ԱԺ 6 խմբակցություններից 3-ը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, կբոյկոտեն ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի այսօր կայանալիք ընտրությունները, իսկ մյուս 3-ը` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու այլընտրանքային ԲՀԿ-ն, պատրաստվում են կողմ քվեարկել այդ պաշտոնում առաջադրված Իշխան Զաքարյանին: Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ երեկվա նիստի ժամանակ հայտարարեցին, որ չեն ցանկանում մասնակցել մի միջոցառման, որի արդյունքը նախապես կանխորոշված է:
ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության շուրջ քննարկումները երեկ բավական թեժ ստացվեցին: Ու սա, թերեւս, ուներ իր պատճառները: Նախորդ տարիներին Ի. Զաքարյանն ու իր ղեկավարած կառույցը բավական ակտիվ էին. եռամսյակը մեկ անգամ ՎՊ-ն խորհրդի նիստ էր անցկացնում, այնուհետեւ դրան հաջորդած ասուլիսի ժամանակ Զաքարյանը ներկայացնում էր իրենց բացահայտումները, որոնք, խոստովանենք, ամեն անգամ մեծ աժիոտաժ էին առաջացնում` մի քանի օր շարունակ դառնալով քաղաքական քննարկումների առարկա: ՎՊ բացահայտումների գագաթնակետը սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի գործն էր, երբ պարզվեց, թե ինչպես են նրա ղեկավարած գերատեսչությունում տարիներ շարունակ յուրացրել կենսաթոշակները: Դրանից հետո, երբ խոսվեց, որ ՎՊ-ն «լռության գին է վերցրել», ապա հետ տվել, ՎՊ ակտիվությունը կտրուկ նվազեց, նույնիսկ խորհրդի նիստերը սկսեցին անցկացվել ավելի ու ավելի հազվադեպ: Երեկ այդ հանգամանքը չվրիպեց նաեւ պատգամավորների աչքից, եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ակնհայտ է, որ ինչ բացահայտում էլ անի ՎՊ-ն, այդուհանդերձ, ինչ-որ մի օղակում այդ ամենն ընդհատվում է, հանցագործները չեն պատժվում: Հիմա դուք էլի օրինակ կբերեք Վազգեն Խաչիկյանին: Իմ տպավորությամբ՝ Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ՝ որպես եզակի նմուշ»:
Ի դեպ, ՎՊ անունը մեկ անգամ էլ «թնդաց» այս տարի, երբ ԱԺ-ում քննարկվեց ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվությունը, եւ Ի. Զաքարյանը հանդես եկավ կոշտ գնահատականներով, արդյունքում` նախագահականում խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նախատեց ՎՊ նախագահին: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ, հիշեցնելով այդ խորհրդակցությունը, հայտարարեց, թե դրանից հետո Ի. Զաքարյանի ձեռքի թղթերի տրցակն ակնհայտորեն բարակել է, բարակել է նաեւ նրա ձայնը, նվազել՝ ասելիքը: «Հասկանալի է` խորհրդակցությունից հետո որոշակի բաներ են փոխվել»,-ասաց նա՝ հետաքրքրվելով, թե ինչ եղավ այն «կաբելը», որ հայտնի նիստի օրը Զաքարյանն իր հետ բերել էր ԱԺ: Փաշինյանը Զաքարյանին առաջարկեց նաեւ բացել հարստանալու եւ ներդրումով շքեղ առանձնատուն կառուցելու գաղտնիքը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս միտքը շարունակեց մի փոքր այլ ձեւակերպմամբ. «ՎՊ զեկույցներից հեռացվել են այնպիսի ձեւակերպումներ, որ կարող էին ընդհանրական քանակական գնահատականներ տալ: Ակնհայտ է, որ իշխող մեծամասնության ճնշումների պատճառով Դուք հրաժարվել եք այնպիսի եզրակացությունների հրապարակումից, որ կարող են, կոպիտ ասած, ընդդիմության բերանը երկար լեզու դնել: …Մենք որեւէ երաշխիք չունենք, հետեւաբար, որ Ձեր վերանշանակումը չի կատարվում այն պայմաններով, որ Դուք այսուհետեւ շատ ավելի կաշկանդված ուսումնասիրություններ կանցկացնեք»:
Մյուս ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ նախագահականում տեղի ունեցած հայտնի խորհրդակցությամբ վերջ դրվեց ՎՊ անկախությանը, ասել է թե՝ այս կառույցից այլեւս հնարավոր չէ սպասելիքներ ունենալ: «Դուք դեմքի խելացի արտահայտությամբ այստեղ հայտարարում եք, որ անկախ մարմին եք, իսկ մենք լուրջ դեմքի արտահայտությամբ ձեւ ենք անում, որ հավատում ենք դրան: Գիտեք՝ սա ժամավաճառության, բեմականացման է նման կարծես: Ես կարծում եմ, որ այս օղակը չի գործում, ու սա նոմենկլատուրայի մաս է կազմում… Դա նույնն է, թե սմենի պետը կարողանա ազդել ՔԿՀ պետի վրա. Դուք ընդամենը սմենի պետի պարտականություններ եք կատարում. Դուք անկախ չեք, քանի որ անկախ մարմնին չեն նշանակում»,-երեկ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «ՎՊ անկախությունից բան չմնաց: Անկախության չեզոքացումը տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՎՊ-ն սկսեց պաշտպանվել, որովհետեւ ՎՊ-ն հայտնվեց լուրջ ճնշումների տակ, չդիմացավ էդ ճնշումներին: Ու ակնկալել, թե վերահսկում կիրականացնի…»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Ի. Զաքարյանը ճիշտ կաներ՝ չառաջադրվեր: «Դուք այլ անձանց հետ միասին կանչվում եք Բաղրամյան 26 եւ համատեղ նիստի ժամանակ ենթարկվում բավական կոշտ, տհաճ քննադատության: Հետո ՎՊ նախագահը ներկայանում է այստեղ, որ հաստատվի իր պաշտոնում: Շատ անդուր իրավիճակ է»,-ասաց Փոստանջյանը` հավելելով, որ այդ խորհրդակցությամբ Ս. Սարգսյանը պարզապես «սխալ հանեց» ՎՊ նախագահին:
Իշխան Զաքարյանն իր եզրափակիչ ելույթում վստահեցնում էր, թե ընտրվելուց հետո իր ձայնը չի իջեցնի, տոնը չի փոխի եւ զուսպ բնույթի հաղորդումներ չի ներկայացնի ԱԺ-ին: Սակայն նա ԱԺ-ում եւս չպատասխանեց Ս. Սարգսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻՑ ՄՆԱՑ ՊԱԼԱՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ