ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 17:00-ին, հայաստանյան մեդիադաշտի 15 ներկայացուցիչներ «Հանուն խոսքի ազատության» խորագրով հավաք են կազմակերպելու Ազատության հրապարակում: Սա Հայաստանում կարելի է ասել աննախադեպ ակցիա է, քանի որ տարբեր դիրքորոշում ու պատկերացում ունեցող մի շարք խմբագիրներ գործող իշխանությանը կոնկրետ պահանջներ են ներկայացնելու` տալով վերջնաժամկետ: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանների թիկունքից հարձակվեցին լրագրողների վրա ու թիրախավորված ծեծի ենթարկեցին մեր գործընկերներին, կոտրեցին մասնագիտական գործիքները: Ազատության հրապարակում տեղի ունենալիք հավաքի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք, որին կարող են մասնակցել ինչպես լրագրողներ, այնպես էլ՝ իրավապաշտպան, լրագրողական կազմակերպություններ: Համբերության բաժակը լցվել է:

 

 

 
Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից հարեւան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, ավելի կոնկրետ արտադրողները սկսել են գայթակղիչ առաջարկներ ստանալ: Ըստ նույն տեղեկությունների՝ գործարարներին բարձր` արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպման են հրավիրում եւ առաջարկում իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան: Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ եւ անարգել արտահանում եվրամիության անդամ երկրներ: Բացի այդ՝ սկզբնական շրջանում խոստանում են նաեւ մի շարք հարկային արտոնություններ: Ի դեպ, Հայաստանի բազմաթիվ խոշոր գործարարներ, այդ թվում պաշտոնյաներ, վաղուց Վրաստանում տարբեր արտադրություններ են հիմնել:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունում ներկաներից մի քանիսը պնդել են, որ տեղի ունեցածն անհրաժեշտ է վերաորակել որպես ահաբեկչություն: Իսկ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին էլ մեղադրանք առաջադրել ահաբեկչություն կազմակերպելու հատկանիշներով: Այս մոտեցման կողմնակիցներին հատկապես ոգեւորել է այն փաստը, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի 1-ի իր ելույթում տեղի ունեցածը որպես ահաբեկչություն է որակել: Սակայն իրավապահների ղեկավարներից մի քանիսը նման տարբերակին դեմ են արտահայտվել՝ փաստելով, որ տեղի ունեցածն ահաբեկչության հետ ընդհանուր ոչինչ չունի: Ի վերջո, որոշել են տեղի ունեցածի քրեաիրավական որակումը թողնել նույնը՝ շինություններ, տրանսպորտային միջոցներ զավթելը եւ ապօրինի զենք-զինամթերք կրելն ու օգտագործելը:

 

 

 
Ինչպես հայտնի է` այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են: Կիսամյակի կտրվածքով շինարարության անկումը, անցած տարվա համեմատ, կազմել է 7,8 տոկոս: Սակայն ուշագրավն այն է, թե հատկապես որ միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն է կտրուկ նվազել: Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել է ավելի քան 70 տոկոսով: Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են ավելի քան 30 տոկոսով: Իսկ ինչ վերաբերում է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությանը, այստեղ անկումը կազմել է 9 տոկոս: Փաստորեն, Հայաստանում շինարարական աշխատանքները հիմնականում իրականցվել են միջազգային վարկային միջոցների եւ բարեգործական միջոցների հաշվին: Այլ կերպ ասած՝ մեր տնտեսությունն այլեւս կենդանության նշաններ ցույց չի տալիս:

 

 

 
ՎՏԱՆԳԱՎՈՐ
Այսպիսով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը թեւակոխում է առավել վտանգավոր փուլ, երբ զարգացումները բոլոր ուղղություններով ընթանում են ի վնաս Հայաստանի: Նախօրեին Ադրբեջանում կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը այս առումով նոր իրավիճակ է ձեւավորում՝ հատկապես ավանդաբար Հայաստանի շահերի հարցում նրբանկատ Իրանի դիրքորոշման հնարավոր փոփոխությունների հարցում: Ի վերջո, մեկ բան է, երբ խոսքը պատժամիջոցների տակ գտնվող եւ արտաքին ելք չունեցող Իրանի մասին էր, որը զուգահեռաբար ուներ լրջագույն տարաձայնություններ Ադրբեջանի, մասամբ՝ նաեւ Ռուսաստանի հետ, մեկ այլ բան, երբ արդեն խոսքը ազատ տնտեսաքաղաքական հարաբերությունների հնարավորություն ունեցող եւ հենց Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ նոր տնտեսական կարեւոր նախագծեր ծրագրող Իրանի մասին է: Բնականաբար, վերջինի դեպքում արդեն կարող են եւ, ըստ ամենայնի, կլինեն այլ մոտեցումներ նաեւ Ղարաբաղի հարցում, մանավանդ որ խոսքը առավել գլոբալ՝ եվրասիական խաղի մասին է, որում շատ կարեւոր դերակատարություն կարող է ունենալ նաեւ Իրանը:
Մյուս կողմից էլ երեկ Սանկտ Պետերբուրգում, փաստորեն, արձանագրվեց ռուս-թուրքական հարաբերությունների վերամերձեցումը, որը եւս իր կարեւոր անդրադարձն է ունենալու ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առաջիկա զարգացումների վրա: Արդեն իսկ եվրասիականության կնքահայրերից Ալեքսանդր Դուգինի եւ այլ ռուս քաղաքագետների կողմից ընդգծվում է, որ այս երկուստեք ընթացող պրոցեսներում առանձնահատուկ դերակատարություն է ստանձնում Ադրբեջանը, ով դառնում է ուղղակի անփոխարինելի խաղացող թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի հետ ունեցած իր քաղաքակրթական կապերով, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի հետ օրեցօր խորացող ռազմավարական գործընկերությամբ: Եվ, ըստ էության, հենց Ադրբեջանին է վերապահվում կապող օղակի դերը նոր՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իրան բեւեռի ձեւավորման հարցում. մի բան, որը հանդիսանում է Ռուսաստանի հեռահար եւ գլոբալ ռազմավարական նախագիծը: Եվ ինքնին հասկանալի է, որ այս իրավիճակում ՀՀ ԼՂՀ շահերի պաշտպանությամբ դառնում է այս առանցքի գերտերությունների կոկորդին կանգնած ոսկոր, որը հեռացնելու ուղղությամբ քայլերը կարող են լինել շատ ավելի շուտ եւ շատ ավելի ցավոտ:
Համենայն դեպս, այսօր Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումը որեւէ լավ բան չի կարող խոստանալ մեզ՝ անկախ այն բանից, թե ինչքան եւ ինչպիսի ջանքեր կփորձի գործադրել Սերժ Սարգսյանը: Ի վերջո, նա ամբողջ 8 տարի սեփական աթոռը պահելու դիմաց զբաղված է եղել կամակատարությամբ, եւ այս փուլում նրա ընդդիմանալը որեւէ կերպ ընկալելի չի լինելու Պուտինի համար: Ազատագրված տարածքների հանձնմանն ուղղված ճնշումներին դիմագրավելու միակ ճանապարհը Ս. Սարգսյանի հեռացումն է:




Լրահոս