ՀԱՐՑ. Երբեմն երազներս իրականանում են: Կցանկանայի իմանալ, թե ինչպես կարելի է վերաբերել դրանց: Երազներն ի՞նչ ազդեցություն են ունենում մարդկանց կյանքում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երազներին մեծ նշանակություն պետք չէ տալ: Սակայն չի կարելի իսպառ մերժել դրանց գոյությունը: Գիտականորեն երազներն ինչ-որ ժամանակահատվածում գլխուղեղում կուտակված ինֆորմացիայի կամ, ավելի ճիշտ, ոչ պետքական ինֆորմացիայի լիցքաթափումն են: Այսինքն՝ այն, ինչ պետք չէ ուղեղին, մարդու օրգանիզմից երազի տեսքով դուրս է գալիս: Երազը տեւում է շատ կարճ՝ մի քանի վայրկյան: Սակայն երբեմն երազի իմաստը հասկանալի է դառնում, երբ կատարվում է մի իրողություն, որը դառնում է երազի տրամաբանական շարունակությունը: Բացատրություն տալը դժվար է: Հոգեւոր տեսանկյունից երազները երկու բնույթի են. երազ, որը չարից է, եւ երազ, որն աստվածային է: Աստվածաշունչը բազում դեպքեր է նկարագրում, ուր Աստված մարդկանց հետ խոսել է երազի միջոցով, երազներով է երբեմն մարդուն տրվել մարգարեական տեղեկությունները: Սակայն այսօր, երբ կատարվում է աստվածաշնչյան խոսքը, թե չարը կարող է նաեւ լուսե հրեշտակի կերպարանքով երեւալ, մի տեսակ դժվար է զանազանել՝ երազը բարուց է, թե չարից: Այդ պատճառով մեծ նշանակություն չպետք է տալ երազներին: Պետք է շատ աղոթել Աստծուն, որպեսզի բացվեն հոգու աչքերը՝ տեսնելու եւ զանազանելու ճշմարտությունն ու սուտը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, պետք չէ կենտրոնանալ եւ մեծ ուշադրություն դարձնել երազներին: Ամեն ոք պետք է խելամիտ գտնվի եւ չսպասի դրանց իրականացմանը: