ԽԵՂԴՎԵԼ ԵՆ
Նոյեմբերի 13-ին Սեւանա լճում անհետացել են Ծովակ գյուղի երկու բնակիչներ: Երեկ ափից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ, 1970թ. ծնված Նվեր Հարությունյանը եւ 1988թ. ծնված Արթուր Վարդանյանը, քանի որ վաղ առավոտյան՝ ժամը 05:00-06:00-ի սահմաններում, նրանք դուրս են եկել լիճ՝ խեցգետին որսալու: Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Ծովակի ղեկավար Գարի Հակոբյանն ասաց, որ որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ կսկսվեն այսօր՝ առավոտյան: Նրա ներկայացմամբ՝ 25-ամյա Արթուրն ունի երկու անչափահաս աղջիկ, իսկ Նվերը՝ 4 անչափահաս երեխա. «Ի՞նչ անեն, խեցգետնաորսությամբ են զբաղվում, որ յոլա գնան»: Նշենք, որ նոյեմբերի 12-ին էլ նույն պատճառով լիճը մտնելիս ջրահեղձ էր եղել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչ 41-ամյա Կորյուն Պողոսյանը:
ԱԲՍՈՒՐԴ Է
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված ավելի քան 160 բնակարանատերեր այսօրվանից սկսելու են իրենց բողոքի ակցիաները: Նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը, ինչի համար էլ շենքն այժմ գրավադրված է «Արցախբանկ»-ում: Մոտ օրերս բանկը բնակիչներին առաջարկ է ներկայացրել, ըստ որի՝ շենքի ինքնարժեքը Դավթաշենի մասով բնակելի տարածքի 1 քմ-ն կազմում է 900 ԱՄՆ դոլար, բիզնես տարածքի 1 քմ-ն՝ 1100 ԱՄՆ դոլար, իսկ նկուղի 1 քմ-ն՝ 400 դոլար: Փափազյան շենքի մասով գները հետեւյալն են. բնակելի տարածքի 1 քմ-ն՝ 1200 դոլար, ավտոտնակը՝ 10 հազար դոլար: Բացի այս՝ վկայական ունեցող բնակիչներից գանձվելու է եւս 50 ԱՄՆ դոլար: Ըստ «Արցախբանկ»-ի՝ «Տոնուս» ՍՊԸ-ի պարտավորության չափը կազմում է 7 մլն դոլար, որից 2 մլն 300 հազար դոլարի գույքը ծանրաբեռնված չէ: Բանկը պատրաստ է 4 մլն 700 հազար դոլար պարտքը զիջել բնակիչներին, եթե նրանք պարտավորվում են վճարել ամբողջ պարտքը, ընդ որում, 1 մլն դոլարը Փափազյան շենքի մասով, իսկ 3 մլն 700 հազար դոլարը Դավթաշենի շենքի մասով: Սակայն բնակիչները վստահեցնում են, որ շարունակելու են իրենց պայքարը:
ՄԻ՛ ՓԱԿԵՔ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ
Lorinews.am-ի փոխանցմամբ` երեկ բողոքի ցույցի են դուրս եկել Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանի շուրջ 150 ուսանողներ ու դասախոսներ, ովքեր պահանջում են «չվերացնել» Պոլիտեխնիկը: Նրանք բողոքի երթով Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղից շարժվել են դեպի Հայքի հրապարակ՝ Լոռու մարզպետարան: Հավաքվածները հայտնել են, որ իրենք պահանջում են, որ Պոլիտեխնիկը շարունակի գործել: «Էսօր Պոլիտեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու… ո՞ւմ է պետք երկիրն առանց ինժեների, սա ի՞նչ խայտառակություն է»,-դժգոհել են դասախոսները:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՆ
Հատված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի՝ «168 ժամ»-ին տված հարցազրույցից:
-Պրն. դեսպան, սկսենք ամենաթարմ իրադարձություններից՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը՝ թե՛ Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների, թե՛ ոստիկանության գործողությունների առումով։
– Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին խոսելով՝ կցանկանայի նշել, որ մենք՝ ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի ոստիկանության հետ ունեցել ենք բավականին ուժեղ եւ ակտիվ ծրագիր։ Աշխատել ենք ոստիկանության հետ՝ ինչպես կառավարել ամբոխին, որն է բողոքի ակցիաների ժամանակ ճիշտ եւ սխալ ճանապարհը։ Թե՛ կոնկրետ այս միջադեպի մասով, թե՛ ընդհանրապես, կարող եմ ասել, որ ոստիկանության գործողությունները զգալիորեն բարելավվել են։ Եվ հաշվի առնելով նախկին ՝ քաղաքապետի եւ հանրապետության նախագահի ընտրությունները, կարելի է ասել, որ խաղաղ ակցիաներ անցկացնելու մարդկանց իրավունքը հիմնականում պահպանվել է ոստիկանության պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Այնպես որ, մենք դա գնահատում ենք եւ ողջունում: