«ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի հետ զրուցել է «Սասնա ծռերի» հետ կապված վերջին իրադարձությունների արդյունքում ձեւավորված ներքաղաքական իրավիճակի եւ դրա` մշակույթի վրա ունենալիք հնարավոր ազդեցության մասին:

-Անու՛շ, «Սասնա ծռեր»-ի` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը եւ դրան հաջորդած իրադարձությունները, ըստ Ձեզ, բարոյահոգեբանական առումով ի՞նչ ազդեցություն գործեցին հայ հասարակության վրա:
-Մեր անկախության շրջանի խոշորագույն ու կարեւորագույն իրադարձություններից եմ համարում «Սասնա ծռեր» շարժման ստեղծումը: Այո՛, այն շարժում կանվանեմ, քանի որ դա մեկ քայլ, որոշում եւ արարք չեմ համարում, «Սասնա ծռեր»-ը օգնեցին մեր հասարակությանը դուրս գալ դեռահասության շրջանից ու թեւակոխել հասունության շրջան, տեղի ունեցավ քաղաքացու գիտակցության կտրուկ բարձրացում, քաղաքացիական հասարակության ձեւավորման սկիզբ դրվեց: «Սասնա ծռեր»-ի ռադիկալ գործողությունների շնորհիվ ժողովրդի մի ստվար մաս ոչ միայն համարձակություն ունեցավ ավելի ուղիղ նայելու մեր թշվառ ու անմխիթար իրականությանը, այլեւ ավելի ինքնավստահ բարձրաձայնեց սեփական երկրում իր իրավունքների ոտնահարվածության եւ անազատության մասին: Կարծում եմ, որ սկսված է մի գործընթաց, որը գնալով հասունանալու է խմորի պես ու հանգեցնելու է կարեւոր արդյունքների:
-Կարդում ենք Ջորջ Օրուելի «1984»-ը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է անհատը կործանվում ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզելիս եւ հասկանում ենք, որ, կարծես թե, նման մի բան կատարվում է այսօր` մեր երկրում: Ամեն դեպքում, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք նաեւ հասարակական ընդվզման: Այդ պարագայում մեզ ի՞նչ է պակասում` ցանկալի արդյունքի հասնելու համար:
-Պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ հիմնահատակ են եղել տոտալիտար, բռնատիրական հասարակարգերը: Մարդկությունը վերապրել է հիտլերիզմ ու ստալինիզմ, սովետական անսասան թվացող հասարակարգն անգամ փուլ եկավ… Ցավոք, մեր հասարակությանը խեղճացրել են անկախությունից ի վեր, միտումնավոր կերպով շեղել են առկա խնդիրներից, այնքան հոգսաշատ դարձրել առօրյան, որ նա մոռացել է արժանապատիվ կեցության մասին, ուր մնաց՝ կյանքի որակը բարձրացնելու: Ասում եք՝ ի՞նչ է պակասում արդյունքի համար, նախ ասեմ, թե ինչն է ավել, ավել է մեր ազգի անվերջ համբերելու հատկանիշը, իսկ պակաս է… Շատ բան է պակաս. մենք նախ պետք է սպանենք մեր միջի ստրուկին, վտարենք մեր վեհերոտ կեսին, եւ մեր հոռետեսությունը փոխարինենք հավատով: Իսկ որոմ բոլոր ազգերի մեջ էլ կա, նրանք ինքնաոչնչացման մեծ ներուժ ունեն, քանի որ չեն դիմանում առողջ միջավայրին:
-Եթե որպես դրամատուրգ այս վերջին իրադարձությունների հորձանուտից Ձեզ համար հետաքրիր կերպար ընտրելու լինեիք, ո՞վ կլիներ նա:
-Այս օրերին ներշնչող կերպարներ շատ եղան, տղերքից ամեն մեկը կարող է լինել հերոսն իմ պիեսի, քո ֆիլմի, մյուսի բեմադրության: Հակահերոսն էլ, դժբախտաբար, հստակ ընդգծվեց, դժբախտաբար, քանի որ իմ ազգից է: Գուցե հերոսս քիչ-քիչ զարգացող Հեղափոխությունն է, անգամ Սպիտակը՝ հայտնի շունը, ով քաղաքի հազարավոր սոված ու «շան կյանքով» ապրող շներից միակն էր, որ գիտակցում էր, թե պիտի այնտեղ լինի, որտեղ բոլորն են, ոչ թե հուսահատված շարունակի աղբանոցում թերմածք փնտրել՝ վախենալով, որ այսօր ըմբոստանալով` կկորցնի իր ողորմելի ընթրիքը (այս տրամաբանությամբ մեր ոստիկաններն էին առաջնորդվում): Մի փոր հացով երկրի ապագան ծախողն է հակահերոսը: Իմ հերոսը կարող է լինել Հաց բերողը, ասել է թե՝ ժողովրդի սերուցքը, նա մինչեւ հոգուս խորքը ցնցել է ինձ ու վստահ եմ՝ շատերին: Հետաքրքիր բան փաստեցի հենց այս պահին. մեր իշխանությունները բավական տեւական ժամանակ զբաղված էին հասարակության հերոսազրկմամբ, այս պահից սկսվում է նոր ժամանակների հերոսապատումը, մենք այլեւս կարող ենք արձանագրել հերոսի վերադարձը մեր կյանք ու արվեստ:
-Այս օրերին «մտավորական» բառը, կարելի է ասել, բոլորովին արժեզրկվեց: Պատճառը, թերեւս, դրա անհարկի օգտագործման բազմաթիվ առիթներն էին: Հանրության մի զանգված կարծում է, որ մտավորականը պետք է լինի ժողովրդի կողքին, մյուս մասը` որ նա պետք է քայլի ժողովրդի առջեւից: Դու՞ք ինչ կարծիքի եք:
-Մտավորական բառը շահարկվեց մի շատ պարզ պատճառով. այն հերթական անգամ արժեզրկելու պատվերը վերեւից էր: Պարզապես մտավորականներից ոմանք առանց դա գիտակցելու ծուղակն ընկան, քանի որ հայտնվեցին այնպիսի մարդկանց կողքին, որոնք մտավորական կոչման հետ նույնիսկ հեռավոր կապ չունեն: Ամեն երգող, չերգող, էստրադային կատարող ու հումորիստ հո մտավորական չէ՞, նույնիսկ ամեն արվեստագետ մտավորական չէ… Կարծում եմ, որ անհարկի շահարկվեց մտավորական բառը, իրական մտավորականները մնացին իրենց բարձունքում: Շատ եմ ափսոսում, որ ժողովրդի մեծ մասը արվեստագետ ու շոումեն հասկացությունները չի տարբերում, ինչպես չի տարբերում սերիալում կամ գովազդում մի երկու անգամ երեւացածին՝ դերասանից, գրամոլին՝ գրողից, շոուն՝ ներկայացումից: Սրանում էլ հասարակությունը մեղավոր չէ, ամեն ռաբիսի ու անորակի վաստակավորի կոչում ու նախագահի մրցանակ շռայլող վերեւների իրագործած պլանի հետեւանքն է, որի պտուղներն այսօր վայելում ենք լիուլի: Նաեւ սրա դեմ էին «Սասնա ծռերի» գործողությունները, մնում է՝ նորից չհամակերպվենք…

 

 

 
ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ՄՆՋԱԽԱՂԸ ՀԱՍՑՆԵԼ ՄԱՐԶԵՐ

Օգոստոսի 10-15-ը Հայաստանում անցկացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Այն մեկնարկեց Ծաղկաձորում: Բացօթյա փառատոնին մասնակցեցին թատերախմբեր եւ անհատ մնջախաղացներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Ֆրանսիայից: Մեր հանրապետությունից փառատոնում ընդգրկված էին Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաեւ` թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան՝ «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ:

«Ժողովուրդ»-ը Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանի հետ զրույցում ամփոփեց փառատոնի ձեռքբերումները, Հայաստանում մնջախաղի զարգացման ներկայիս միտումները եւ ոլորտի մասնագետների առաջիկա նպատակները: Խոսելով ձեռքբերումների մասին` Ժ. Դադասյանը նախ նշեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ փառատոնն այսուհետ լինելու է ամենամյա: Բացի այդ` այս տարի տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ արտիստները հնարավորություն են ունեցել հանդես գալու ոչ միայն Ծաղկաձորում, այլեւ Դիլիջանում:
Անդրադառնալով աշխարհում եւ Հայաստանում մնջախաղի զարգացման ներկայիս միտումներին` Ժ. Դադասյանը ցիտեց Մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչի խոսքերը, ըստ որոնց` մնջախաղն այսօր գտնվում է դասական անցյալի եւ անորոշ ապագայի սահմանագծում. «Ամբողջ աշխարհում զարգացող այս ժանրը իր վերջնական տեսքը դեռ չի գտել, այսպես ասած, փնտրտուքների մեջ է: Փառատոնին զուգահեռ անցկացված կոնֆերանսի ընթացքում մենք ներկայացրինք մնջախաղի վերաբերյալ հայաստանյան մոտեցումը: Արտերկրից ժամանած հյուրերը շատ գնահատեցին այն, ըստ որի՝ մնջախաղը նախ եւ առաջ թատերական ժանր է. այդ պարագայում այն զարգացման ավելի լայն հնարավորություններ է ձեռք բերում, քան եթե արվեստի այս տեղակը դիտարկենք էստրադային, կրկեսային եւ այլ ժանրերում»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է առաջիկայի ծրագրերին` Ժ. Դադասյանը տեղեկացրեց, որ եթե այս տարի որպես փառատոնի անցկացման վայր ավելացել էր Դիլիջան քաղաքը, ապա հաջորդ տարի, հավանաբար, կավելանան նաեւ Հրազդան եւ Սեւան քաղաքները:
«Մենք պետք է ընդլայնենք փառատոնի գործունեությունը` տարածելով այն Հայաստանի մարզերում, պետք է հնարավորինս մեծ թվով անձնաց հնարավորություն տանք առնչվելու մնջախաղին»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅԿԱԿԱՆԸ` ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ը Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Նախատեսվում է Էրոլ Գուրյանի «Թերա Արմենիա. հայացք դեպի երազանքների վայրեր» խորագրով ցուցահանդեսը, փարաջանովյան երեկո` նվիրված Ս. Փարաջանովի կյանքին եւ գործունեությանը: Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը, կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Մշակույթի օրերի հիմնական միջոցառումներից է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Տ. Հեքեքյան) համերգը, որը կկայանա Բեռլինի ֆիլհարմոնիկ սրահում եւ կնվիրվի Հայաստանի անկախության 25-ամյակին:
Հավելենք, որ մշակույթի օրերի ծրագրին մասնակցություն կունենան գիտնականներ, մշակույթի գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Գերմանացի անվանի մշակութաբանների եւ արվեստագետների կողմից կներկայացվեն Հայաստանին եւ նրա բնաշխարհին, հայ եկեղեցու պատմությանը, հայ գրականությանն ու գրատպությանը նվիրված թեմատիկ դասախոսություններ, քննարկումներ, վիրտուալ ցուցադրություններ, գրական ընթերցումներ, ինչպես նաեւ կլոր սեղան՝ «Հայրենիք-ինքնություն-զգացմունքներ» թեմայով:
Նշենք, որ Հայաստանի մշակույթի օրեր Գերմանիայում անցկացվել են 2004 եւ 2014 թվականներին:

 

 

ՕՄԱՐ ՍԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Սեւամորթ դերասան Օմար Սին դարձել է առավել մեծ ժողովրդականություն վայելող անձ Ֆրանսիայում: Այդ մասին վկայում է Le Journal Du Dimanche շաբաթաթերթի հրապարակած ավանդական կիսամյա հարցումը: Ֆրանսիացիները համարում են, որ նա` որպես կատակերգակ, վերջին տարիներին բավական հաջող կարիերա է արել: 2012 թվականին Սին «Սեզար» մրցանակի դափնեկիր է դարձել «Մեկ գումարած մեկ» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար: Նույն տարում նա հայտնվել է Le Journal du Dimanche¬ի հեղինակավոր վարկանիշում: Ըստ հարցումների` երկրորդ հորիզոնականում նշանավոր երգիչ, պոետ եւ կոմպոզիտոր Ժան Ժակ Գոլդմանն է, իսկ երրորդ տեղում` հայտնի քաղաքական գործիչ Սիմոնա Վեյլը:

 

 

ՉՏԵՍՆՎԱԾ  ՄԱԴՈՆՆԱ
Մադոննայի նախկին ընկերը մտադիր է երգչուհու մասնակցությամբ ինտիմ տեսանյութեր հրապարակել, որոնք արվել են նախքան նրա հայտնի դառնալը։ Ինչպես հաղորդում է PageSix-ը՝ երգիչ, ռեժիսոր Դեն Գիլրոյը շուտով կներկայացնի Մադոննայի մասին վավերագրական ֆիլմ, որտեղ բացի տեսանյութերից` կցուցադրվեն նաեւ Մադոննայի` մինչ այժմ անհայտ լուսանկարներն ու սիրային նամակները: Ֆիլմում անդրադարձ կկատարվի նաեւ զույգի բնակության վայրին (այն ժամանակ զույգն ապրում էր Քվինսում)։
Նշենք, որ Դենն ու Մադոննան հանդիպում էին 37 տարի առաջ:




Լրահոս