ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԳՆԱՑԵԼ Է «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին ԼՂՀ ազգային հերոս Վիտալի Բալասանյանի բանակցությունների արդյունքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ինքնակամ վայր դրեցին զենքերը եւ հանձնվեցին իրավապահներին: Մեզ հասած տեղեկություններով՝ ԼՂՀ ազգային հերոսը երեկ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող խմբավորման անդամներին:

Ինչպես արդեն գիտենք՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը եւ շուրջ 15 օր հրաժարվում էին հանձնվել իրավապահներին: Արդյունքում իշխանությունների եւ խմբավորման անդամների միջեւ առանց արյունահեղությունների խնդիրը կարգավորելու նպատակով Ստեփանակերտից Հայաստան եկավ ԼՂՀ ազգային հերոս Վիտալի Բալասանյանը եւ ստանձնեց միջնորդի դերը, եւ նրա գործուն ջանքերի շնորհիվ խմբավորման անդամները ինքնակամ հանձնվեցին իրավապահներին:
Արդեն 10 օր է, ինչ խմբավորման անդամները գտնվում են կալանքի տակ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանն ընդհատակից կրկնեց պահանջները. ««Հիմնադիր խորհրդարանը» գործում է ընդհատակից: Այո՛, նրա եւ նրա գործընկերների՝ «Ժառանգության» կուսակցության եւ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման առանցքային անդամներից եւ այլ համակիրներից շատերը ձերբակալված են, եւ մեր մոտակա խնդիրներից մեկը նրանց ազատումը պետք է լինի: Այս պահին պահանջներն են.
1.Քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում:
2.Քաղբանտարկյալների ազատում:
3.Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում:
4.Քաղաքական երկխոսության եւ փոփոխությունների անհապաղ սկիզբ, ազգային անցումային վստահության կառավարության ձեւավորում:
5.Սերժ Սարգսյանի հրաժարական:
6.Արտահերթ ընտրություններ»:
Արձանագրենք, որ այսքանով զինված աբստամբության գործունեությունն ավարտվեց, եւ հիմա մտել ենք իրավական փուլ, ինչը ենթադրում է, որ խմբավորման անդամները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որը կարող է իրականացվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:
Հիշեցնենք, որ խմբավորման անդամների գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով, ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով, 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: Սակայն չի բացառվում, որ հարուցված քրեական գործերը փոփոխության ենթարկվեն, քանի որ նախաքննության ընթացքում բազմաթիվ նոր երեւույթներ առաջ կքաշվեն, ինչն էլ, ըստ էության, կարող է նոր հարուցված քրեական գործերի հիմք հանդիսանալ:
Ու քանի որ զինված խմբավորման անդամների ինքնակամ հանձնվելու գործընթացը իրականացրել է ԼՂՀ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ըստ այդմ էլ նա շարունակում է հավատարիմ մնալ իր խոստումներին: Նախ կազմակերպեց խմբավորման անդամների հանձնվելու գործընթացը, որը չպետք է լիներ նսեմացուցիչ եւ առանց իրավապահների կողմից բերման ենթարկելու հայտնի շոու հիշեցնող տեսարանների, ինչպես նաեւ խոստացել էր, որ կալանավորվելուց հետո հետեւողական է լինելու, որպեսզի խմբի տղաները պատժի կրման ընթացքում կտտանքների կամ խոշտանգումների չենթարկվեն: Եւ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտից եկել է Հայաստան, այցելել է մի շարք կալանավայրեր, այդ թվում եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող խմբի տղաներին:
Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ Վիտալի Բալասանյանը ՔԿՀ-ում հանդիպել է Արայիկ Խանդոյանին` Միայնակ Գայլին, իսկ թե կոնկրետ ինչ են խոսել, մեզ պարզել չհաջողվեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ-ի մեկուսարանի աշխատակցի կողմից պաշտոնական անփութության մասով հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան:
Այս տարվա հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավոր Դ-ին խուզարկության էին ենթարկել, եւ այդ մասին ՔԿՀ-ի պատասխանատու-հերթապահ Էմիլը կազմել էր արձանագրություն: Ըստ կազմված արձանագրության՝ խուզարկությամբ կալանավոր Դ-ի մոտից հայտնաբերվել էր ընդհանուր 896 հազար ՀՀ դրամի արժողությամբ գույք եւ գումար: Տպավորությունն այնպիսին էր, որ, ըստ էության, իրավապահները կատարել են իրենց աշխատանքը, եւ ամեն ինչ այսքանով պետք է ավարտվեր: Սակայն կարճ ժամանակ անց ՔԿՀ-ի կալանավոր Դ-ն դիմում է իրավապահներին եւ հայտնում, որ իր իրերը անհետացել են, եւ, ահա, ՀՔԾ-ում կալանավորի հաղորդման հիման վրա հարուցվում է քրեական գործ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում նույն քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայող Էմիլին մեղադրանք է առաջադրվում պաշտոնեական անփութություն կատարելու համար:
Իսկ ինչ էին պարզել քննիչները: Էմիլն ԱԱԾ կալանավոր Դ-ի մոտից հայտնաբերված թանկարժեք ժամացույցն ու մատանին սահմանված կարգով չի պահպանել քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասում տեղադրված չհրկիզվող մետաղյա պահարանում, իսկ կանխիկ գումարը չի փոխանցել կալանավորի անձնական հաշվին: Ավելին՝ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պատասխանատու-հերթապահ Էմիլն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել, այլ հայտնաբերվածը ծրարավորված վիճակում դրել է հիշյալ հիմնարկի սենյակում, թողել է առանց հսկողության, որն էլ հետագայում հափշտակվել է:
Արդյունքում՝ Էմիլի՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառվել կալանքի տակ գտնվող Դ-ի իրավունքներին ու օրինական շահերին: Վերջինս զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն ու գումարը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու հնարավորությունից: Զարմանալին այն է, որ անգամ ԱԱԾ-ի մեկուսարանից են կալանավորների իրերը անհետանում, իսկ թե դա պատահականություն է եղել, թե ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն են մեջ-մեջ արել, կպարզվի դատարանում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

935 ԿՐԱԿՈՑ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հանգստյան օրերին Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց:

 

 
ԽՈՐԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ
«Մեր երկիրը գտնվում է չափից ավելի խորը ճգնաժամի մեջ: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք` որպես երկիր, գոյության խնդրի առաջ ենք գտնվում: Շատ երկրներում կարող են խորը խնդիրներ լինել, բայց դրանք կարող են դատապարտված չլինել վերացման»,- երեկ կալանքից ազատ արձակվելուց հետո հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով՝ իր իրավունքները ՔԿՀ-ում ոտնահարվել են: 10 օրերի ընթացքում Ենիգոմշյանը տեղեկատվություն չի կարողացել ստանալ: Բացի այդ՝ նրան ներկայացրած մեղադրանքում բազմաթիվ օրինախախտումներ են եղել: «Ժողովուրդը պետք է նորից դուրս գա փողոց, հավաքների մի քանի օրով կասեցումը դեռ ոչինչ չի նշանակում, հավաքներ լինելու են»,- ընդգծել է նա:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆՈՎ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին տրամադրվել է 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը ներառյալ։ Այսպիսով՝ իր «գործը հաջողությամբ» կատարելուց հետո Երանոսյանը մեկնել է «վաստակած հանգստի»: Հարցն այն է՝ արդյո՞ք նա կվերադառնա արձակուրդից:

 

 

ՉԱՌԱՆՁՆԱՑՆԵԼ
«Ողջունում եմ Վարուժանի ամենօրյա պայքարի կոչը: Ինքս խորը հարգանք ունեմ Ալեք Ենիգոմշյանի հանդեպ: Բայց կարծում եմ, որ պետք է պայքարը չառանձնացնել կոնկրետ անձերի մասով,- ասել է «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը,- մենք ունենք ռազմագերիներ` ինչպես իրենք իրենց կոչեցին, եւ ունենք պատանդներ` օրինակ, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Ալեք Ենիգոմշյանը: Բոլորիս պարտքն է նրանց ազատության համար պայքարելը: Այն, ինչ այսօր կատարվում է նրանց հետ, վաղը կարող է կատարվել յուրաքանչյուրիս հետ»:

 

 

ԱՅԴՔԱՆ ՍԱԴԻՍՏ
Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը երեկ լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակի մասին մանրամասներ, նշել է, որ իր գործընկերը մինչ օրս հիվանդանոցում է, գտնվում է նախաինֆարկտային վիճակում: «Մեր քաղաքացիները շատ անպաշտպան են: Ես չեմ կարողանում հասկանալ` եթե մարդուն հասցրել են այդ վիճակին, ինչո՞ւ չեն կարողանում փոխհատուցել վնասի համար: Այսքան սադիստ որտեղի՞ց: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես աղքատության եզրին եմ կանգնած, եւ ինձ նման շատերն են այդ վիճակում: Եթե ներսում ցնցումներ կան, միեւնույն է` քանդվելու է: Ոչ մի կուսակցության չի կարելի վստահել. նրանք բոլորն էլ վաճառված են»,- ասել է Արտավազդ Բայաթյանը:




Լրահոս