ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին բավականին հետաքրքիր զեկուցագիր է կազմել 2007թ. փետրվարի 16-ին այնժամ ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Ջիմ ՄաքԴուգալի հանդիպման կապակցությամբ: «Վիկիլիքսի» շնորհիվ պարզվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի ռազմական հնարավորությունները` Ադրբեջանի հետ համեմատությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չեզոքությունը ԼՂ հակամարտության նկատմամբ: Չեն շրջանցվել նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները:
Այսպես՝ Սերժ Սարգսյանը իրեն հարազատ ոճով շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին` շարունակական ու ամուր դարձած հայ-ամերիկյան գործակցության համար: Սարգսյանը շեշտել է, որ տարիներ առաջ ոչ ոք չէր հավատա, որ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ նման բարձր մակարդակի հարաբերությունները հնարավոր են: Սարգսյանն արտահայտել է համոզմունք, որ ՀՀ Պնախարարությունը շարունակելու է կարեւորագույն ռազմական վերափոխումները` վերջնական նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի որակը:
Նա որպես օրինակ հիշատակել է Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական կոնտիգենտը` պատմելով նաեւ իր այցի մասին: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Իրաք կատարած այցելության ժամանակ համոզվել է, թե ինչքան մեծանշանակ է արհեստավարժ եւ ունակ զինված ուժեր ունենալը: 2007թ. դառնալով վարչապետ, իսկ 2008-ից առ այսօր աշխատելով որպես նախագահ` Սերժ Սարգսյանը ավելի լայն հնարավորություններ ուներ նպաստելու հայկական բանակի պրոֆեսիոնալացմանը:
Սակայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ սահմաններում կանգնած են 18-20 տարեկան, կարելի է ասել, անփորձ երիտասարդները: Իհարկե, դյուրին է դպրոցական նստարանից նոր ելած 18 տարեկան երիտասարդին, ընտանիքից կտրելով, տանել դիրքեր ու երկու տարի հետո վերադարձնել` որպես հերոս կամ հաշմանդամ: Այսպիսի սովետական ժամկետանց ավանդույթների շարունակումը ջանք չի պահանջում, մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելը բարդ գործ է, ինչի ժամանակը, իհարկե, իշխանությունները չունեն:
Ինչեւէ, տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցության խնդրին անդրադառնալիս Սերժ Սարգսյանն այնքան էլ լավատես չի եղել: Նրա տպավորությամբ` Հարավային Կովկասն այլեւս նախկին անվտանգ երկրամասը չէ, եւ ի հեճուկս արեւմուտքի միջնորդական առաքելության` Արցախում ռազմական գործողությունների վտանգն իսկապես մեծ է: Սարգսյանը նախագահ հռչակվելուց ընդամենը մեկ տարի առաջ նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանները հազիվ թե բացվեն մոտ ապագայում:
Իսկ, ահա, Վրաստանի հետ տիրող իրավիճակի կապակցությամբ նա արտահայտել է իր ափսոսանքը, որ Հայաստանը չի կարողանում հյուսիսային հարեւանի հետ մեծացնել ռազմական համագործակցության աստիճանը: Նրա պնդմամբ` թեեւ Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են, վերջինիս անվտանգության մարտահրավերներն ու համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի համար նպաստավոր չեն: Սարգսյանն ընդունել է, որ Վրաստանի որոշումները Հայաստանի դեմ չեն ուղղված եղել եւ հիմնված էին այդ երկրի բարգավաճման ու ազգային անվտանգության հիմնահարցերի վրա: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը բավականին լավ պատկերացրել է Վրաստանի ազգային շահերն ու խորը հարգանքով վերաբերվել դրանց: Մինչդեռ ցայսօր հրաժարվում է տեսնել Հայաստանի ազգային-պետական շահերը` որեւէ իրական բարեփոխում երկրում չանելու համառությամբ:
Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ գնահատել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Նրա համոզմամբ` հակամարտության խաղաղ կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը Ադրբեջանին թուլություն է թվացել` նպաստելով ռազմական բառապաշարի կիրառմանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանը գնում է պաշտպանողական զենք` մատնանշելով Ադրբեջանի կողմից ձեռք բերված 14 MIG-29 կործանիչների փոխարեն Հայաստանի հայթայթած պաշտպանական նոր համակարգերը:
Նրա ծանուցմամբ` 2006-ին Ադրբեջանը գնել էր 150 տանկ, որոնց Հայաստանն իր ունեցած հակատանկային պաշտպանությամբ միարժեքորեն ի վիճակի էր դիմագրավել: Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի պահպանել ռազմական օգնության հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ընդգծելով, որ Հայաստանի իշխանություններում չկա մեկը, որ ԱՄՆ-ին ադրբեջանամետ համարի: Սերժ Սարգսյանը բավականին նշանակալից հայտարարություն է արել` պնդելով, որ ԱՄՆ-ի աջակցությունը թույլ է տալիս հավասարակշռել Ռուսաստանի ու իսլամական երկրների կողմից Ադրբեջանին մատուցվող օգնությանը: Նա հայտնել է, որ 2003թ. Ռուսաստանն Ադրբեջանին տվել է 63 տանկ, իսկ Հայաստանին` 0:
Ահա այսպիսին էր Սարգսյանը պատկերացնում մեր անվտանգության համակարգը, երբ 2013թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերում հայտնվեց ԵՏՄ-ի գրկում: Քաջ գիտակցելով Ադրբեջանի ու Հայաստանի հետ Ռուսաստանի վարած խաղի առանձնահատկությունները, հրաշալիորեն իմանալով, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը` Սերժ Սարգսյանը չարաբաստիկ որոշումներով Հայաստանն էլ ավելի մեծ կախվածության մեջ գցեց Ռուսաստանից: Հետաքրքիր է` այդ ինչպիսի՞ օգնություն է ԱՄՆ-ն տվել կամ այսօր գուցե թե տալիս Հայաստանին, որ հավասարակշռում է Ադրբեջանի տիրապետած ռազմական հնարավորություններին:
Ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանն է պնդում, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին: Այդ աջակցությունն էլ, բնականաբար, Բուրկինա Ֆասոյի դեմ չէ ուղղված, այլ ուղղակիորեն Հայաստանի: Այսպիսի խոստովանություններից հետո կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է 2008թ. նախագահ դառնալուց հետո աստիճանաբար դուրս գար ռուսական ազդեցությունից, կա՛մ էլ օր առաջ հրաժարական տար` Հայաստանը հակառակորդների համար փորձադաշտ չդարձնելու մտավախությունից դրդված:
Ն. Հովսեփյան