«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ընթացիկ տարում ՀՀ պետական բյուջեից Հայաստանի հանրակրթական դպրոցներին հատկացվել է 26 միլիարդ 982 միլիոն 127 հազար դրամ, որից արդեն իսկ ծախսվել է 16 միլիարդ 71 միլիոն 874 հազար դրամը:
Նշված գումարից 3 միլիարդ 68 միլիոն 305 հազար դրամը հատկացվել է Արարատի մարզպետարանին, որից ծախսվել է 1 միլիարդ 904 միլիոն 397 հազար դրամ: Գրեթե նույն պատկերն է նաեւ Արմավիրի մարզում. այստեղ մարզպետարանին է հատկացվել 3 միլիարդ 81 միլիոն 572 հազար դրամ, որից ընթացիկ տարում ծախսվել է 1 միլիարդ 810 միլիոն 295 հազար դրամ: 3 միլիարդ 154 միլիոն 826 հազար դրամ էլ պետական բյուջեից հատկացվել է Լոռու մարզպետարանին, որից եւս գրեթե նույն չափաբաժնով գումար է ծախսվել` 1 միլիարդ 822 միլիոն 258 հազար դրամ: Գեղարքունիքում եւս հատկացված 3 միլիարդ 76 միլիոն 747 հազար դրամից ծախսվել է կեսից ավելին՝ 1 միլիարդ 779 միլիոն 169 հազար դրամ:
Իսկ, ահա, մյուս մարզերին ավելի քիչ գումար է հատկացվել: Մասնավորապես՝ նկատելիորեն պակաս գումար է տրամադրվել Վայոց ձորի մարզպետարանին` 749 միլիոն 16 հազար դրամ, որից ծախսվել է 435 միլիոն 428 հազար դրամը: Կամ այստեղ հանրակրթական դպրոցներում վիճակն այնքան բարվոք է, որ ավել գումար հատկացնելու կարիք չկար, կամ արտագաղթի պատճառով համեմատաբար փոքր այս մարզում աշակերտների թիվը շեշտակի նվազել է, համապատասխանաբար արվելիք ծախսերը՝ նույնպես:
Պետական բյուջեից Կոտայքի մարզպետարանին է հատկացվել 2 միլիարդ 883 միլիոն 757 հազար դրամ, որից ծախսվել է 1 միլիարդ 678 միլիոն 321 հազար դրամ, իսկ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 2 միլիարդ 892 միլիոն 676 հազար դրամ, որից ծախսվել է` 1 միլիարդ 763 միլիոն 254 հազար դրամ:
2 միլիարդ 181 միլիոն 778 հազար դրամ էլ հանրակրթական դպրոցների կարիքները հոգալու համար հատկացվել է Արագածոտնի մարզպետարանին, որի կեսից ավելին՝ 1 միլիարդ 317 միլիոն 748 դրամն արդեն ծախսվել է:
Համեմատած քիչ գումար է հատկացվել Սյունիքի մարզպետարանին` 1 միլիարդ 919 միլիոն 428 հազար դրամ, որի հիմնական մասը՝ 1 միլիարդ 230 միլիոն 719 հազար դրամը, արդեն իսկ ծախսված է: Նույն պատկերն է Տավուշի մարզպետարանին արված հատկացումների դեպքում` 1 միլիարդ 897 միլիոն 885 հազար դրամից ծախսվել է 1 միլիարդ 158 միլիոն 237 հազար դրամը:
Նշենք, որ պետական բյուջեից Երեւանի հանրակրթական դպրոցների կարիքները հոգալու համար 2 միլիարդ 16 միլիոն 132 հազար դրամ է հատկացվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որից 1 միլիարդ, 172 միլիոն, 44 հազար դրամն արդեն ծախսված է:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ նաեւ մշակութային ծառայությունների համար արված ֆինանսական հատկացումներին: Եւ այսպես, մշակութային ծառայությունների համար հատկացվել է 15 միլիարդ 44 միլիոն 990 հազար դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել է 8 միլիարդ 571 միլիոն 668 հազար դրամը:
Նշված գումարից գրադարանների համար հատկացվել է 1 միլիարդ 753 միլիոն 595 հազար դրամ, որից արդեն իսկ ծախսվել է 1 միլիարդը: Թանգարանների պահպանման համար հատկացվել է 2 միլիարդ 433 միլիոն 347 հազար դրամ, որից ծախսվել է շուրջ 1 միլիարդը: Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման համար հատկացվել է 457 միլիոն 407 հազար դրամ, որից ծախսվել է 241 միլիոնը: Իսկ մնացած գումարները հատկացվել են մշակութային տների, կենտրոնների, արվեստի, կինոմատոգրաֆիայի եւ այլ մշակութային կազմակերպությունների համար:
Անշուշտ, իր մշակույթով հպարտացող եւ գիտելիքահեն տնտեսության տեսլական ունեցող երկրի համար նման հատկացումները չափազանց քիչ են: Սակայն մյուս կողմից էլ, եթե այդ միջոցները նպատակային տնօրինվեն, անկասկած հնարավոր է առավել լավ արդյունքների հասնել:
Արփինե Թովմասյան