Հայաստանի պաշտոնական վիճակագիրներն ու տնտեսության վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ պատրաստող պաշտոնյաների երեւակայության անսահմանությունը վաղուց հանրահայտ իրողություն է, սակայն երբեմն նրանք էլ այնպիսի զեղծարարության են դիմում, որ ակամա ապշել կարելի է, թե ինչպես են մարդիկ առանց անհարմար զգալու նման տեքստեր գրում:
Այսպես՝ պետական բյուջեի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի կատարողականի մասին ՀՀ ֆինանսների նախարարության կազմած տեղեկանքում, մեղմ ասած, շշմեցնող տվյալների կարող ենք հանդիպել: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով արդյունաբերության 8,9 տոկոս աճ են արձանագրել: Ֆինանսների նախարարության մասնագետները տեղեկանքում փորձել են պարզաբանել, թե ինչի հաշվին է այդ աճը տեղի ունեցել:
Արդյունքում, այդ փաստթղթում այսպիսի ձեւակերպման ենք հանդիպում. «Էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումն աճել է 11.4%-ով, ինչը պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման եւ բաշխման 15.8% աճով»: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է. մարդիկ էլէներգիայի աճ են արձանագրել, դրանում տարօրինակ ոչինչ չկա:
Սակայն հաջորդ նախադասություններում կարդում ենք. «Հատկանշական է, որ ոլորտի աճն ապահովվել է էլեկտրաէներգիայի բաշխման էական (շուրջ 65%) աճով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու հաղորդումը նվազել են՝համապատասխանաբար 2.3%-ով եւ 12%-ով: Էլեկտրաէներգիայի եւ ջերմաէներգիայի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 4.9%-ով` պայմանավորված հիմնականում ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի 22% նվազմամբ»:
Այսինքն՝ մի կողմից պնդում են, թե էլեկտրական էներգիայի մատակարարման աճ են արձանագրել, մյուս կողմից էլ նկատում, որ արտադրությունը նվազել է: Նշում են, թե էլէներգիայի բաշխումը շեշտակի աճել է, բայց հաջորդ պահին արձանագրում, որ հաղորդումը նվազել է: Եթե էլէներգիան քիչ է արտադրվել, ինչպես կարող էր բաշխումն աճել, չեղած բանը ինչպես են բաշխել:
Պակաս ուշագրավ չի նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ բերված տվյալները: Տեղեկանքի հեղինակները հպարտոթյամբ նշել են, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կաթի արտադրությունը 3,4 տոկոսով աճել է: Իհարկե, տոկոսային արտահայտությամբ այդ թիվը ընթերցողին կարող է ոչինչ չհուշել, սակայն պատկերն առավել հասկանալի է դառնում, երբ ուսումնասիրում ենք կաթի արտադրության ծավալները բնամթերքով: Այսպես՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 443 հազար 100 տոննա կաթ:
Այսինքն՝ ըստ պաշտոնական վիճակագիրների՝ օրական Հայաստանում արտադրվել է 2 մլն 461 հազար 660 լիտր կաթ, սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի ամեն մի բնակիչ օրը մեկ լիտր կաթ է սպառում: Իհարկե, շատերը կասեն, որ սուտ է, նորմալ մարդը այդքան կաթ եւ կաթնամթերք չի կարող սպառել, բայց այդ ամենը պաշտոնական վիճակագիրներին չի հետաքրքրում:
Հայաստանում ձվի ատադրության տվյալները ուսումնասիրելիս պատկերն ավելի դիտարժան է դառնում: Պարզվում է՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանում 419 միլիոն 600 հազար հատ ձու է արտադրվել, կամ մեկ օրում 2 միլիոն 331 հազար հատ: Կարելի է կարծել, թե պաշտոնական վիճակագիրներն իրենց հաշվարկներում ոչ միայն հավի, այլեւ ճնճղուկների ու ագռավների ձվերն էլ են ներառել:
Իսկ ինչու ոչ, ինչեր ասես, որ չես անի՝ աճ «նկարելու» համար: Բայց ողջ խնդիրը կայանում է նրանում, որ եթե այդքան ձու արտադրվել է, ապա այն պետք է նաեւ սպառվի: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ամեն մի բնակիչ օրական ուտում է առնվազն մեկ ձու: Հասկանալի է, որ դա անհնար է, բայց, դե, Հայաստանի պաշտոնական վիճակագիրների համար անհնար ոչինչ չկա:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ