ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ:
Ըստ վիճակագրական տվյալների` այսօր 130 միլիոն մարդ գոյատևում է հատկացվող մարդասիրական օգնության շնորհիվ: Եթե բոլոր կարիքավոր մարդկանց միասին վերցնենք, ապա նրանք կկազմեն տասներորդ ամենաբազմամարդ ազգը երկրի վրա:
Այս թվերն իսկապես ապշեցուցիչ են, սակայն ներկայացնում են ընդհանուր պատկերի միայն մի փոքր մասը: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ և համայնքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է: Սրանք նույնպիսի մարդիկ են, ինչպես և դուք ու ես. երեխաներ, կանայք, տղամարդիկ, որոնք ամեն օր բախվում են ծանր խնդիրների լուծման հետ: Սրանք ծնողներ են, որ պետք է ընտրեն, թե ինչ գնեն երեխաների համար առաջին հերթին, ուտելի՞ք, թե դեղորայք. սրանք երեխաներ են, որ պետք է ընտրեն դպրոց
գնալ, թե՞ ընտանիքին օգնելու համար աշխատանքի գնալ. ընտանիքներ են, որոնք ռմբակոծության ժամանակ կամ պետք է ռիսկի ենթարկելով իրենց կյանքը մնան տանը, կամ դիմեն ծովով վտանգավոր փախուստի:
Այսօր մենք չունենք պարզ ու արագ լուծումները վերացնելու այն ճգնաժամային պայմանները, որ մարդկանց գցել են նման ծանր իրավիճակի մեջ: Բայց կան բաներ, որ մենք բոլորս կարող ենք անել՝ այսօր և ամեն օր: Մենք կարող ենք ցուցաբերել կարեկցանք, մենք կարող ենք բարձրացնել մեր ձայնը անարդարության դեմ և մենք կարող ենք աշխատել հանուն փոփոխության:
Մարդասիրության համաշխարհային օրը ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման: Սա նաև առիթ է ըստ արժանվույն գնահատելու այն աշխատանքը, որ իրականացնում են մարդասիրական ոլորտի աշխատողներն ու կամավորները ճգնաժամերի դեմ պայքարի առաջնագծում: Ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր այն նվիրյալ կանանց և տղամարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը օգնում են նրանց, ում կյանքին ավելի մեծ վտանգ է սպառնում:
Այսօր, ես կոչ եմ անում բոլորին միանալ Միավորված ազգերի կազմակերպության կողմից իրականացվող «Աշխարհ, որ կնախընտրեիք ունենալ» քարոզարշավին: Ի լրումն նրան, որ այս քարոզարշավն ուղղված է իրազեկության բարձրացմանն ու կարեկցանքի առաջացմանը, այն ունի նաև կոնկրետ նպատակ` հայթայթել գումարներ ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի համար և աջակցություն ցուցաբերած բոլոր անհատներին գրանցել որպես «մարդասիրության սուրհանդակներ»: Մենք բոլորս պետք է պահանջենք մեր հասարակություններից և կառավարություններից մարդասիրությունը դասել ամեն ինչից վեր:
Ավելի վաղ այս տարի, 9000 մարդ Ստամբուլում մասնակցեց Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին: Համաշխարհային առաջնորդները իրենց վրա հանձնառություն վերցրեցին վերափոխել հակամարտության, աղետի և բարձր խոցելիության պայմաններում ապրող մարդկանց կյանքը: Նրանք միավորվեցին մարդասիրությանն ուղղված օրակարգի և այդ օրակարգի շրջանակներում ընդունված ոչ ոքի չանտեսելու մասին պարտավորության շուրջ:
Այս խոստումը նաև Կայուն զարգացման նպատակների կենտրոնական բաղադրիչն է, որի կիզակետում են գտնվում մարդու իրավունքների, դիմակայունության ապահովման ու աղքատության վերացման հարցերը: 17 գլոբալ նպատակների իրականացումը 15-ամյա ծրագիր է, ուղղված կարիքների ու խոցելիության նվազեցմանն ու ամբողջ աշխարհում խաղաղության, արժանապատվության և բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման ապահովմանը:
Այս ճանապարհին միասնական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը ստանձնի իրեն հասանելիք դերը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը աշխարհը փոխելու հարցում: Այս Համաշխարհային մարդասիրության օրը եկեք միավորվենք հանուն մարդկության և ցույց տանք, որ մենք անում ենք և կանենք ամեն ինչ, որպեսզի ոչ ոք չանտեսվի: