Ի՞ՆՉ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ Է ԳՆԱԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ նոյեմբերն արդեն կես է ընկել, սակայն վերջնականապես հստակեցված չէ, թե այս ամսվա մեջ երբ է կայանալու ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների համար Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Մինչ այդ, դատելով վերջին օրերի իրադարձություններից, կարելի է ենթադրել, որ այսօր ԼՂ խնդրում իրավիճակն առավել քան լուրջ է:
Ի. Ալիեւի եւ Ռ. Էրդողանի` օրերս կայացած հանդիպման նախօրեին թուրքական կողմը հայտարարեց, որ մտադիր է դիմել Շվեյցարիային` ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ թուրքական հարաբերությունների հարցում միջնորդական  դերակատարություն ստանձնելու խնդրանքով: Երեկ էլ, տարօրինակ զուգադիպությամբ, Շվեյցարիայի նախագահ, անվտանգության հանձնաժողովի  նախագահ Ուլի Մաուերի հետ  հանդիպման ընթացքում այս հարցրերը քննարկեց  Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:  Ինչպես հայտնի է, նոյեմբերի 22_ին  նախատեսվում է նաեւ Թուրքիայի  վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի այցն Ռուսաստանի Դաշնություն, որից առաջ վերջինս արդեն իսկ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հատուկ առանձնացրել է Ղարաբաղի թեման` այդպիսով ընդգծելով, որ Պուտինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում դա լինելու է օրակարգային ամենակարեւոր հարցերից մեկը:
Բացի այդ՝ Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ հանդիպումից առաջ եռօրյա այցով` նոյեմբերի 12-15-ը, մեկնել էր ԼՂՀ: Եվ այս ողջ ընթացքում նա հիմնականում հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտպանական բանակի բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, ներկա գտնվել տարբեր զորավարժությունների, եղել կենտրոնական ու հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում, ինչպես նաեւ` սահմանի առաջնագծում: Եվ վերջապես, այցի ավարտին տեղի է ունեցել Ս. Սարգսյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Ս. Սարգսյանի` Ալիեւի հետ հանդիպումից առաջ նման ծավալուն օրակարգով ԼՂՀ այցն ամենեւին էլ պատահական չէ: Այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանը հիմնականում հանդիպումներ է ունեցել ԶՈՒ հրամկազմի հետ, ստուգել ՊԲ մարտական վիճակը, սահմանների պաշտպանվածությունը, նշանակում է` ԼՂ խնդրում լուրջ զարգացումներ են սպասվում: Կա տեսակետ, որ իշխանություններն արդեն շատ հավանական են համարում ռազմական գործողությունների վերսկսումը ու հիմա փորձում են ստուգել տրամադրությունները: «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Ս. Սարգսյանը Ղարաբաղում նույնիսկ բաց տեքստով հայտարարել է, թե պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Կա նաեւ տեսակետ, որ իշխանությունները ԼՂ խնդրում պատրաստվում են ստորագրել կոնկրետ փաստաթղթեր, գնալ կոնկրետ զիջումների, եւ այս այցի նպատակը ղարաբաղյան իշխանությունների հետ գործողությունները քննարկելն ու նրանց այդ հարցում նախապատրաստելն է:
Թե ինչ փաստաթուղթ է բանակցային սեղանին, հայտնի է ամենքին. հիմքը հայտնի Մադրիդյան սկզբունքներն են: Այն ենթադրում է, որ՝
1. կողմերը համաձայնում են ԼՂ կարգավիճակը որոշել պլեբիսցիտի միջոցով, իսկ մինչ այդ՝ միջանկյալ ժամկետի ընթացքում, պետք է արվեն հետեւյալ քայլերը.
2. ԼՂ վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը,
3. ԼՂ միջանկյալ կարգավիճակ նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
4. համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է կապի ՀՀ-ն ու Ղարաբաղը,
5. տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք,
6. եւ, վերջապես, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ. խաղաղապահ երկրների ընտրությունը կթողնվի կողմերին, ընդ որում, կողմերից յուրաքանչյուրը կունենա վետոյի իրավունք մյուսի ընտրության վրա:
Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պետք է իրենց համաձայնությունը տան այս դրույթներին: Փորձագետների պնդմամբ՝ այսօր միջազգային հանրությունն առավել քան երբեւէ փորձում է ձեռնամուխ լինել ԼՂ խնդրի լուծման հարցում կոնկրետ առաջընթաց գրանցելուն: Դրա համար կարծես թե ստեղծվել են լավ պայմաններ. երկու երկրներում էլ ավարտվել են նախագահական ընտրությունները: Ընդ որում, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւն այդ ընտրություններում հաղթել են ընտրակեղծիքների շնորհիվ, այսինքն` ընտրվել են կասկածելի լեգիտիմությամբ: Ու հիմա միջազգային հանրությունը, աչք փակելով այդ ամենի վրա, այս հանգամանքը փորձում է հնարավորինս օգտագործել կողմերի նկատմամբ ճնշումներ գործադրելու եւ ԼՂ խնդրում որեւէ փաստաթուղթ ստորագրել ստիպելու նպատակով: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր երկու կողմի վրա լուրջ ճնշումներ են գործադրում: Բայց շատ ավելի ծանր է Հայաստանի վիճակը. սա հատկապես Սերժ Սարգսյանի Եվրամիություն-Մաքսային միություն դեգերումներից հետո: Ս. Սարգսյանի շնորհիվ Հայաստանն այսօր ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ, ու հիմա միջազգային հանրությունը, տեսնելով, թե նա ինչպես վարվեց ԵՄ-ի հետ, ստիպում է, որ առաջիկա հանդիպման ժամանակ տա կոնկրետ պատասխան եւ անի կոնկրետ քայլ: Իսկ կոնկրետ քայլը տվյալ դեպքում ենթադրում է փաստաթղթի ստորագրումը:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեկ հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կատարեն իրենց վրա դրված պարտականությունը` կապված ԼՂ խնդրի հետ: «Եթե հակամարտությունը կարգավորվի, ապա արդյունքում կշահեն թե’ Ադրբեջանը, թե’ Հայաստանը, կշահի եւ Թուրքիան, կշահեն նաեւ ՌԴ-ն ու Իրանը: Կշահեն բոլորը, ընդհուպ` Աֆղանստանը»,-ասել է նա:
Այնպես որ, հնարավոր է՝ այս այցելությունը չլինի հերթականներից մեկը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս