ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքային տրանսպորտի սակագնի ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողովն առաջիկայում կավարտի իր աշխատանքը, եւ արդեն իսկ գրեթե կասկածից դուրս է, որ արդյունքում Տարոն Մարգարյանը տրանսպորտի սակագինը թանկացնելու մասին նոր որոշում կընդունի: Ընդ որում, չի բացառվում, որ այս անգամ այդ թանկացումն ավելին լինի, քան ամռանը: Չէ՞ որ արդեն իսկ դրա համար ստեղծվել են ֆորմալ հիմքերը: Քաղաքապետն իր որոշումը կհիմնավորի հանձնաժողովի 36 շահագրգիռ անդամների կատարած աշխատանքի արդյունքում տրված եզրակացությամբ, որը, դատելով վերջին քննարկումներից, բնականաբար, լինելու է հօգուտ սակագնի թանկացման: Իսկ այս հեռանկարը կանխելու համար ի՞նչ արեցին Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամները, քաղաքացիական ակտիվիստներն ու հասարակական կազմակերպությունները: Ցավալի է, սակայն` ոչինչ: Նրանք գերադասեցին անգործությունը` դա կոչելով հանձնաժողովի աշխատանքների բոյկոտ: Իհարկե, դա ամենահեշտ եւ հարմար ճանապարհն էր` ոչինչ չանել, քաշվել մի կողմ, թողնել, որ Տարոն Մարգարյանն իրեն սպասարկող հանձնաժողովականներով հարցը լուծի իր ցանկացած ձեւով, ապա նոր միայն քաղաքային իշխանությանը գամել անարգանքի սյունին` տարբեր փողոցային ակցիաների ընթացքում փորձելով իրականացնել սեփական փիառը: Սակայն տրանսպորտի սակագնի առաջիկա թանկացման մեջ հատկապես Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներն ավելի մեծ մեղքի բաժին կունենան, քան Տարոն Մարգարյանի սպասարկուները: Ի վերջո, երեւանցիները, իրենց ձայնը տալով ընդդիմադիր «Բարեւ, Երեւա՛ն» դաշինքի անդամներին, հույս ունեին, որ նրանք քաղաքային իշխանությունում լինելու էին իրենց խոսափողն ու շահերի պաշտպանը: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Բարեւ, Երեւա՛ն» դաշինքը այս կարեւորագույն հարցում պարզապես լվաց ձեռքերը` հայտարարելով, թե, միեւնույն է, իրենց մասնակցությունը ոչինչ չէր փոխելու: Նույն կերպ վարվեց նաեւ այլընտրանքային ԲՀԿ խմբակցությունը, որի դեպքում, սակայն, քչերը զարմացան: Եվ ստեղծված իրավիճակում, թերեւս, սպասելի էր, որ  հանձնաժողովի 34 անդամների դեմ միայնակ պայքարող հասարակական երկու կազմակերպությունների ներկայացուցիչները` «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը եւ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Արմեն Պողոսյանը եւս պետք է վայր դնեին «զենքերը», քանի որ, ինչպես նշեց Պիպոյանը, իրենց ներկայությունն այդ հանձնաժողովում ոչինչ չէր փոխում: Մինչդեռ եթե Պիպոյանի եւ Պողոսյանի կողքին այդ նույն հանձնաժողովում լինեին նաեւ Երեւանի ավագանու  «Բարեւ, Երեւա՛ն» դաշինքի, ԲՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաեւ սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների ներկայացուցիչները, պատկերը բոլորովին այլ կլիներ: Իհարկե, դարձյալ Տարոն Մարգարյանի սպասարկուները մեծամասնություն կլինեին, բայց, համենայնդեպս, նրանց հակադարձողների ձայնը լսելի կլիներ, եւ Տարոն Մարգարյանին առնվազն այդքան հեշտ չէր լինի ուղեւվարձի` իր համար ցանկալի գնի հաստատման եզրակացություն ստանալը:




Լրահոս