե մեկի կողքին նստելը կամ կողքից հեռու լինելը համագործակցության, չհամագործակցության հետ կապված կամ առնչություն ունեցող երեւույթներ չեն: Սա պարզապես մի հրավերք էր, որը պետք է իրագործվեր, որովհետեւ գիտենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը այսպիսի նշանակալի ելույթների ժամանակ իր մասնակցությունն է բերում: Յուրահատուկ ոչինչ այստեղ չկա, որպեսզի դառնա շահարկումների կամ քննդատությունների առիթ:
-Տե՛ր Համբարձում, չէ՞ որ այդ ելույթից ընդամենը երկու օր առաջ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ թեժ բախումներ եղան, որոնց արդյունքում բազմաթիվ ցուցարարներ եւ լրագրողներ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան: 17-ամյա Սայաթը կորցրեց իր աչքը: Ինչո՞ւ հոգեւոր առաջնորդը չգնաց եւ չկանգնեց նրանց կողքին, այլ գերադասեց նստել Վլադիմիր Գասպարյանի, Գեւորգ Կոստանյանի կողքին եւ լսել Սերժ Սարգսյանին:
-Մեր հոգեւորականները, որոնք այդտեղ էին, Հայրապետի օրհնությամբ էին գնացել: Առիթ չկա, որպեսզի կարծենք, որ որեւիցե անտեսում կա, կամ մտահոգություն չկա: Անշուշտ մտահոգությունը մեծ է: Մենք էլ համապատասխանաբար հայտարարություններ, հաղորդագրություններ ենք տարածել եւ մեր մտահոգությունները արտահայտել ենք այս իմաստով:
-Հայտարարութուն տարածելն այլ է, իսկ մարդու կողքին կանգնելը՝ այլ…
-Դուք հարցը այլ ուղղություն եք տեղափոխում: Իսկ Վեհափառը պետք է այս օրերին արձակուրդում գտնվեր, բայց նա հանրապետության համար այս դժվարին օրերին մնացել է եւ չի մեկնել արձակուրդի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԳՈՂԸ
Գարեգին Լալազարի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի տնտեսական ջոկի հրամանատար-ճաշարանի պետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ նույն զորամասի «Տավուշ-1» զինավանի ճաշարանից փորձել է հափշտակել իրեն վստահված, պաշտպանության նախարարության կարիքների համար նախատեսված սննդամթերքը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գ. Բաղդասարյանը նշված սննդամթերքից 2016թ. ապրիլ-մայիս ամիսներին տնտեսման եղանակով ավելացած ընդհանուր 35 հազար 186 դրամի սննդամթերքը յուրացնելու նպատակով 2016թ. մայիսի 20-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, ճաշարանից այն տեղափոխել եւ տեղավորել է իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» ավտոմեքենայի սրահում: Սակայն նա իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ ստուգայց կատարելով՝ ավտոմեքենայի զննությամբ նշված սննդամթերքը հայտնաբերել են: Գ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում:

 

 

ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ Է
Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ասաց, որ ծեր տղամարդն անհետացել է նախանցյալ կիրակի օրվանից, երբ գյուղը նշում էր Վարդավառը: Խ. Կարապետյանը գյուղում բնակվում էր իր կնոջ եւ տղայի հետ: Գյուղապետի խոսքերով՝ տղամարդը, կապված մեծ տարիքի հետ, տարօրինակություններ ունի: Նա խորհրդային տարիներին վարորդ է աշխատել, վերջին տարիներին ընտանիքի հետ զբաղվել է անասնապահությամբ եւ հողագործությամբ: Խորեն Կարապետյանին որոնում են համագյուղացիները, փրկարարները, ոստիկանները: Կ. Դարբինյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ համագյուղացին մոլորվելով՝ հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Նա ասաց, որ ոչինչ հայտնի չէ, իսկ Ադրբեջանի հետ սահմանը Չինչինից 7 կմ հեռավորության վրա է: Գյուղապետի խոսքերով՝ անհետ կորածի տղան պատրատ է ներել նրան, ում անզգուշության պառճառով, օրինակ, վրաերթի հետեւանքով հայրը զոհվել է, միայն թե հոր գտնվելու վայրն ասեն: Գյուղապետ Կ. Դարբինյանն ասաց, որ ինքը դրամական պարգեւ կտա նրան, ով ստույգ ցույց տա անհետ կորածի գտնվելու տեղը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս