ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ԿԱՅԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի լուծարման որոշում կայացրեց: Այս որոշումը հետաքրքիր էր այն իմաստով, որ ԱԱԽ աշխատակազմը ձեւավորվել էր 2008 թվականին, որի քարտուղար նշանակվեց ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդատու Աշոտ Մանուչարյանի հետ:

-Պարո՛ն Մանուչարյան, Դուք 1991-1993 թվականներին եղել եք ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու. որպես մասնագետ՝ կարո՞ղ եք ասել` ինչ նպատակ էր հետապնում 2008-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակ հիմնելը, իսկ վերջերս էլ այն լուծարելը: Ընդհանրապես մեր պետական կառավարման համակարգում նախարարություններ ձեւավորել ու ձեւաչափ փոխելը սովորական է դարձել: Վերջերս էլ ԱԻՆ-ը միացավ տարածքային կառավարման նախարարությանը, ապա կրկին անջատվեց, ՊԵԿ-ը ձեւավորվեց, դարձյալ առանձնացավ ֆինանսների նախարարությունից, ի՞նչ նպատակ են հետապնդում այս գործընթացները:
-Ճիշտ որոշումներ այսօր մեր պետական համակարգում ի վիճակի չեն կայացնել: Հայաստանում ազգային անվտանգության համակարգը երկար տարիներ բացակայում է, որովհետեւ դա գալիս է ոչ թե ապարատից եւ նրա մարդկանցից, որոնք կատարում են երկրի ղեկավարության ցուցումները, եւ այդպիսի համակարգերը աշխատում են, երբ երկիրը, նրա ղեկավարությունը ուղղված են երկրի խնդիրները լուծելուն: Երբ չկա այդպիսի կարգ, այսինքն՝ սեփական իշխանության պահպանումը, այդ համակարգն էլ դարձնում է լավագույն դեպքում դրան կցորդ, որը ինչ-ինչ խնդիրներ ապահովում է` ընդունելի պայմաններ ստեղծելով, վատագույն դեպքում էլ երկրի ղեկավարության հետ միասին ուղղակի դառնում է դրսի համակարգերի բաղկացուցիչ մասը: Հիմա մեզ մոտ պետական կառավարման համակարգը ամբողջությամբ կատարում է դրսի պատվերներ, մասնավորապես Հայաստանի բոլոր օրենքները գրվում են դրսում, մեր Սահմանադրությունում ինչ-որ գրված է, ամեն ինչը դրսից է, եւ գրված է երկու մասով` դրսից հեշտ կառավարելու եւ կազմաքանդում է մեր ինքնությունը: Այսինքն՝ Սահմանադրության ընդունումը, որը ֆունդոմենտալ փաստաթուղթ է, արդեն քայքայիչ գործողություն է ընդդեմ երկրի: Եւ երբ այդ գործընթացները բերում է երկրի նախագահը, անվտանգության խորհուրդն էլ նախագահին կից է, ինչ անի:
-Պարո՛ն Մանուչարյան, Դուք համարվում եք ամենատեղեկացված գործիչներից մեկը, կարո՞ղ եք ասել` Մոսկվայում կայացած Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում իրականում ի՞նչ է քննարկվել: ՌԴ նախագահը ինչ-որ բան է պարտադրե՞լ, ստիպե՞լ է Սերժ Սարգսյանին:
-Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանի վերջին 10 տարվա հիմնական բանակցությունները վերաբերել են մի հարցի` ոնց տեղումս մնամ եւ ինչ հարցերը ոնց լուծեմ, մենակ Պուտինի չէ, բոլորի հետ` Մերկելի, Օբամայի: Հիմա նա գնացել է այդ հարցով, ինչ պայմաններ են ասել, ես դժվարանում եմ ասել, որովհետեւ այդ պայմանն որ ասում են, երկրորդ վայրկյանին հնանում է, որովհետեւ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ: Վերջապես թող որեւէ մեկը չմոռանա, թե ինչպես է Սերժ Սարգսյանը կարգվել նախագահ: Աշխարհի մեծերը, այդ թվում Պուտինը, եկել են այն եզրակացության, որ նա պետք է լինի, եւ Ռուսաստանը իրագործել է իրեն հայտնի մարդուն՝ Պուտինի ընկերոջը դարձնելով նախագահ` առանց մեր ընտրության: Հիմա եթե ինքը դժգոհություններ ունի իր ընկերոջ հետ կապված կամ ինչ-որ գործարքների է գնում, թող զբաղվեն դրանով, բայց Հայաստանը որեւէ կապ չունի դրա հետ, եւ ամեն մի քայլը Պուտինի հետ վիրավորանք է մեր ժողովրդին, թող իմանան, որ այդպես ենք ընկալում:
-Պարո՛ն Մանուչարյան, Ձեր կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը ավելի մե՞ղմ է մեր նկատմամբ, թե՞ հրապարակային դաշտում նրանք լավ քարոզիչներ ունեն ու ճնշումների մասին չի խոսվում: Ի՞նչ ռեսուրսով պետք է Սերժ Սարգսյանը դիմագրավի արտաքին ճնշումներին:
-Մենք տեսնում ենք հետեւյալ բանը. Սերժ Սարգսյանի իրադարձությունների շրջանակը, որը կապված է մարտի 1-ի հետ, մենք գիտենք Ռուսաստանի պաշտպանությունը, բայց մենք պակաս գիտենք, որ ամերիկացիները ճանաչեցին նրան եւ ավելին, եվրոպական ատյաններում գրված էր մարտի 1-ի հետաքննության հարցը, եւ այդ զեկուցողներն էլ ասում են՝ մարտի 1-ի էջը շրջված է, թեեւ սկզբից ասում էին, որ Հայաստանը չի կարող զարգանալ, մինչեւ մարտի 1-ը չբացահայտվի: Ամեն մի ղեկավարի հանցագործություն նրանց համար լրացուցիչ մի լծակ է, որ ղեկավարին վերցնեն: Մենք պետք է սովորենք գործել ժողովուրդների հետ, բարեկամ ամերիկայի ժողովրդի հետ միասին պետք է կասեցնենք Ամերիկայի իշխանավորների այն քաղաքականությունը մեր հանդեպ, որ անցկացվել է: Այսօրվա քաղաքականությունը ես համարում եմ ոչ բարեկամական, թշնամական եւ այդ քաղաքականությունը ստեղծում է մի ծուղակային վիճակ: Մեր ռեսուրսը հսկայական է, երբ նայում եմ՝ հայերը ով են աշխարհում, համոզված եմ, որ այդ հայերը հենց հավաքվեցին, այստեղ բոլորին կտրուկ զգաստացնելու են:
-«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողություններից հետո մեր երկրում առաջացած ճգնաժամը կարծես թե հաղթահարվում է. ստացվում է, որ անգամ զենքով հնարավոր չեղավ մեր երկրում հասնել այդքան սպասված իշխանափոխության, այո՞:
-Բացարձակապես ոչ, չենք կարող ասել, իհարկե, շատ վատ է, որ այսպես անհրաժեշտ հոգեցունց վիճակ առաջացնելու համար պետք էր նաեւ դա: Երկրում եղավ այդ տղաների գործողությունները, կարծում եմ, որ թե իրենք, թե մեր երկրի թշամիները ամեն ինչ անում են, որպեսզի դա եւս 10 անգամ, 100 անգամ լինի, որովհետեւ այդ հարձակումները կասեցնում են բնական քաղաքական գործունեությունը` ցույց տալով, որ միայն զենքով կա հային փրկություն, հակառակ՝ «Սասնա ծռեր»-ը բավականին հաջողված գործողություններ էր այդ տեսակետից, որովհետեւ ինչ-որ փոփոխությունների, ինչ-որ բաների բերեց: Մեր երիտասարդությունը պետք չի անդադար զոհվի սահմանում, որպեսզի հերթական ավանականացած պաշտոնյան իր համար ոսկեզօծված զուգարանակոնք գնի եւ հագնի գլխին:

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՐՏՎՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Օգոստոսի 5-ից Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած Ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը զարմալիորեն դրական ցուցանիշներ չի ապահովում:

Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ սպորտի նախկին նախարար Արմեն Գրիգորյանից:
-Պարո՛ն Գրիգորյան, Դուք, որպես ՀՀ սպորտի նախկին նախարար, ինչպե՞ս եք գնահատում Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական խաղերը եւ այն փաստը, որ հայ մարզիկները մեկը մյուսի հետեւից պարտություններ են գրանցում:
-Ով է պարտվում, դեռ ծանրորդները, ըմբիշները պետք է մասնակցեն, այսքան շուտ չի կարելի նման եզրակացություն անել: Ամեն ինչ առջեւում է: Մեր տղաներին ցանկանանք հաջողություն, որպեսզի լավագույնս մասնակցեն, բոլորն էլ ի վիճակի են մեդալներ վերցնելու, ովքեր որ դեռ մնացել են:
-Բայց մինչ օրս գրանցված ցուցանիշները, ցավոք, ոգեւորության առիթ չեն տալիս: Ի՞նչն է պատճառը, արդյո՞ք դա վատ պատրաստվածության արդյունք է:
-Չեմ կարծում, որ հիմա այսքան շուտ նման բաների մասին խոսելը ճիշտ է, թողնենք օլիմպիադան վերջանա, կհասկանանք, թե ինչ է կատարվում: Ինչու եք շտապում, նման եզրակացություններ անում:
-Պարո՛ն Գրիգորյան, տեսակետ կա, որ Հայաստանում տարբեր հեղինակավոր մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների ընտրությունը եւս ծանոթ-բարեկամ սկզբունքով է արվում, արդյո՞ք դրանով է պայմանավորված այս հանգամանքը:
-Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ ով ում բարեկամն է, շատ շուտվանից չեմ ճանաչում մարդկանց, բայց չեմ կարծում, որ նման մոտեցում լինի, որովհետեւ սա օլիմպիական խաղեր է, չեմ կարծում, որ օլիմպիական խաղերին նման բաներ լինեն, եւ ընդհանրապես սպորտում նման բաներ ընդունելի չեն: Սրանք ուղղակի ասեկոսեներ են, որոնք անիմաստ են:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է
Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը Սերժ Սարգսյանի հետ Ռիոյում հետեւում է օլիմպիական խաղերին, խիստ բարկացել է ենթակաների վրա: Նրան եւս Հայաստանի մարզիկների ներկայացումները դուր չեն եկել, ու շատ հարցեր, ըստ ամենայնի, տեղում են բացահայտվել: Հատկապես նախագահի հետ այդպիսի արդյունքներով օլիմպիական խաղերին հետեւելը ամենեւին էլ հաճելի զբաղմունք չէ: Այս իմաստով Ծառուկյանի շրջապատից «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, որ չնայած այդքան ձախողումներին ու լարված մթնոլորտին՝ ամեն դեպքում առաջիկա օրերին մեդալ կունենանք: Գոնե հատվածային հաղթանակ կլինի: Այնպես որ, մեզ մնում է սպասել:

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՂԲՈՐ ՁԵՌՔՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Ստեփանավանի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային եւ ձմեռային պահպանման աշխատանքների համար 2016 թվականին հատկացվել է 101 մլն 981 հազար դրամ: Այդ աշխատանքները տարիներ շարունակ իրականացնում է «Արգիշտի-1» ընկերությունը: Այս տարի եւս այդ ընկերությանն է վստահվել Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհների խնամքը: Պետական բյուջեով նախատեսված գումարից երեկվա դրությամբ արդեն իսկ վճարվել է 65 մլն 332 հազար դրամը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ այս ընկերությունը պատկանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ նրա եղբորը՝ Սեյրան Դարբինյանին:

 

 

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին «Հայկական վերածնունդ» դարձած նախկին ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը Երեւանի Ագրարային համալսարանի մասնաշենքերից մեկում կուսակցական ակտիվի հետ հանդիպում է կազմակերպել: Ըստ լուրերի՝ Արթուր Բաղդասարյանը փորձել է պարզել, թե իր տեղերի կուսակցական ակտիվի որ մասն է շարունակում իր հետ հույսեր կապել: Այլ կերպ ասած՝ Բաղդասարյանը փորձել է գույքագրել, թե նախկին ՕԵԿ-ականներից քանիսն են վերածնվել:




Լրահոս