ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ
Թեեւ Հայաստանում արդեն ավելի քան երեք ամիս է` ձվի դեֆիցիտ կա, սակայն ՀՀ գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Սերգո Կարապետյանը միայն երեկ է արձագանքել այդ փաստին: Նա հանդիպել է ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ` այցելելով «Արաքս», «Արզնի» եւ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկաներ: Մինչ այդ, Հայաստանում ավելացել է ձու ներկրող ընկերությունների թիվը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս պահին ձու ներկրում է 11 ընկերություն. 2013թ. հունիս-նոյեմբեր ամիսներին Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բուլղարիայից, Բելառուսից եւ նույնիսկ Թուքիայից ՀՀ է ներմուծվել ավելի քան 6,8 մլն ձու:

ՊԱՐՏՔԵՐՆ ՈՒ ԴԻԱԿԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու հետնամասում հայտնաբերվել է մոտ 50-ամյա կնոջ դիակ: Վերջինս Էջմիածին քաղաքի բնակիչ Նազիկ Դադուրյանն է, որի հարազատներն արդեն շուրջ երեք ամիս է` փնտրում էին նրան: Էջմիածնում ենթադրություններ կան, որ Նազիկը մեծ պարտքեր է ունեցել, ինչի համար էլ կա՛մ սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել: Մեր տեղեկություններով՝ դիակը հայտնաբերել են այն բանից հետո, երբ տարածքում գարշահոտություն է տարածվել, ու որոշել են մաքրման աշխատանքներ կատարել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն:

ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
Աշխատանքի պետական տեսչության մի խումբ աշխատակիցներ հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները հայտնեցին, որ առողջապահության նախարարությունը տեսչության մոտ 20 աշխատակիցների անհիմն կերպով հեռացրել է աշխատանքից, ավելին, մինչ օրս չի վճարել նրանց աշխատավարձը. «Իրենց ծանոթ, բարեկամ մարդկանց են ընդունում, անգամ հղի մի կնոջ էլ են հեռացրել աշխատանքից: Սա վերաբերմունք չէ, ինչո՞ւ չեն վերահսկում, թե ինչ է կատարվում»: Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին. «Մինչ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկելը ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները եղել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատողներ, հետեւաբար նրանց վարձատրությունը պետք է կատարվեր սոցապնախարարության աշխատակազմի կողմից»: Դիմեցինք նաեւ ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ խորհուրդ տվեցին դիմել առողջապահության նախարարություն: Ու մինչ նախարարությունները պատասխանատվությունը գցում են միմյանց վրա, մեզ դիմած ՀՀ քաղաքացիները ստիպված են «սոված օր անցկացնել»:




Լրահոս