Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ 13 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, որոնք որակվեցին որպես հեղափոխության ձախողված փորձ, ինչպես եւ սպասվում էր, իրավական լուրջ ընթացք ունեցան: Կալանավորված 14 հոգին  դեռ շարունակում են մնալ ազատազրկման մեջ, մինչ քննությունը կպարզի, թե նրանցից ով ինչ մեղքի բաժին ունի կատարվածում:
Նոյեմբերի 8-ին ՀՀ քր. օր.-ի 316-րդ հոդվ. 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով) հարուցված գործը քննիչների կողմից ակտիվորեն քննվում է, թեպետ նրանք, նախաքննական գաղտնիությունից ելնելով, դեռ չեն նշում վարկածներ, թե ովքեր կարող էին ուղղորդել հեղափոխականներին կամ նրանք ինչ նպատակով են դուրս եկել հեղափոխություն կատարելու: Սակայն փաստ է, որ մարդկանց մի դժգոհ զանգված դուրս էր եկել փողոց՝ պայքարելու իր իրավունքների համար:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ, թե Շանթ Հարությունյանի հետ կալանավորված մյուս 13 քաղաքացիներն իրավական ինչ պաշտպանվածություն ունեն, արդյոք ունեն իրավապաշտպաններ, եւ, առհասարակ, նրանց իրավունքները կալանավայրում ոտնահարվել են, թե ոչ: Միայն կարողացանք պարզել, որ կալանավորվածներից Տիգրան Պետրոսյանն ունի պաշտպան՝ Արա Զաքարյանը: Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալը նորմալ վիճակում է, վերաբերմունքի հետ կապված որեւէ դժգոհություն չունի. «Միայն բողոքում է իր դեմ առաջադրված մեղադրանքից»: Իսկ մյուս կալանավորների մասին մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ:  
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը, որի մասով ակտիվ քննություն է ընթանում, ինչպես հայտնի է, հրաժարվել է հանրային պաշտպան ունենալուց: Սակայն երեկ՝ երեկոյան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ըստ «Առավոտ»-ի,  ստանձնել է Շանթի պահպանությունը: Երեկ էլ նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց եւ հայտարարել, որ «սա դեռ Շանթն էր, կայծակը մենք ենք»: «Բոլոր նրանք, ովքեր Շանթին գիժ են համարում, մենք նրանց ենք գիժ համարում, որովհետեւ Շանթը, ըստ մեզ, խենթ է, ով ուղղակի իր կյանքը նվիրել է իր հայրենիքին»,-նշում էին ակտիվիստները: Իսկ ահա Շ. Հարությունյանի որդին, անդրադառնալով իր հոր նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության փաստին, ասել է, որ նա հոգեկան խնդիրներ չունի: Ավելին, ըստ նրա՝ ինքը դիմում է ներկայացրել քննիչին, որպեսզի թույլ տան հանդիպել հոր հետ, սակայն մինչ օրս պատասխան չկա:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից երեկ «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ նոյեմբերի 15-ին նախաքննական մարմինը մեղադրյալ Շ. Հարությունյանին հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է կայացրել: Իսկ այսօր դատարանը նիստ կգումարի եւ կորոշի՝ լուծարված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հիվանդանոց, թե ոչ:
«Ժողովուրդ»-ն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ այսօր դատարանը կբավարարի միջնորդությունը, եւ Շ. Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո հարուցված յոթի գործով Շ. Հարությունյանը մեղադրվում էր ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը եւ անցկացնելը, պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով): Սակայն դեռեւս այն ժամանակ Շ. Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց առողջապահության նախարարության փորձագետների եզրակացության հիման վրա, ըստ որի՝ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»:
Իսկ թե ինչ կլինի մյուս կալանավորվածների ճակատագիրը, առայժմ անհայտ է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս