«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները գտել են այն ձեւը, թե ինչպես պետք է հրաժարվեն ընտրական ցուցակների կազմման նոր համակարգը ներդնելուց: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում փոփոխություն կատարեց, որով նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած կամ ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին: Ըստ այդմ, նույնականացման քարտ ստանալիս պետք է վերցվեն քաղաքացիների տասը մատների մատնահետքերը: ԸՕ համապատասխան փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 1-ից հետո: Բայց մինչ այդ համապատասխան համակարգն արդեն ձեռքբերված եւ ներդրված պետք է լինի: Սա կարեւոր է այն իմաստով, որ Հայաստանի ընտրողների ցուցակները փաստացի «կմաքրվեն», քանի որ դրանում ներառված կլինեն միայն երկրում գտնվող ընտրողների տվյալները:
Սկզբում կասկածներ կային, որ այս նպատակի համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հնարավոր չի լինի հայթայթել, քանի որ ՀՀ կառավարությունը հայտարարել էր, թե դրանից միայն 3 մլն եվրոն է հնարավոր պետբյուջեից հատկացնել: Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, խոստացել են հատկացնել անհրաժեշտ գումարը: Մնում է արդեն իշխանության ցանկությունը: Սակայն այժմ էլ ՀՀ կառավարությունը կարծես այլ պատճառ է գտել, որպեսզի նոր համակարգը չներդնի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքեր արտադրող ընկերությունները հրաժարվում են 1-2 ամսում խնդիրը լուծելու տարբերակից: Ու եթե նույնականացման քարտի տրամադրման համար անհրաժեշտ մատնահետքերի թիվը, որ պետք է, ըստ նոր կարգի, վերցվի բոլոր 10 մատներից, չնվազեցվի` թողնելով գործող` 2 մատներից վերցվելիք տարբերակը, ապա ՀՀ կառավարությունը հնարավորություն կունենա «օբյեկտիվ» պատճառներով հրաժարվել նոր համակարգը ներդնելուց: Չէ՞ որ հենց մասնագետներն իրենք են ասում, որ 10 մատներից մատնահետք վերցնելու պայմաններում 1-2 ամսում չեն կարողանա համակարգ ներդնել: Ահա, այսպես կկանգնենք հին, մահացածներով հարուստ ընտրացուցակների փաստի առջեւ:
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին այս պահին ոչ մի փաստաթուղթ չկա: Իսկ նման փաստաթղթի առկայության վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ նա ասել է. «Մամեդյարովն ասում է՝ ինչ-որ փաստաթուղթ կա, որը քննարկվում է, եթե կա, ցույց տվեք: Պուտինն ամեն ինչ հստակ ասել է. չկան նման փաստաթղթեր: Այլ հարց է, որ բանավոր կերպով կողմերը կարող են քննարկել մոտեցումների տարբեր եւ նոր սցենարներ: Այդպես կարելի է քննարկել ամեն ինչ»,- ասել է Տարասովը: Իսկ այն հանգամանքը, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվում, ըստ ռուս քաղաքագետի, Ադրբեջանի մեղքն է: «Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ դիտորդների թիվը պետք է զգալի կերպով ավելանա: Ադրբեջանն ընդդիմանում է, նա հասկանում է իրավիճակը: Իհարկե, բանակցային գործընթացը երկարատեւ է, հեշտ չէ, բայց կարեւորն այն է, որ պատերազմ չլինի»,- ասել է Տարասովը:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելու հարցում առանցքային դերակատարությունն ունեցավ Արցախի ազգային հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց հենց Բալասանյանի վարած բանակցությունների արդյունքում: Հայտնի էր նաեւ, որ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խոստացել էր` ինքնակամ հանձնվելու դեպքում նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվելու, եւ խոշտանգման չեն ենթարկվի: Արցախի հերոսը խոստացել է անձամբ հետամուտ լինել, որպեսզի կտտանքները բացառվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը երեկ վերադարձել է Երեւան եւ այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում եւ «Նուբարաշեն»: Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ:
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով անցած յոթ ամիսներին ՀՀ կառավարությունը ներգրավել է 87 միլիարդ 500 մլն դրամի փոխառու միջոց: Այլ կերպ ասած՝ պարտքով գումարը վերցրել եւ հատկացրել են՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար: Նշենք, որ ներքին աղբյուրներից` գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված փոխառու միջոցներից պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար ծախսված գումարը կազմել է 56 միլիարդ 100 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեի պլանով ընթացիկ տարում պակասուրդի ֆինանսավորումը ներքին աղբյուրներից ողջ տարվա կտրվածքով պետք է կազմի 66 միլիարդ 877 միլիոն դրամ, որից փոխառու զուտ միջոցների հաշվին` 41 միլիարդ 982 մլն դրամ: Ավելին՝ պետական բյուջեի պլանով պակասուրդի ֆինանսավորումը գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման հաշվին չպետք է գերազանցեր 42 միլիարդ դրամը:
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ
Այսպիսով՝ մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են երկրի ներսում «վհուկների որսով», ձեւավորվում է նոր՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան տնտեսաքաղաքական համագործակցության առանցք, որը հեռանկարում խոստանում է հերթական, եւ գուցե վերջին անգամ, Հայաստանը դուրս թողնել տարածաշրջանային կարեւոր տնտեսական նախագծերից:
Երեկ Բաքվում Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններով Ադրբեջանը մի նոր եւ շատ կարեւոր քայլ կատարեց սեփական տնտեսաքաղաքական դիրքերի ամրապնդման գործում: Արդեն իսկ հայտնի է, որ վերը նշված եռակողմ համաձայնագրերի արդյունքում գործարկվելիք երկաթուղին օրակարգից իսպառ դուրս կթողնի այնքան երկար չարչրկված հայ-իրանական երկաթուղու կառուցման հեռանկարը: Մի բան, որը տարփողվում էր դեռեւս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներից եւ որը, ինչպես եւ մնացած հայ-իրանական նախագծերը, այդպես էլ մնաց թղթի վրա:
Եվ հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի եւ Արաքսի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման ուղղությամբ անցած տարիներին, բացի դատարկ հայտարարություններ անելուց, հայկական կողմն այդպես էլ գործուն քայլեր չձեռնարկեց, դե, իսկ երկաթուղու դեպքում էլ հնարավոր չեղավ ձեռք բերել ֆինանսական անհրաժեշտ միջոցները, որոնք, ի դեպ, բավականին մեծ էին՝ շուրջ 3 միլիարդ:
Եթե այն ժամանակ Իրանը պատժամիջոցների տակ էր, եւ այդ երկաթուղու կառուցումը նրա համար կենսական նշանակություն ուներ, ինչի պատճառով էլ վերջինս պարբերաբար հայտարարում էր, որ պատրաստ է սկսել իր սահմանում երկաթուղու կառուցումը հենց այն օրը, երբ դա կանի Հայաստանը, ապա հիմա արդեն, եթե անգամ ՀՀ իշխանություններին հաջողվի ինչ-որ հրաշքով ձեռք բերել անհրաժեշտ միջոցները /ինչի հետ կապված որոշակի հույսեր ունեին Չինաստանի հետ/, այդ երկաթուղու գործարկումն այլեւս չի հետաքրքրի իրանական կողմին:
Իրավիճակի ողջ ողբերգությունն այն է, որ ներկայիս Ադրբեջան-Իրան-Ռուսաստան մերձեցումը ոչ թե Իրանի կամ Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի անտեսման, այլ հենց մեր իշխանությունների բացարձակ անգործության արդյունքում է տեղի ունենում:
Եթե 2000թ. Ռոբերտ Քոչարյանը բավարար կամք չդրսեւորեց Իրան-Հայաստան գազատարը նախապես ծրագրված եւ տրանզիտային հնարավորություններ ընձեռող թողունակությամբ կառուցելու համար, ապա Սերժ Սարգսյանն առհասարակ Իրանի հետ համագործակցության որեւէ հնարավորություն չօգտագործեց՝ այդ անսպառ ռեսուրսը թողնելով մեր հարեւան Ադրբեջանի եւ արդեն իսկ Վրաստանի տնօրինմանը: