ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՏԱՀՈԳԻՉ Է
Ջրծաղիկով հիվանդ երեխաների թիվը Լոռու մարզում մտահոգիչ է դառնում: Միայն հոկտեմբերին գրանցված տվյալներով՝ մարզկենտրոնում արձանագրվել է ջրծաղիկի 70 դեպք: Այս մասին նախօրեին հայտնեց հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի համաճարակաբան Անահիտ Հակոբյանը` նշելով, որ նոյեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն, ենթադրաբար, դրանք եւս մտահոգիչ կլինեն: Թեեւ 2013թ. հունվար-սեպտեմբերին ջրծաղիկի ավելի քիչ դեպքեր են գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն մասնագետները մտահոգված են, քանի որ սեզոնային փոփոխության հետ ջրծաղիկի դեպքերը հաճախակիանում են, եւ հենց այս ժամանակաշրջանն է ամենասպասվածը համարվում հիվանդության հարուցիչի համար: Ջրծաղիկի վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ունի նաեւ պարբերական բնույթ:
«4 տարին մեկ ցանանման այս վիրուսն ավելի է ակտիվանում,-ասում է համաճարակաբան Անահիտ Հակոբյանը,-դա առաջին հերթին կապված է թե՛ ցածր ջերմաստիճանի եւ թե՛ դպրոցներում ու մանկապարտեզներում  կուտակումների հետ»: Ինֆեկցիան կառավարելի չէ, որպեսզի պատվաստումներ իրականացվեն, ուստի անհրաժեշտ է մշտապես պահպանել հիգիենան եւ ջրծաղիկով հիվանդին մեկուսացնել, քանի որ վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է: Վարակման աղբյուրը համարվում է հիվանդ մարդը, որի հետ շփումից էլ վիրուսը տարածվում է: Ջրծաղիկով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է 3-6 ամսական երեխաների մոտ, իսկ մեծահասակները ջրծաղիկով հազվադեպ են հիվանդանում: Մասնագետները պարզաբանում են` ջրծաղիկով, որպես կանոն, մարդը կարող է վարակվել միայն մեկ անգամ: Հիվանդության  տարածման մասին տեղյակ են մարզկենտրոնի դպրոցներում ու մանկապարտեզներում եւ ցուցաբերում են առավել մեծ զգոնություն: Մասնագետներն ասում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա, բայց նաեւ նշում են, որ ջրծաղիկով հիվանդության 70 դեպքը մտահոգիչ է:

Ա. ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
2013թ. ամռանը Տավուշի մարզի Իջեւանի շրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում մոտ 200 խոզ է սատկել: Վազաշենի ղեկավար Լորիկ Բադիրյանն ասաց, որ ինքը անկված 150 խոզերի մասին ակտ է ներկայացրել կառավարություն, որից հետո Վազաշենում եւս 50 խոզ է սատկել: Ըստ գյուղապետի՝ նա խոզերի անկման հարցով դիմել է գյուղատնտեսության նախարարին, սակայն մերժողական պատասխան է ստացել: Բադիրյանը դժգոհում է, որ պաշտոնապես չեն հայտնում՝ գյուղի խոզերն աֆրիկյան ժանտախտից, թե այլ հիվանդությունից են սատկել: Վազաշենի բնակիչները բողոքում են, որ այդպես էլ չի  հայտարարվում խոզերի զանգվածային անկման պատճառը, որպեսզի պետության կողմից իրենց դրամական օգնություն չտրվի: Գյուղացիներից շատերը խոզեր գնելու եւ դրանց կերակրելու համար բանկերից վարկեր են վերցրել եւ արդյունքում հայտնվել ծանր վիճակում: Սահմանի ամենավտանգավոր հատվածում ապրող, իրենց կյանքն ամեն օր վտանգող վազաշենցիները, փաստորեն, անտեսված են ՀՀ կառավարության կողմից:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս