ԲՈՒՀ-երի միավորում հանուն տարածքի. ինչ է կատարվում Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն առաջիկայում կառավարությանը կներկայացնի երկու բուհերի միավորման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը միացնել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտի հետ եւ ստեղծել Շիրակի պետական համալսարան: Միավորման արդյունքում տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի շենքի մի մասը տրամադրվելու է մանկավարժականին, իսկ մյուս մասը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Այսպիսով ստացվում է, որ կառավարության այս որոշմամբ վաճառքի ենթակա նոր գույք է ստեղծվում: Նշված բուհերի միավորման մասին տեղեկությունը խիստ մտահոգել է տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմին: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս խնդրի շուրջ նախորդ չորեքշաբթի կրթության եւ գիտության նախարարը հանդիպել է տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմի հետ: Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նույն բուհի գիտական խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նախարարությունը բուհերի միավորումը պատճառաբանում է ուսանողների թվի նվազմամբ:

«Իհարկե, մենք գիտենք, որ Հայաստանում բնակչության թվի նվազման խնդիր կա: Եթե ուսանողների թվի դանդաղեցում կա, ապա դա օբյեկտիվ է եւ ընդհանուր, այլ ոչ թե մեր բուհին է միայն վերաբերում: Իհարկե, մանկավարժական ինստիտուտում ուսանողների էական կրճատում մենք տեսել ենք: Իսկ մեզ մոտ հակառակն է՝ դինամիկ աճ կա: Բայց մենք մտահոգված ենք, քանի որ մանկավարժական ինստիտուտը եւ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը ելակետային նույն դիրքերը չունեն: Մրցունակության տեսանկյունից նույնիսկ կա փաստ: Ես որպես մասնագետ կարծում եմ, որ պետք է ապահովել ազատ մրցակցային դաշտ: Իսկ եթե ամբողջը կոնսոլիդացնում ենք, ապա այստեղ մենաշնորհացման հնարավոր վտանգ կա: Չէ որ այսպես այդ ռիսկերը նվազեցնելը այդքան էլ հեշտ չէ»,- ներկայացրեց Առաքելյանը: Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ ԿԳ նախարարը վստահեցրել է, որ որեւէ փոփոխություն, որը տեղի կունենա, մանրակրկիտ կքննարկվի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: «Ցանկացած փոփոխություն, որը կդրվի սեղանի վրա, պետք է քննարկվի եւ հիմնավորվի: Այս պահին կոնկրետ որեւէ տարբերակ նախարարը չի ասել:

Ուղղակի կոնսոլիդացման մի քանի տարբերակ կա, որոնք ինքն էլ է ցանկանում քննարկել: Միայն հավաստիացրել է, որ մեզ հետ անպայման պետք է այն քննարկվի»,- ներկայացրեց դասախոսը: Ի դեպ, տեսակետ է շրջանառվում, որ երկու բուհերի միավորման արդյունքում դասախոսների կրճատումներն անխուսափելի կլինեն: Չնայած սրան՝ Առաքելյանը այս գործընթացը դիտարկում է բարեփոխումների շրջանակներում: Ըստ նրա՝ Շիրակի պետական համալսարան ստեղծելու գաղափարը վատը չէ, բայց այն պետք է լինի էվոլյուցիոն, տարիների ընթացքում եւ ամենակարեւորը պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ մասնակցությամբ:

Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսական կազմը հույսով սպասում է, որ ԿԳ նախարարը իրենց կառաջարկի մի լուծում, որում հաշվի առնված կլինեն իրենց մտահոգությունները:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ բուհերի միավորումից հետո տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին պատկանող շենքի մի մասը կմիացվի մանկավարժական ինստիտուտին, իսկ համալսարանին ամրակցված որոշ շենք, շինություններ կհանձնվեն պետական գույքի կառավարման վարչությանը: Դրանց թվում են համալսարանի հանրակացարանային մասնաշենքը, ուսումնական մասնաշենքը, հրաձգարանը, ջրավազանը, ավտոտնակները, կաթսայատունը, ճաշարանը, հողատարածք եւ այլն:

Բուհերի միավորման արդյունքում շենք, շինություններ հանձնելու հեռանկարը խիստ զայրացրել է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսական կազմին: Ավելին՝ նույնիսկ ուսանողներն են պատրաստ ոտքի կանգնել եւ բողոքի ակցիաներ անցկացնել: Նրանք համոզված են, որ պետական գույքի կառավարման վարչությունը հող է նախապատրաստում իրեն հանձնվող համալսարանական գույքը հետագայում վաճառքի հանելու կամ վարձակալության տրամադրելու համար:

Նկատենք, որ այս մտահոգությունները, մեղմ ասած, արդարացված են, քանզի ամենեւին էլ գաղտնիք չէ, որ հայրենի կառավարությունը շարունակում է անխնա կերպով պետական սեփականություն համարվող շենքերը եւ հողատարածքները էժան գներով յուրայիններին վաճառել կամ վարձակալության տալ: Եվ չի բացառվում, որ հետագայում համալսարանական ներկայիս շինությունները դառնան հյուրանոց կամ սուպերմարկետ:

Ավելին՝ այս միավորումից հետո կրթության եւ գիտության նախարարությունը, ըստ նախագծի, որոշել է նորաստեղծ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սահակ Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Նա պատրաստվում էր առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում, սակայն գործող իշխանությունը նրան դա թույլ չտվեց: ՏԻՄ ընտրություններում Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելուց հետո ՀՀԿ-ն որոշեց ինչ-որ չափով շահել նաեւ Մինասյանի սիրտը: Եւ կարճ ժամանակ անց վերջինս նշանակվեց Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին այս ինստիտուտի ռեկտորի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել մանկավարժականի երկարամյա ռեկտոր, նախկին ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը:

«Ժողովուրդ»-ի հարցին՝ Ձեր ո՞ր արժանիքի համար են նշանակելու նոր ստեղծվող Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար՝ հաշվի առնելով նաեւ այն, որ առջեւում ՏԻՄ ընտրություններն են, Մինասյանն ասաց. «Հարցը բացարձակապես չքաղաքականացնեք: Ես կրթության ոլորտում եմ արդեն 35 տարի, եւ այդ նշանակումներն ու սպասվող պաշտոնանկությունները բացարձակապես քաղաքական ենթատեքստ չունեն»: Նրա խոսքերով՝ տնտեսագիտական համլսարանի՝ պետական գույքի կառավարման վարչությանը հատկացվող գույքը հետագայում անվարձահատույց կերպով կրկին կհանձնվի նոր կազմավորվող հիմնարկին՝ Շիրակի պետական համալսարանին:

Ինչեւէ, առջեւում ՏԻՄ, իսկ մի քանի ամիս անց՝ խորհրդարանական ընտրություններն են: Թե Մինասյանի այս նշանակումը որքանով կապ ունի ընտրությունների հետ, ժամանակը ցույց կտա: Սակայն պարզ է, որ կառավարությունը ինչ-որ մեկի քմահաճույքի համար մարդկանց ճակատագրերի հետ է խաղում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս