ՀԵՌԱՑԱՆ` ՆՈՐԻՑ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ ՏԱԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու տարվա ընդմիջումից հետո երեկ Վիեննայում կայացավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը, սակայն, բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել. ԼՂ խնդիրը շոշափվել է նախօրեին Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ: Լավրովը, Սարգսյան-Ալիեւ հանդիպումը որակելով առանցքային, ասել է, թե այն հույս է ներշնչում, որ գործընթացն առաջ կգնա: Լավրովը նաեւ շեշտել է, թե խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի:
Բացի այդ՝ Վիեննայի հանդիպումից առաջ ե՛ւ Ս. Սարգսյանի, ե՛ւ Ի. Ալիեւի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ընդ որում սեփական նախաձեռնությամբ: Նա եւս կարեւորել է խնդրի խաղաղ լուծումը եւ այդ հարցում հաստատել ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը: Ավելի ուշ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ, Քերրին մանրամասնել է Սարգսյանի ու Ալիեւի հետ հեռախոսազրույցների բովանդակությունը. «Կոչ ենք անում առաջընթաց ապահովել այս գործընթացում, մենք էլ շարունակելու ենք դրանում մեր ներգրավվածությունը»: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը փորձում է ԼՂ խնդրի լուծումը, որ առայժմ «հանձնված է» Ռուսաստանին, իսկ ավելի վաղ` Եվրոպային, իր վերահսկողությունից դուրս չթողնել եւ առաջիկա քաղաքական զարգացումներից ելնելով (դա կախված կլինի նաեւ Մաքսային միության ճակատագրից)՝ հարկ եղած դեպքում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Պատահական չէ, որ ԼՂ հիմնահարցը լայնորեն շոշափվել է նաեւ թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգում: ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ իր հերթին ԼՂ հակամարտությանն է անդրադարձել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարը` հայտարարելով. «Հուսով ենք, որ սառեցված այս հակամարտությունը շուտով կավարտվի, եւ Կովկասում խաղաղություն կհաստատվի, եւ որ դա խաղաղություն կհաստատի նաեւ Կովկասից դուրս գտնվող տարածաշրջանում: Այսպիսով՝ այսօր ես ուրախ եմ տեսնելու, որ Ջոնն ու ես, Թուրքիան եւ Միացյալ Նահանգներն այս խնդիրը դիտարկում են նույն անկյան տակ, եւ հուսով ենք, որ նախագահ Սարգսյանի ու նախագահ Ալիեւի միջեւ հանդիպումը հաջողությամբ կպսակվի»: Ավելին, ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում Դավութօղլուն ՀՀ-ի հետ հաշտեցման երեք պայմանների շարքում թվարկել է նաեւ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը»:

ՔՈԲՈՒՐԳԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայի Palais Coburg հյուրանոցում: Սկզբում այնտեղ է ժամանել Իլհամ Ալիեւը, ողջունել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Րոպեներ անց ժամանել է նաեւ Սերժ Սարգսյանը: Հանդիպումը սկսվել է Երեւանի ժամանակով 14-ին: Սարգսյանն ու Ալիեւը լրագրողների համար լուսանկարվել են, ընդ որում առանց ձեռքսեղմումների: Այնուհետեւ արդեն փակ դռների հետեւում կայացել է նրանց առանձնազրույցը: Ավելի ուշ նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները: Ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման ավարտից հետո սենյակից առաջինը դուրս է եկել Ալիեւը, հետո` Սարգսյանը: Նրանք հեռացել են առանց լրագրողների հետ զրուցելու: Միայն «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցն է հասցրել Ս. Սարգսյանին հարցնել, թե ինչպես անցավ հանդիպումը, որին հետեւել է նրա կարճ պատասխանը. «Նորմալ»: Նկատենք, որ հանդիպումից առաջ նրանց երկուսի տրամադրությունն էլ բարձր էր, ցուցադրաբար ժպտում էին: Իսկ արդեն հանդիպումից հետո չքացել էին նրանց ժպիտները. երկուսն էլ լուրջ էին:
Ուշագրավը, սակայն, հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությունն է: Դրա համաձայն՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ավելին, առաջիկա ամիսներին հնարավոր է նոր հանդիպում. «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին` ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին` համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը` խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»: Մինչ Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը, սակայն, համանախագահները պատրաստվում են որպես հաջորդ քայլ կազմակերպել աշխատանքային հանդիպումներ` ԱԳ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի հարթակներում: Համանախագահները նախանշել են նաեւ կոնկրետ ժամկետները. այդ հանդիպումը լինելու է դեկտեմբերի 5-ից 6-ը Կիեւում: Բացի այդ՝ համանախագահները ծրագրում են մինչեւ տարեվերջ այցելել տարածաշրջան:
Փաստորեն, հարկ է նկատել, որ այս փուլում միջազգային հանրությանը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, հաջողվեց վերականգնել Սարգսյան-Ալիեւ սառեցված հանդիպումների ձեւաչափը, եւ մոտակա ամիսներին նրանք կրկին կհանդիպեն: Սա, թերեւս, կարելի է համարել որոշակի տեղաշարժ. կողմերը գոնե առերեւույթ փորձում են ցույց տալ, թե իրենք շահագրգռված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ պատրաստ են Մադրիդյան սկզբունքների շուրջ կոնկրետ քայլերի: Թե որքանով այդ տեղաշարժերը կշարունակվեն եւ որքանով կոնկրետ արդյունք կգրանցեն, ցույց կտա ժամանակը, եւ կախված կլինի, թե որքանով են կողմերն իրոք շահագրգռված ԼՂ հակամարտության լուծմամբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս