«ՓՈՂ ՉՈՒՆԵՆ ԱՊՐԵԼՈՒ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՔԻՉ ԵՆ ՈՒՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի, հացի, մակարոնեղենի եւ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրության ծավալները 16.7 տոկոսով նվազել են: Մակարոնեղենի արտադրության ծավալները նույնպես նվազել են՝ 0.4 տոկոսով, հրուշակեղենինը՝ 2.8 տոկոսով: Իսկ, ահա, հացի արտադրության ծավալները վերոնշյալ ժամանակահատվածում նվազել են 2.2 տոկոսով: Մասնագետների գերակշիռ մասը այս միտումը պայմանավորում է արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, եւ նրանց գնողունակությունը զգալի ընկել է:
Առաջին անհրաժեշտության սննդամթերքի արտադրության ծավալների նվազման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանի եւ «Սեւանի հացի արտադրամասի» տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետ: Նշենք, որ «Մանչո գրուպ»-ը զբաղվում է ցորենի ներկրմամբ եւ ալյուրի արտադրությամբ, իսկ «Սեւանի հացի արտադրամասը»՝ հացի արտադրությամբ:

«Մանչո գրուպ»-ի գլխավոր տնօրեն Իվան Մոսոյան
-Պարո՛ն Մոսոյան, ԱՎԾ-ն տվյալներ է հրապարակել այն մասին, որ այս տարվա հունվար-հունիսին ալյուրի արտադրության ծավալները 16.7 տոկոսով նվազել են: Ինչո՞վ եք պայմանավորում այս հանգամանքը:
-Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետեւ փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում: Իսկապես այդպես է: Բավականին շատ է ալյուրի պահանջարկը նվազել. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առնվազն 30 տոկոս եւ ավել նվազել է ալյուրի պահանջարկը: Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետեւ հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ է:
-Ալյուրի արտադրության ծավալների նվազմանը զուգահեռ գնե՞րն էլ են ընկել:
-Բնականաբար: Գների նվազման պատճառն այն է, որ այս տարի բավականին մեծ քանակությամբ բերք հավաքեցինք: Բայց բերքի ավելացման հետ մեկտեղ որակը բավականին ցածր է: Մեր ընկերությունը հիմնական մասը՝ 60-70 տոկոսը, ներմուծում է դրսից, իսկ մնացածը տեղականն է:

Սեւանի հացի արտադրամասի գլխավոր տնօրեն Աշոտ Ավետիսյան
-Պարո՛ն Ավետիսյան, պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հացի արտադրության ծավալները այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.2 տոկոսով նվազել են…
-Մեզ մոտ աճել են արտադրության ծավալները: Ավելի մանրամասը նշեմ. մեզ մոտ լավաշի արտադրության ծավալները աճել են, բայց հացի արտադրությունը՝ նվազել: Մեր ընկերությունը մոտ 60 հացատեսակ է արտադրում. լավաշի ե՛ւ արտադրության, ե՛ւ իրացման ծավալները աճել են մոտ երեք անգամ:
-Վերլուծե՞լ եք, թե ինչու են մարդիկ նախընտրում լավաշը:
-Լավաշը բարաքյաթով հաց է: Օրինակ՝ 1 կգ լավաշ օգտագործողը օգտագործում է մոտ 1 կամ 1.5 կգ հաց: Իսկ գնային տարբերությունն էլ հսկայական է, որովհետեւ լավաշը ավելի էժան է: Հացի մեջ խոնավությունը մոտ 40-45 տոկոս է, իսկ լավաշի մեջ՝ 10-12 տոկոս է: Մարդիկ դրա համար են ասում, որ լավաշը բարաքյաթով է:
-Լավ, Դուք պնդում եք, որ Ձեր ընկերության մասով հացի արտադրության եւ իրացման ծավալները չեն նվազել: Այդ դեպքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ԱՎԾ-ն հացի արտադրության 2.2 տոկոս նվազում արձանագրել:
-Պատճառը ստվերն է: Հացի գործունեությունը ստվերում է: Թխում, արտադրում են, բայց ցույց չեն տալիս, հսկողություն չկա: Մյուս կողմից այդքան փոքր արտադրություններին մեղադրել էլ հնարավոր չէ: Մարդիկ իրենց օրվա հացն են աշխատում, եթե շահույթը շատ լիներ, բնականաբար հարկային վճարներ էլ կտային: Այսօրվա ամենաէժան սննդատեսակը հացն է: Ընդհակառակը, այս ընթացքում հացի պահանջարկը պետք է ավելացված լիներ համեմատած մյուս սննդատեսակների հետ: Քանի որ հիմա մարդիկ հաց, պանիր ու կարտոֆիլ են ուտում: Ուղղակի թվերը չեն հրապարակվում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՊԱՎԼԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է ուղարկել Պավլիկ Մանուկյանին:
«Սիրելի՛ Պավլիկ, բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից: Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել եւ չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, եւ մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է:
Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ եւ հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, եւ երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, այո՛, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը եւ այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:
Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել, ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի եւ քո ընտանիքի համար:
Ուստի եղբայրաբար խնդրում եմ՝ դադարեցնես հացադուլը եւ օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:
Հոգով եւ մտքով միշտ քեզ հետ:
Ժիրայր ՍէՖիլյան
«Վարդաշեն» ՔԿՀ- ից օգոստոսի 4, 2016թ.»:

 

ՊԱՎԼԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ
«Մեր «Սասնա ծռերի» վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու՝ ապրելով ազատության բերկրանքը եւ այն սերունդներին փոխանցելու երաշխիքով: Ի՛մ սիրելի հայ ժողովուրդ, քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր: Միշտ վախեցել եմ անիմաստ եւ էժան մեռել լինելուց: 2.5 տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս՝ ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից՝ որպես քո ձեռքին կենդանի սուր: Իմ այս որոշումը՝ հացադուլը, պայքարի ձեւ է, թեկուզ նահատակության գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է: Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սէֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր եւ պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայն դու: Այլեւս այդ սուրը պատյան չտանելով», – գրել է Պավլիկ Մանուկյանը:
Հ.Գ. Երեկ՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը:

 

 

 
ՄՆԱՑԵԼ ԵՆ ՓՇԱԼԱՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Տավուշի մարզի Դեղձավան գյուղի բնակիչները մի քանի տարի է, ինչ ստիպված վճարում են մի բանի համար, որից բացարձակ չեն օգտվում: Խոսքը համայնքի բալանսի վրա գտնվող վարելահողերի մասին է, որոնք սահմանակից են Վրաստանի Հանրապետությանը:

2007 թվականին ազգային անվտանգության ծառայությունը հայ-վրացական պետական սահմանագծի երկայնքով առանձնացրել եւ ցանկապատել է սահմանային շերտ, որի հետեւանքով համայնքային շուրջ 50 հեկտար հողատարածք (10 հեկտարը՝ վարելահող, 40-ը՝ խոտհարք), ճանաչվել են չեզոք գոտի:
Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ նշված 50 հեկտար հողատարածքը գտնվում է փշալարից այն կողմ ու համարվում է չեզոք գոտի, որտեղ մուտք գործելու համար բնակիչներն ու անգամ հողատարածքի սեփականատերերը պարտավոր են անցաթուղթ հանել. «Հողերը մերն է, բայց գտնվում է փշալարից այն կողմ: Տարեկան հարկերը վճարում են Դեղձավանի բակիչները»,-ասաց նա:
Ըստ համայնքի ղեկավարի՝ գյուղացիները կարող են մշակել իրենց հողերը, սակայն պետք է անցաթուղթ հանեն ամեն անգամ մուտք ու ելք անելիս. «Բայց չեն մշակում, մշակող եղնեն, ներքեւում ունեցած հողերը կմշակեն, ուր մնաց դրանք մշակեն»:
Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հարկ վճարում, եթե չեն մշակում ու ինչո՞ւ չեն հրաժարվում փշալարից այն կողմ գտնվող վարելահողերից, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Իրենց սեփական հողերն են, դրա համար էլ պարտավոր են վճարել, իսկ չեն հրաժարվում, քանի որ չեն ուզում»:
Փշալարից այն կողմ հայտնված հողերի սեփականատերերին կառավարությունը առաջարկ է արել, որը, սակայն, տեխնիկապես հնարավոր չէ իրագործել. «Կառավարությունը առաջարկել է փշալարից այն կողմ հայտնված հողերը փոխարինել պահուստային հողերով, բայց մենք էսօր դրան համարժեք պահուստային հողեր չունենք»,- նշեց համայնքապետը:
Մեր տեղեկություններով՝ գյուղացիներից ոչ ոք սկզբնական շրջանում չի վճարել հարկերը, դեռ ավելին՝ փոխհատուցում են պահանջել կառավարությունից, որը, սակայն, փաստացի մինչ օրս չի կատարվել:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս