«ՖՈՒԼ ՀԱՈՒՍ-5»-Ը ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք հումորային նախագծերի սցենարիստ-դերասան Գարիկ Սեփխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հիմա «Ֆուլ հաուս» նախագծի հինգերորդ եթերաշրջանի շրջանակում սցենարային աշխատանքներ են տարվում: Դերասանի հետ զրուցել ենք իր կերտած կերպարների առանձնահատկությունների, սիթքոմի ժանրը սերիալային նյուանսներով «համեմելու» հնարքների ու հետագա ծրագրերի մասին:

-Գարի՛կ, նախ մի փոքր պատմեք, թե ինչպե՞ս եք հայտնվել դերասանական ասպարեզում: Դուք Ձեր բուն մասնագիտությամբ՝ հեռուստահաղորդումների եւ փաստագրական ֆիլմերի ռեժիսորությամբ զբաղվե՞լ եք կամ նման ծրագրեր ունե՞ք:
-Ավարտելով հեռուստահաղորդումների եւ փաստագրական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը` ընդունվել եմ աշխատանքի՝ «Արմենիա» Հ/Ը եւ որպես ռեժիսորի օգնական աշխատել եմ նախ «Մի կաթիլ մեղր» հաղորդաշարում, որտեղ, ի դեպ, նույնպես նկարահանվել եմ որպես դերասան: Զուգահեռ գրել եմ սցենարներ: Հետո որպես սցենարիստ աշխատել եմ «Երե1» նախագծում եւ որոշ ժամանակ անց այնտեղ նույնպես նկարահանվել եմ: «Երե1» հաղորդումը նկարահանվել է 10 եթերաշրջան եւ այդ ժամանակահատվածում մենք համերգներով հանդես ենք եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում եւ եվրոպական երկրներում: Այնպես է ստացվել, որ խիտ գրաֆիկի պատճառով չեմ կարողացել բուն մասնագիտությամբ զբաղվել:
-Ձեր կերտած կերպարներից ամենահաջողվածը ո՞րն եք համարում:
-«Երե1» նախագծի շրջանակում խաղացած ոստիկանի կերպարն էր, որ շատ էի սիրում: Ի դեպ, պատահում են դեպքեր, երբ մարդիկ ինձ դիմում են իմ խաղացած կերպարների անուններով (ծիծաղում է):
-«Ֆուլ հաուս» հումորային նախագծի շրջանակներում հանդես եք գալիս նաեւ որպես սցենարիստ: Այս պարագայում դերասանի եւ սցենարիստի գործունեությունը որքանո՞վ են օգնում եւ, գուցե, խանգարում իրար:
-Արդեն երկու տարի է, ինչ որպես դերասան նկարահանվում եմ «Ֆուլ հաուս»-ում: Ինչ վերաբերում է սցենարին, չէի ասի, որ այն գրելը խանգարում է նկարահանմանը: Հակառակը՝ այն օգնում է, որովհետեւ գրելու ժամանակ ինքդ ես ստեղծում տվյալ կերպարին եւ հետագայում ավելի հեշտ է լինում այն մարմնավորելը:
-Կա կարծիք, որ Հայաստանում սիթքոմի ժանրը շատ ավելի մեծ հաջողություն գրանցեց, քան սերիալը: Եթե համաձայն եք, ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:
-Ես չեմ կարծում, որ սիթքոմը ավելի շատ հաջողություն ունի, քան սերիալը: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր հեռուստադիտողը, իր լսարանը: Ավելին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ժողովուրդը սիրում է սերիալներ, մեր հաղորդման մեջ ավելացրել ենք սերիալային նյուանսներ: Այսինքն՝ «Ֆուլ հաուս» նախագծում կան իրավիճակներ, որոնք հաջորդ սերիայում կարող են շարունակվել: Դա հենց սերիալային ձեւաչափ է, որը մենք կարողացել ենք զետեղել մեր սցենարներում:
-Ինչպես հայտնի է՝ «Ֆուլ հաուսը» շարունակական է լինելու: Ռուբենի կերպարը ի՞նչ նոր զարգացումներ է խոստանում: Այս եթերաշրջանում շեշտը ինչի՞ վրա է դրվելու:
-Այո՛, մենք հիմա աշխատում ենք հինգերորդ եթերաշրջանի սցենարի վրա: Դեռ ստույգ նորություններ չկան, աշխատանքային գործընթաց է: Բայց որ այս եթերաշրջանը լի կլինի անակնկալներով, դա հաստատ կարող եմ ասել: Ամեն ինչ անում ենք, որ մեր հեռուստադիտողը գոհ մնա եւ շարունակի հաճույքով դիտել հաղորդումը:
-Ձեր հետագա գործունեությունը կրկին հումորային ժանրի նախագծերի շրջանակներո՞ւմ եք պատկերացնում:
-Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կաշխատեմ հումորային ժանրում, բայց ոչ հումորային սցենարներ գրելու կամ որպես ոչ հումորային դերասան հանդես գալու առիթ չի էլ եղել: Միգուցե, եթե նման առիթ ընձեռվի, դա ավելի լավ ստացվի, չեմ կարող ասել. կյանքը ցույց կտա:

 

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՀՈՒՄՈՐԻՍՏ ԴԵԼՈՆ

Հեռուստադիտողների մի ստվար զանգված հետաքրքրված է` ուր է կորել հումորային նախագծերի հայտնի դեմքերից մեկը` հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանը` նույն ինքը` Դելոն, ում հիշում ենք նաեւ «Բլեֆ» հաղորդումից, որի շրջանակներում նա տարբեր «փորձությունների» էր ենթարկում աստղերին: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Դելոյի հետ, ով տեղեկացրեց, որ արդեն 2.5 տարի է` ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում. «Այստեղ հասցրել եմ երկու ներկայացման մեջ հանդես գալ. կյանքումս առաջին անգամ խաղացել եմ թատրոնում` մարմնավորելով հումորային կերպարներ, նաեւ զբաղվում եմ գովազդային հոլովակների պրոդյուսինգով. արդեն նկարահանել եմ 5 հոլովակ: Ի դեպ, եթե պատվիրատուն ցանկություն է հայտնում, նաեւ նկարահանվում եմ այդ հոլովակներում»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք հեռուստադիտողները կտեսնեն Դելոյին նոր կերպարներում, վերջինս պատասխանեց. «Այո՛, սակայն ժամկետների ու ֆորմատի վերաբերյալ փակագծեր բացել դեռ չեմ կարող»:
Մենք նաեւ հարցրինք` որքան ժամանակ է հումորիստը պատրաստվում մնալ ԱՄՆ-ում եւ արդյոք ծրագրում է վերադառնալ Հայաստան. «Միացյալ Նահանգներում դեռ կմնամ այնքան ժամանակ, մինչեւ կհաջողվի լուծել թղթաբանական որոշ հարցեր, որպեսզի կարողանամ գալ հայրենիք: Հայաստանն իմ տունն է, իսկ աշխարհի բոլոր մնացած տեղերում ես զբոսաշրջիկ եմ, այնպես որ անպայման գալու եմ»,-խոստացավ Դելոն` հավելելով, որ պահում է հայաստանցի ընկերների ու գործընկերների հետ կապը:
Անդրադառնալով ապագայի հետ կապված նպատակներին` հումորիստը նշեց. «Ես ուրախ ու երջանիկ եմ իմ կյանքում ապրած ամեն վայրկյանի համար եւ շարունակում եմ նույն լավատեսությամբ ապրել ու համոզված եմ, որ կհասնեմ իմ բոլոր նպատակներին»:
Հավելենք, որ Դելոն եւ կինը` Ռուզաննան, սպասում են իրենց առաջնեկին: Նրանց արու զավակը լույս աշխարհ կգա սեպտեմբերին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ՀԱՅԿՈՆ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Երգիչ Հայկոն առաջադրված կլինի Armenian Europe Music Awards Paris մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում: Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից:
«Ուրախ եմ, որ Եվրոպայի սրտում կանցկացվի այս շքեղ միջոցառումը: Ես կլինեմ այնտեղ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ 2017-ի մարտին Քրիստինե Պեպելյանը նույնպես մասնակցելու է նշյալ մրցանակաբաշխությանը:

 

 

«ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՎ ԽԵԼԱԳԱՐԸ»
Հոլիվուդյան դերասաններ Մել Գիբսոնը եւ Շոն Փենը «Պրոֆեսորը եւ խելագարը» ֆիլմում կկերտեն Օքսֆորդի բառարանի ստեղծողների կերպարները: Կինոնկարը նկարահանվելու է համանուն վեպի մոտիվներով: The Hollywood Reporter-ի փոխանցմամբ` Գիբսոնը խաղալու է պրոֆեսոր Ջեյմս Մյուրեի դերը, որը 1857 թվականին սկսել է աշխատել բառարանի վրա, իսկ Փենը՝ բառարանի գլխավոր հեղինակներից մեկի՝ դոկտոր Ուիլյամ Մայնորի դերը, որը եղել է հոգեկան խանգարում ունեցող հանցագործների կլինիկայի հիվանդներից:
Նշենք, որ բրիտանացի գրող Սայմոն Ուինչեսթերի «Քրոութոռնյան վիրաբույժը» վեպը լույս է տեսել 1998 թվականին: Դրա էկրանավորման իրավունքը պատկանում է Գիբսոնին: Հավելենք նաեւ, որ ԱՄՆ¬ում վեպը հրապարակել են «Պրոֆեսորը եւ խելագարը. սպանության, խելագարության եւ Օքսֆորդյան բառարանի ստեղծման պատմությունը» անվանումով:

 

 

ԹԱՆԿ ԿՎՃԱՐԻ
Ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնը պարտվել է 2012թ. Lockout ֆիլմի գրագողությանն առնչվող դատական պրոցեսում: The Guardian-ի փոխանցմամբ` Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Բեսոնը պետք է որպես փոխհատուցում 450.000 եվրո վճարի ամերիկացի ռեժիսոր Ջոն Կարպենտերին` նրա «Փախուստ Նյու Յորքից» ֆիլմի (1981թ.) հիմնական մասերը օգտագործելու համար:
Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, երբ Բեսոնին մեղադրում են գրագողության մեջ: France-Press գործակալության փոխանցմամբ` 2011-ին Պեսակ քաղաքից երկու ֆրանսիացի դերասաններ պնդում էին, որ Բեսոնի «Կոլոմբիանա» ֆիլմը (2011) նկարահանված էր նույն սցենարով, ինչ իրենց նկարահանած «Օրխիդեայի ուրվականը» կարճամետրաժ ֆիլմը (2005):




Լրահոս