ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2004թ.-ից աշխատում եմ կազմակերպությունում եւ ոչ մի անգամ արձակուրդ չեմ գնացել: Այժմ իմ պայմանագիրը լուծվում է, եւ ուզում եմ տեղեկանալ, թե գործատուն վերջնահաշվարկի ժամանակ քանի տարվա չօգտագործված արձակուրդի համար պետք է փոխհատուցի իր աշխատողին:

Անուշիկ Արիստակեսյան (34 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ԱՕ) 170-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Գործող ՀՀ ԱՕ-ն (որն ուժի մեջ է մտել 2005թ. հունիսի 21-ից), սակայն, չի պատասխանում այն հարցին, թե ինչպես պետք է վարվել մինչեւ 2005թ. հունիսի 21-ն աշխատողների վաստակած, բայց չօգտագործած արձակուրդների հետ:
Այդ հարցում որպես կողմնորոշիչ կարող են հանդես գալ ՀՀ վճռաբեկ դատարանի (ՎԴ) համապատասխան որոշումները, որոնք էական նշանակություն ունեն oրենքի միատեսակ կիրառության համար:
ՀՀ ՎԴ-ն, ելնելով 21.06.2005թ. ուժը կորցրած ՀՀ ԱՕ-ի 246.1-րդ հոդվածի այն պահանջից, որ աշխատանքային վեճերը քննելիս վեճը քննող մարմինն իրավունք ունի վճիռ կայացնել արձակման դեպքում վճարելու աշխատողին չoգտագործած արձակուրդի դիմաց, ոչ ավելի, քան երկու աշխատանքային տարվա համար, եւ եզրահանգելով, որ գործող ԱՕ-ի 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը չի կարող հետադարձ ուժ ունենալ, «քանի որ ոչ մի իրավական ակտում նախատեսված չէ տվյալ նորմի հետադարձ ուժը», որոշեց. մինչեւ 21.06.2005թ. վաստակած ամենամյա արձակուրդների համար դրամական փոխհատուցման գումարը պետք է հաշվարկվի 2 տարվա համար, իսկ փոխհատուցման չափը պետք է որոշվի համապատասխան ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չափով:
Ցավոք, դատարանը չի հստակեցրել, թե չվճարված տարիների որ երկու տարվա մասին է խոսքը: Հավանաբար դա կարող են անել գործատուն եւ աշխատողը փոխադարձ համաձայնությամբ:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք սրտի, ոչ բոլոր աշխատողներն են իրազեկ իրենց իրավունքներին եւ պարտականություններին: Արդյունքում` անհրաժեշտության դեպքում շարքային աշխատողը չի կարողանում պաշտպանել իր աշխատանքային իրավունքները: Հուսանք` այս հրապարակումը կնպաստի կոնկրետ հարցի մասով այդ բացը լրացնելուն:




Լրահոս