ՀՀ իշխանություններն ամեն գնով փորձում են արագացնել Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու գործընթացը: Ու պատահական չէ, որ այս շաբաթ-կիրակի` հենց ոչ աշխատանքային օրերին, ՀՀ խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովների համատեղ նիստ: Ընդ որում, նիստն այնքան էլ հարթ չի անցել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրներն այդ նիստից բավական հետաքրքիր մանրամասներ պատմեցին: Մասնավորապես պարզվում է` մինչեւ հիմա ՄՄ-ին ՀՀ անդամակցության մի շարք էական մանրամասներ կողմերի միջեւ այդպես էլ չեն հստակեցվել: Օրինակ` հստակ չէ, թե ինչպես է լուծվելու երրորդ երկրի հետ մաքսատուրքերի խնդիրը, երբ ՀՀ-ն ՌԴ-ի հետ չունի ընդհանուր սահման, հայտնի չէ նաեւ՝ ինչ է լինելու այն միջազգային բոլոր պայմանագրերի հետ, որոնք ՀՀ-ն ժամանակին ստորագրել է, ու հիմա դրանք մեծ հաշվով հակասության մեջ են մտնում Մաքսային միության տրամաբանության հետ: Բարձրացված բոլոր հարցերին ռուսական կողմից եղել է մեկ պատասխան. «Այդ բոլոր հարցերը դեռ պետք է քննարկենք»: Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ Հայաստանը նախաձեռնել է մի գործընթաց, որը, սակայն, լի է բազմաթիվ անհայտներով: Բայց այդ ամենը չի խանգարում, որպեսզի ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարեն անդամակցության գործընթացն արագացնելու իրենց մտադրությունների մասին: Ի դեպ, ՀՀ-ն պատրաստվում է ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզը հաստատել մինչեւ տարեվերջ, իսկ արդեն փետրվարին ավարտել համաձայնագրի մշակումն ու ստորագրել այն: Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին եւս Երեւանում հայտարարել է, թե ՄՄ-ին Հայաստանի միանալը տեղի կունենա «բառացիորեն հաշվված ամիսների ընթացքում»:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նիստի ժամանակ Սլուցկին կրկին համեմատություն է արել Հայաստանի ու Կալինինգրադի մարզի միջեւ: Այդ հանգամանքն առաջացրել է Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը, եւ նա հակադարձել է` հորդորելով նման բան չանել, քանի որ դա հայ հասարակության կողմից ցավոտ է ընկալվում. «Ուզում եմ, որ մեր ռուս գործընկերներն իմանան, որ Հայաստանի հանրության, քաղաքացիական հասարակության շրջանում շատ ցավոտ է ընկալվում, երբ ՀՀ-ն որեւէ համատեքստում համեմատվում է Կալինինգրադի մարզի հետ: Սա կապված է, իհարկե, անցյալի ոչ այնքան բարի հուշերի հետ, եւ ՀՀ հանրությունը, քաղաքացիական հասարակությունը կարիք ունի այնպիսի շեշտադրումների, որոնք կընդգծեն, որ ՌԴ քաղաքական ու տնտեսական վերնախավը խորը հարգանքով է վերաբերում ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը եւ պետականությանը»: Սլուցկին էլ շտապել է արդարանալ, թե իր համեմատության մեջ չկա որեւէ վիրավորական տարր:
Երբ հարցը հասել է համատեղ հայտարարություն ընդունելուն, ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն»-ից Թեւան Պողոսյանը հրաժարվել են այն ստորագրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թ. Պողոսյանն իրենց դիրքորոշումը մեկնաբանեց այն հանգամանքով, որ հայտարարության կետերից մեկը վերաբերել է ՄՄ-ին ՀՀ անդամակցությանն ուղղված գործողությունների հարցում համագործակցելուն: Ըստ հայտարարության՝ խորհրդարանականները հատուկ պատասխանատվություն են կրում իրենց երկրների քաղաքացիներին ՄՄ ընդլայնման նշանակությունը ներկայացնելու հարցում, ընդգծվել է համատեղ օրենսդրական գործունեության անհրաժեշտությունը ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացն արագացնելու նպատակով: «Այդ ամենն անընդունելի է, դրա համար էլ դեմ ենք քվեարկել»,-ասաց նա: Թ. Պողոսյանը, մեկնաբանելով ՄՄ-ին միանալու հարցով ՀՀ իշխանությունների շտապողականությունը, ասաց, թե դրա նպատակը մայիսին Եվրասիական ընդհանուր տնտեսական միության հիմնադիր անդամներից մեկը դառնալն է. «Դրա համար նա պետք է շտապի: Բայց մենք մեկ անգամ էլ ենք արագացված տեմպով գործել, երբ 1 տարվա ընթացքում բանակցեցինք ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի շուրջ: Այդ հարցով նույնիսկ չեմպիոնական կոչման էինք հավակնում, քանի որ այն ճանապարհը, որ ուրիշներն անցան 2.5 տարվա ընթացքում, մենք մեկ տարվա մեջ անցանք: Բայց, ինչպես տեսնում եք, արագացված տեմպով ընթանալը դեռ չի նշանակում վերջնական քաղաքականություն, վերջնական իրողություն»:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Մոսկվա` հանդիպելու իր ռուս պաշտոնակցին` Սերգեյ Լավրովին: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Լավրովը Նալբանդյանին ասել է. «Մոսկվան ակտիվ կաջակցի հարցերին, որոնք պետք է լուծել, մինչ Հայաստանը միանա Մաքսային միությանը: Ուզում ենք շարունակել ԵԱՀԿ, ՄԱԿ, ու, իհարկե, հետխորհրդային տարածքում` ԱՊՀ ու ՀԱՊԿ շրջանակում մեր գործակցությունը»:
ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ԲԱՅՑ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ