«Վիկիլիքսի» կողմից հանրայնացված սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Օրդուեյը: Վերջինս պատմում է 2004թ. ապրիլին Հայաստանում ընթացած բավականին սուր քաղաքական պայքարի մասին: Նկատելի է, որ 2004թ. ապրիլի 12-13-ի իրադարձությունները նաեւ արտաքին ուժային կենտրոնների համակ ուշադրության ներքո էին, եւ օտարերկրյա դիվանագետները իշխանություններից բռնարարքների համար հաշիվ պահանջելու իրավունք էին իրենց վերապահում: Այդ պատճառով էր, որ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 13-ին իր մոտ էր հրավիրել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյին` վերջինիս ներկայացնելու իրավիճակն ու իր գործողությունների տրամաբանությունը:
Հետաքրքիր է, որ այլոց հաշիվ տալու հանդեպ բնածին տհաճություն ապրող Քոչարյանը պատրաստ է եղել իր գործողությունները բացատրել ամերիկացիներին: Նա դեսպանին հայտնում է, որ հանդիպումը նպատակ ուներ խորհրդակցել ներքին քաղաքական իրավիճակի շուրջ: Օրդուեյը շեշտում է, որ Քոչարյանն ամբողջությամբ հակված չի եղել իրավիճակը հեշտությամբ հաղթահարելու ուղղությամբ եւ դատախազին հանձնարարել է, որ քրեական հետապնդում սկսեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Դեսպանը փորձել է համոզել Քոչարյանին խուսափել նման ծայրահեղ քայլերից եւ չգնալ ընդդիմադիրներին պատժելու ճանապարհով: Օրդուեյը բացատրել է, որ խուսափելով ընդդիմադիրներին քրեական պատասխանատվության ենթարկելու քայլերից` իշխանությունը կկարողանա իրավիճակն ավելի չլարել: Դիվանագետը հատկանշում է, որ քրեական հետապնդում չպետք է իրականացվեր նույնիսկ այն ընդդիմադիրների դեմ, որոնց գործողություններում նման հանցակազմի տարրեր, այնուամենայնիվ, կային:
Ամերիկյան դիվանագետը քննադատում է նաեւ ընդդիմության պահվածքը: Ըստ նրա` ընդդիմադիրներն իրենց անկյուն էին մղել, երբ փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան: Օրդուեյը բացասաբար է գնահատում, որ ընդդիմությունը հաղթանակ հռչակելու ու տուն գնալու փոխարեն նախընտրել էր փակված պահել փողոցը` չարաշահելով իշխանությունների համբերությունը: Վերջինիս հատնումից հետո էլ ընդդիմադիրները երկխոսության գնալու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցաբերել: Նա քննարկումներ է ունեցել ինչպես բողոքի գործողությունները առաջնորդող Ստեփան Դեմիրճյանի ու Արտաշես Գեղամյանի, այնպես էլ այլ ընդդիմադիր գործիչների հետ: Օրդուեյը փոխանցում է, որ ընդդիմադիրները բացարձակ զայրացած են եղել իշխանությունների գործողություններից: Դիվանագետը նկատում է, որ ընդդիմության ղեկավարները կատարյալ ցուքցվանգի մեջ են եղել` չիմանալով ինչպես առաջ շարժվել, սակայն միեւնույն ժամանակ կտրականապես մերժել են իշխանության հետ քննարկումներ ունենալու հնարավորությունը: Օրդուեյը ընդդիմության ծայրահեղ կեցվածքը հակադրում է այնժամ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ու ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտեցմանը, որով երկուսն էլ կողմ էին քաղաքական պայքարը խորհրդարան եւ քաղաքակիրթ ճանապարհ տեղափոխելուն:
ԱՄՆ դեսպանն արձանագրում է, որ ընդդիմությունն անհաղթահարելի խոչընդոտներ ուներ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու քաղաքական գծում: Ըստ դիվանագետի` թեեւ ընդդիմադիրներն անկեղծ վստահություն ունեին, որ ժողովրդի մեծամասնությունը սատարում է իրենց պայքարն ու Քոչարյանին հանդուգն քայլերով հեռանալ ստիպելու մարտավարությունը, իրենք` ամերիկացիները, դրանում այնքան էլ հավատացած չէին: Օրդուեյը շեշտում է, որ ընդդիմադիրներն անկարող են եղել համաձայնության գալ որեւէ դրական պլատֆորմի շուրջ եւ ստիպված են համախմբել ժողովրդին Քոչարյանի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի հիման վրա միայն: Արդյունքում, դեսպանի կարծիքով, ընդդիմությունն իրեն դրել է մի փակուղու մեջ, որից ելքերը բավականին մշուշոտ են: Շեշտելի է, որ այն ժամանակվա տիտղոսակիր ընդդիմադիրները այդ դեպքերից հետո լիովին կորցրին իրենց քաղաքական կշիռը եւ նախընտրեցին վերածվել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ գործող խամաճիկների: Թերեւս բացի մի քանի ընդդիմադիրներից՝ այն ժամանակվա հարթակի «ասպետները» ներկայումս Սերժ Սարգսյանի լավագույն պաշտպաններն են, ինչպես օրինակ` Արտաշես Գեղամյանը, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք: Ի դեպ, դիվանագիտական մեկ այլ զեկուցագրի համաձայն` Սերժ Սարգսյանը լիովին արդարացնում էր Քոչարյանի կողմից ուժի կիրառումն ու ծանակում վերոնշյալ ընդդիմադիրներին:
Օրդուեյը եզրափակում է, որ իրավիճակը ծանր բեռ էր դրել Քոչարյանի ուսերին` կառուցելու համապատասխան քաղաքական մթնոլորտ, որը հնարավորություն կտա ընդդիմությանը փողոցից տեղափոխվել քաղաքական պայքարի դաշտ: Օրդուեյի տպավորությամբ կոալիցիոն բոլոր ուժերն էլ համաձայն էին երկխոսության գնալ ընդդիմության հետ, ինչը կարող էր տեղի ունենալ միայն Քոչարյանի նահանջի եւ ընդդիմության կողմից թշնամանքի վերացման միջոցով քաղաքական հարթակ վերադառնալու միջոցով: Ցավոք, ամերիկացի դիվանագետի կանխատեսումն իրականացավ, քանզի Քոչարյանն այդպես էլ ժամանակին ի վիճակի չեղավ քաղաքական պայքարի հարթակ ձեւավորել երկրում: Հիշենք, որ 2007 խորհրդարանական ընտրություններից հետո այլեւս ակնհայտ էր, որ ընդդիմադիր դաշտը տրոհված է, իսկ քաղաքական դաշտը` ամայացած: Քոչարյանը, լինելով կուլիսային գործիչ, ի վիճակի չէր քաղաքական բանավեճ հրահրել ու գաղափարական հարթակներ ստեղծել հասարակական քննարկումների համար: Նա իր հակառակորդներին հեռացնում էր բռնի ուժի միջոցով` այդկերպ տեսնելով անարգել իշխանավարելու լավագույն ուղին: Հաշվի առնելով խաղաղ կյանքի, արտաքին հարաբերականորեն թույլ մարտահրավերների ու տնտեսական զարգացման ահռելի հնարավորությունները` հենց Քոչարյանի տարիներին էր վիճակված Հայաստանում քաղաքական ինստիտուտների ձեւավորումը, որը նրա իսկ գործողությունների արդյունքում վիժեցվեց: Կարելի է ասել, Քոչարյանի ամենամեծ հանցանքն այն է, որ ապականեց սաղմնավորվող քաղաքական դաշտը` նոր գաղափարներին ու ազնիվ քննադատությանը հակադրվելով բռնի ուժով` իշխանությունը ամեն գնով պահպանելու մտահոգությամբ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին:
«Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին եւ հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», – ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների եւ հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից եւ հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», – նշել է Սահակյանը:
Ղարաբաղի նախագահը ապրիլյան քառօրյա պատերազմը որակել է հայերի հանդեպ Ադրբեջանի «հայատյաց գաղափարախոսության եւ իշխանությունների բռնապետության արդյունք»:
Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահն ասել է, որ որեւէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով:
«Ողջամիտ, իրավացի եւ համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»:
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին եւ այդ ուղղությամբ արձանագրած հաջողություններին՝ Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի ճանաչումը մոտ ապագայում շարունակվելու է ավելի մեծ հաջողությամբ՝ իր դրական հետեւանքներն ունենալով Հարավային Կովկասի կայունության վրա:
«Օրինակա՞ն է արդյոք աշխարհագրական մի տարածքում խմբված փոքրամասնության ինքնորոշման պահանջը» հարցին` Բակո Սահակյանը պատասխանել է.«Ինքնորոշման պահանջի իրավունք ունեն բոլոր ժողովուրդները, դա միջազգային իրավունքի հիմնական սկզբունքերից մեկն է: Բայց այդ իրավունքը դառնում է հրամայական մի պարտականություն այն ժամանակ, երբ պետությունը, որին միացված է նա, չունի մի այլ ցանկություն, քան այդ ժողովրդին ոչնչացնելը»:
ՍՏՈՒԳԵԼ ԵՆ ԱՐՋԻ ԲՆԵՐԸ
Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա անհետացել է Վարդավառին: Խ. Կարապետյանը գյուղում բնակվում էր իր կնոջ եւ որդու հետ: Համագյուղացիների վկայությամբ՝ նա, կապված տարիքի հետ, տարօրինակություններ ունի: Հնարավոր է, որ Խ. Կարապետյանը մոլորվելով՝ հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Նշենք, որ Ադրբեջանի հետ սահմանը Չինչինից 7 կմ հեռավորությամբ է գտնվում: Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանն ասաց, որ տղամարդու մասին որեւէ լուր չկա, նրա անհետ կորչելու կապակցությամբ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, բացի այդ՝ Բերդի տարածաշրջանի, Տավուշի մարզի այլ տարածաշրջանների մարդաշատ վայրերում, ավտոգազալցավորման ճնշման կետերում Խ. Կարապետյանի լուսանկարը փակցվել է: Սակայն այս ամենն առայժմ ապարդյուն է: Օգոստոսի 8-ի երեկոյան էլ Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Սերգոյի Զաքարյանը: Նա գյուղում բնակվում էր իր որդու ընտանիքի հետ: Ս. Զաքարյանը գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող Տլուտ սարամասում պահում էր ընտանիքի անասունները: Այս սարամասը հարակից է Ճամբարակի եւ Բերդի տարածաշրջանների սարերին, այն մոտ 10 կմ է հեռու Ադրբեջանի հետ պետական սահմանից: Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնեց, որ օգոստոսի 14-ին ինքը 15 համագյուղացիների հետ որոնումներ է կատարել, այնտեղ եւս 15 հոգի էլ մասնակցում են կնոջ որոնումներին: Որսորդները ստուգել են անգամ արջերի բները, սակայն ոչ մի հետք չկա: Գյուղապետ Շ. Շահինյանն ասաց, որ ծեր կնոջ որոնումները շարունակվելու են:
ԾԱՌԱՅԱԿՑԻՆ ՍՈՒՏ ՄԱՏՆԵԼ Է
Գրիգոր Տերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գ. Տերյանը ծանր հանցագործության՝ խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրել է նույն զորամասի զինծառայող Արմեն Շահինյանին: Այն է՝ 2015թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի 6-րդ կայազորային քննչական բաժնում որպես վկա հարցաքննության ժամանակ հայտնել է, թե իբր Ա. Շահինյանը 2015թ. օգոստոս-հոկտեմբերին ընկած ժամանակահատվածում իր իրավունքներին եւ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, համածառայակիցների շրջանում որպես իրավապահ մարմինների հետ համագործակցողի ներկայացնելու սպառնալիքով երեք անգամ՝ համապատասխանաբար 90 հզ,100 հզ եւ 1 մլ 892 հզ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումարի, ընդհանուր 2 մլ 82 հզ 600 դրամի պահանջ է իրեն ներկայացրել: Գ. Տերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ