ԱԼԻԵՎԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է 2010Թ. ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան դիվանագիտական արխիվի հերթական նմուշը հանդիսացող այս փաստաթուղթը հեղինակել է Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Դոնալդ Լուն: Վերջինս զեկուցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլլ Բարնսի միջեւ 2010թ. փետրվարին կայացած հանդիպման մանրամասները: Դիվանագիտական այս զրույցում շոշափվել են բավականին հետաքրքիր հարցեր, որոնք անմիջական առնչություն ունեին Հայաստանի հետ:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կենտրոնական է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նա հորդորում էր ամերիկացիներին Հայաստանի վրա ճնշումներ բանեցնել` զրկելով հայկական կողմին համաձայնությունն անընդհատ ձգձգելու հնարավորությունից: Ալիեւը շեշտում էր, որ միջազգային հանրությունը կարգավորմանը պետք է միջամտի բարձրագույն մակարդակով` Հայաստանին հասկացնելով, որ Արցախի անկախության հարցը չի կարող քննարկվել: Ալիեւի պատկերացմամբ` եթե Հայաստանը չհնազանդվի այդ տարբերակին, ապա պետք է տնտեսական մեկուսացման դատապարտել Հայաստանին` մասնավորապես վերջինիս զրկելով Ռուսաստանի տնտեսական աջակցությունից:
Սոչիի հանդիպմանն անդրադառնալով՝ Ալիեւը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը սեղանին փորձել է իր պայմանը դնել` կոնկրետացնելով ԼՂ-ում երկրամասի կարգավիճակը սահմանող հանրաքվեի կամ պլեբիսցիտի անցկացման ժամկետները: Ալիեւը նկատել է, որ այդ առաջարկը լիովին խաթարել է բանակցությունների ընթացքը, քանզի հանրաքվեի հանգող համաձայնագրով հանդերձ, դրա համար հստակ ժամկետներ սահմանելու կարիք չկա: Սոչիի հանդիպման ժամանակ հիմնական միջնորդությունն անող ՌԴ նախագահի դերակատարության կապակցությամբ էլ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իր տպավորությամբ Մեդվեդեւը անկեղծորեն է տրամադրված եղել: Ալիեւի պատմելով` Մեդվեդեւը փորձել է նույնիսկ համոզել Սերժ Սարգսյանին շոշափելի քայլ կատարել Սոչիում, սակայն «ինչ-որ տարօրինակությամբ» ռուսական ճնշումները Հայաստանի վրա գործնական առաջընթաց չեն ապահովել: Հայաստանի կողմից այդ ճնշումներին դիմագրավելը Իլհամ Ալիեւը կապել է ռուսական քաղաքական վերնախավում այդ շրջանում առաջացած հակադրությունների հանգամանքով: Իր տպավորությունները փոխանցելով` Ալիեւը հայտնել է, որ ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը սեփական ծրագրերն ու կարծիքն ուներ ԼՂ հարցի կարգավորման առնչությամբ, ինչով եւ բացատրելի է, որ բանակցությունները տապալվել են:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում էլ Ալիեւը եղել է բավականին հոռետես` իր հստակ բացասական վերաբերմունքը ցույց տալով ԼՂ հակամարտությունից առանձին ընթացող այդ գործընթացի նկատմամբ: Ամերիկյան դիվանագետների պնդումները, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է դրականորեն ազդել Սերժ Սարգսյանի վրա` ավելի ճկուն գործել Արցախի հարցում, Ալիեւը այնքան էլ չի կիսել: Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ գործընթացները պետք է գնան զուգահեռ, եւ երկուսից մեկի տապալումն էլ անխուսափելիորեն ազդելու է մյուսի ընթացքի վրա: Իրավամբ, նշյալ հանդիպումից մեկ տարի անց Կազանում Արցախի հարցով կայացած բանակցությունների ձախողումից հետո արդեն վերջնականապես ի չիք դարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը: Ի դեպ, Ալիեւի հնչեցրած մանրամասները թույլ են տալիս եզրակացնել, որ Պուտինը 2010-11թթ. անձնապես շահագրգռված չի եղել ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Պուտինը հաշվարկներով առաջնորդվող գործիչ է եւ լավ է պատկերացրել, որ ԼՂ խնդրում գործնական տեղաշարժերը պետք է խրախուսել այն ժամանակ, երբ դրանք ձեռնտու կլինեն առաջին հերթին Ռուսաստանին: Ի դեպ, Ալիեւն էլ հավանաբար Մեդվեդեւի տապալումից հետո է գլխի ընկել, որ ԼՂ հարցով պետք է բանակցել միայն Պուտինի հետ: Հետաքրքիր է՝ այս ամենից հետո ի՞նչ եզրահանգման է եկել Սերժ Սարգսյանը, որն ակներեւաբար ժամանակին ապավինել էր Պուտինին: Մի՞թե այսօր Պուտինը շարունակում է իր սեփական շահերը զուգակցել Հայաստանի շահերին, թե՞, այդուհանդերձ, մի խոշոր անակնկալ է պատրաստում:
Այս հանդիպման ժամանակ Ալիեւը խոսել է նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին: Ալիեւը վստահեցրել է, որ ինքը միանշանակորեն կողմ է Իրանի տնտեսական մեկուսացմանը եւ կոչ է արել ամերիկացիներին ավելի խիստ միջոցառումների դիմել: Ալիեւը հիշատակել է Մեդվեդեւի արած մեկնաբանությունը, ըստ որի` Ռուսաստանին ձեռնտու չէ ամերիկացիների կողմից ճնշված Իրան, բայց միեւնույն պահին ՌԴ-ն չէր ցանկանում տեսնել միջուկային հզորության տիրապետող եւս մեկ տերության: Ալիեւը շեշտել է, որ Իրանը ֆինանսավորում է իսլամական տարբեր ծայրահեղական խմբերին, ինչպես նաեւ Հզբոլլահին: Իրանի հետ հարաբերությունները Ադրբեջանը համարում էր խիստ լարված` ամեն պահի պայթելու պատրաստ: Սակայն այսօր մենք ականատեսն ենք տարածաշրջանում նոր իրողությունների, երբ Ադրբեջանը մեծ ջերմեռանդությամբ նպաստում է Իրանի ու Ռուսաստանի մերձեցմանը` ձգտելով իր ջեք-փոթը վերցնել այդ խաղում: Ժամանակավորապես մի կողմ դնելով Իրանի հետ տարաձայնությունները` Ալիեւը հեշտությամբ ընկալել է, որ նույն հաջողությամբ Իրան-Ռուսաստան առանցքում կարող էր հայտնվել Հայաստանը, եթե վերջինիս իշխանությունները որոշակի խիզախություն ունենային: Ցավոք սրտի, այսօր տարածաշրջանում համագործակցում են մեր բնական դաշնակիցն ու բնական մրցակիցը, իսկ մեզ մնում է միայն կողքից դիտել ու հուսալ, որ Ռուսաստանի նախաձեռնած խաղը եթե չտապալվի, ապա գոնե Հայաստանի վրա բացասաբար չի անդրադառնա: Այնինչ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին օր առաջ շտապել ներքաշվել Իրանի հետ քաղաքական եւ տնտեսական գործակցության հորձանուտը` այսպիսի տխուր իրականության առաջ չկանգնելու հաշվարկով:

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

Լոռու մարզի Հալավար գյուղում ապրելու նվազագույն պայմաններն անգամ առկա չեն: Գյուղում չկա դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ: Համայնքը նաեւ գազաֆիկացված չէ:

Ապրելու համար անհրաժեշտ մինիմալ պայմանների բացակայության պատճառով գյուղում այսօր մնացել է 20 ընտանիք՝ 40 բնակիչներով, ովքեր մեծ հաշվով միայն ծերեր են: Երիտասարդների գյուղում չես հանդիպի: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Անմխիթար, քարուքանդ եղած ճանապարհների պատճառով գյուղում աճեցված բերքի մթերումը եւս դժվար է դառնում: Իսկ Կաթի մթերում համայնքում չի իրականացվում բնակիչների ցանկությամբ:
Հալավարի գյուղապետ Սարգիս Հակոբջանյանի խոսքով՝ համայնքի 7 մլն դրամ բյուջեով որեւէ լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել: Գումարները բավականացնում են միայն պահպանման ու ընթացիկ աշխատանքներին: Վերջին 5 տարում բազմաթիվ խնդիրներ ունեցող այս գյուղում որեւէ պետական ծրագիր չի իրականացվել: Բնակիչները կատակում են՝ կառավարությունն ու իշխանությունը երեւի մոռացել են արդեն, որ Լոռիում նման մի գյուղ կա, կամ էլ չեն ուզում հիշել, մի անգամ այցելել ու փոձել մի խնդիր լուծել:
Ճանապարհների խնդիրը համայնքի ղեկավարը փորձում է համանքի բյուջեով քիչ թե շատ կարգի բերել, սակայն նորմալ վերանորոգում անելու համար նույնիսկ համայնքի մի քանի տարվա բյուջեն չի բավականացնի: Համայնքի ղեկավարը եւս փաստում է՝ գյուղից բնակչության հեռանալու հիմնական պատճառը ապրելու համար տարրական կենցաղային պայմանների բացակայությունն է. «Ո՛չ ճամփա ունենք, ո՛չ ավտոբուս ունենք, ո՛չ մի բան չկա… մարդիկ ո՞նց մնան բա գյուղում»,- եզրափակեց Հալավարի համայնքապետը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՀԱՎՈՐ ԴՐԱՄԱ
Օգոստոսի 4-ի առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում 1991թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանի կրակոցով սպանել է իր հորը՝ 1955թ. Արտաշես Սարիբեկի Աբգարյանին: Սարո Աբգարյանը կալանավորված է, գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Երբ Սարոյի համագյուղացի ընկերները նրան այցելել են ոստիկանության բաժնի մեկուսարան, նա համագյուղացիներին պատվիրել է, որ ոչ ոք չգնա հոր թաղմանը՝ ասելով, որ ինքը դատի ժամանակ հոր մասին այնպիսի բաներ է բացահայտելու, որ բոլորը սահմռկելու են: Նշենք, որ Սարոյի քույրը մոտ 5 տարի առաջ Երեւանում շենքից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել; Սարոյի մյուս քույրը՝ 32 տարեկան, հոգեկան հիվանդ է, մի անգամ Կողբ գյուղում գտնվող իրենց տնից մերկ վիճակում դուրս է փախել: Արտաշես Աբգարյանը զբաղվել է վաշխառությամբ, նոտարի միջոցով ձեւակերպել իր կողմից տոկոսով փող տալու գործարքները: Սակայն իր մեծ ունեցվածքը իր անունով չի ձեւակերպել: Երբ վարկառուներից մեկը Արտաշեսին դատի է տվել, այդ փաստը պարզվել է: Արտաշես Աբգարյանը 3 ավտոմեքենա է ունեցել՝ «Մերսեդես», «ՈՒԱԶ» եւ «Նիվա» մակնիշների, «Մերսեդեսը» դատարանի վճռով վաճառվել է: Արտաշես Աբգարյանի եղբայրը, ով նախկինում Ֆրանսիայում, այժմ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում բնակվող հարուստ է, եղբոր ընտանիքի համար մեծ գումարներ է ուղարկել: Սակայն Արտաշեսը այդ փողերը տոկոսով է տվել, ընտանիքին կարիքի մեջ պահել: Կողբից տեղեկացանք, որ սպանության դեպքից առաջ Աբգարյան ընտանիքի զավակները 3 օր սոված են եղել: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից հայտնեցին, որ առաջիկայում նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Սարո Աբգարյանը մեղսունա՞կ է:

 

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՀԱՎՈՐ ԴՐԱՄԱ 2
Օգոստոսի 6-ին Դիլիջանում 45-ամյա Վարդան Եսայանը որսորդական հրացանով կրակել է իր եղբոր կնոջ՝ 37-ամյա Գայանե Կոխլիկյանի վրա: Որովայնի աջ հատվածում ծանր վիրավոր Գայանեին տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Վ. Եսայանը փախուստի է դիմել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Իրավապահներից տեղեկացանք, որ անհետանալուց առաջ Վարդանը գրություն է թողել, որտեղ հայտնել է, որ սիրում է եղբոր կնոջը եւ այդ պատճառով ինքնասպան է լինելու: Հնարավոր է, որ այդ մտադրությունը Դիլիջանի անտառում նա արդեն իրականացրել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս