Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար խնդիրները բազմաթիվ են` սկսած գործազրկությունից, ավարտած տեղաշարժվելու դժվարություններով: Վերջինի հետ կապված` խիստ հրատապ է թեքահարթակների առկայության հարցը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի` անցած շաբաթ տեղի ունեցած ընդլայնված նիստում Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության սոցիալական բաժնի առաջատար մասնագետ Գայանե Բոջուկյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում Լոռու մարզի 36 առողջապահական ընկերություններից 23-ում կառուցվել են թեքահարթակներ, որոնցից, սակայն, միայն ութն է համարվում մատչելի: Մինչ այսօր թեքահարթակ չունի Լոռու մարզային արյան փոխներարկման կայանը: Մարզում գործող 163 կրթական հաստատություններից միայն 88-ում է առկա թեքահարթակ, ընդ որում դրանցից 12-ը կառուցվել է այս տարի: Թեքահարթակներից 33-ը մատչելի են, մյուսներում դեռեւս այդ խնդիրը լուծված չէ: Մարզի համայնքների վարչական շենքերից միայն 29-ի մուտքի մոտ է առկա թեքահարթակ: Իսկ նույն հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է Ճապոնիայի կառավարության Սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ Լոռու մարզում թեքահարթակներ կառուցել: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից առաջարկվել է թեքահարթակներ կառուցել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի, Սպիտակի նախակրթական հաստատության եւ Ալավերդու մշակույթի կենտրոնի մուտքերի մոտ:
Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության խնդիրը: «Լայֆ» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտության արդյունքները, ըստ որոնց` հենց գործազրկությունն է այսօր հաշմանդամների համար թիվ մեկ խնդիրը, քանի որ վերջիններս սոցիալապես ամենաանապահով խավերի ներկայացուցիչ են: Լոռու մարզպետը նշեց, որ մարզի քաղաքապետարանները եւս գործուն մասնակցություն են ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությանն ուղղված տարբեր ծրագրերում: Մասնավորապես արդեն պայմանավորվածություն կա մարզկենտրոնում ստեղծել, այսպես կոչված, «կանաչապատման թիմ», որտեղ ընդգրկված աշխատողների 70 տոկոսը կլինեն հաշմանդամություն ունեցող անձինք: Սպիտակ քաղաքում նախատեսվում է ստեղծել ջերմոց, որտեղ աշխատանքով կապահովվի հաշմանդամություն ունեցող եւս 15 անձ:
Լոռի