Մեկ փաստաթղթով հարց չի լուծվում. պետք չէ հույս դնել ուրիշ երկրի վրա. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գիտենք՝ օգոստոսի 16-ին Երեւանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել էին ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիների, այդ թվում` Կովկասի ռազմաքաղաքական իրադրությունը, նախանշվել էին կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:

Նիստի ընթացքում կողմերն անդրադարձել էին ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ռազմական շինարարության զարգացմանը եւ ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը վերաբերող խնդիրներին եւ քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

«Ժողովուրդ»-ը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների՝ Հայաստան կատարած այցի մասին զրուցեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, այդպես էլ շատերի համար անհասկանալի մնաց, թե ինչ նպատակ էր հետապնդում Հայաստանում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների այցը:

-Դա ընդամենը նշանակում է, որ մենք հիմա նախագահում ենք ՀԱՊԿ-ում, առջեւում հոկտեմբերի 14-ին պետք է լինի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նախագահները գալու են, եւ անհրաժեշտ էր նախապատրաստական աշխատանք, որը իր մեջ նախատեսում էր նաեւ հանդիպում մեր արտգործնախարարների, պաշտպանության նախարարների միջեւ եւ այս վերջինը հենց դա էր: Այն փաստաթղթերը, որոնք պետք է վերջնականացվեն եւ հաստատվեն հոկտեմբերին, դա կատարվելու է Հայաստանում, քանի որ մենք ենք նախագահող, եթե մենք չլինեինք, դա կլիներ ուրիշ տեղ:

-Տեսակետ կա, որ օգոստոսի 16-ին կայացած այս օրինակ հանդիպումները ձեւական բնույթ են կրում, քանի որ փորձը ցույց է տվել՝ երբ սահմանին հակառակորդի կողմից հարձակման դրսեւորումներ են լինում, եւ մենք բազմաթիվ կորուստներ ենք կրում, կոնկրետ ՀԱՊԿ-ն որեւէ կերպ չի արձագանքում իրավիճակին:

-Գիտեք ինչ, նայած ինչ սպասելիք ունեք: Ասել եմ ու էլի եմ կրկնելու, որ ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ իր անվտանգության հարցերը առաջին հերթին պետք է իր հետ կապ եւ հույսը չդնի ուրիշի վրա, լինի դա նույնիսկ ամենա քու դաշնակից բարեկամ, սա համար մեկ խնդիրն է, երկրորդը սպասելիք, որ ՀԱՊԿ-ը քո փոխարեն կլուծի խնդիրները, այ, դա նույնիսկ կործանարար է:

-Այս կառույցը անգամ չի էլ արձագանքում տիրող իրավիճակին, եւ նոր փաստաթղթերի ստորագրումը ի՞նչ կտա մեզ:

-Ինքնին այդպիսի դաշինքի առկայությունը եւ Հայաստանի մասնակցությունը, իհարկե, կարեւոր է, որպեսզի այդ հնարավոր արկածախնդրությունը կանխվի, իսկ ինքնին ՀԱՊԿ-ին անդամակցությունը դրան նպաստում է: Բացի դրանից՝ ՀԱՊԿ-ը նաեւ հնարավորություն է տալիս ավելի արտոնյալ գներով գնել զենք-զինամթերք, իհարկե, դա նաեւ երկկողմանի է արվում: Հետո ՀԱՊԿ-ում ինքնին լինելը նաեւ կաշկանդում է առանձին պետություններին, մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք հանդիսանում են թուրքալեզու պետությունների դաշինքի անդամ, իրենք այնտեղ էլ պարտավորություններ ունեն: Այսինքն՝ սա ինչ-որ չափով նաեւ հավասարակշռում է այն պարտավորությունները, որոնք կան այդ դաշտում: Ճիշտը ոչ թե սեւ եւ սպիտակով նայելն է, այլ պետք է դիտարկել այդ համատեքստում: Իսկ ամենակարեւորը, կրկնում եմ նույնը, առաջին հերթին մեր հույսը մեր վրա պետք է դնենք:

-Իհարկե, պաշտոնապես հրապարակվեց, թե ինչն էր ՀԱՊԿ անդամ պետությունների այցը Հայաստան, սակայն ինչպես ՌԴ պաշտպանության նախարարի այցը, այնպես էլ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների այցը մի նոր վտանգի մասին է խոսում:

-Բացատրեցի, թե այդ գալը ինչով էր պայմանավորված, ընդամենը նախապատրաստական այց էր արդեն հոկտեմբերին կալանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի համար, մինչ այդ եղել են նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների տեղակալների մակարդակով բազմաթիվ քննարկումներ: Այս ընթացքում լուրջ փաստաթղթեր են պատրաստվել, որովհետեւ ՀԱՊԿ-ի ռազմավարության փաստաթուղթն առ այսօր գոյություն չուներ, եւ մեր նախագահության ընթացքում հաջողվեց այդ փաստաթուղթը ի մի բերել:

-Ի՞նչ կտա այդ փաստաթուղթը մեզ:

-Եկեք ճիշտը հասկանանք, մեկ փաստաթղթով հարց չի լուծվում, իրականում ամենօրյա աշխատանք է, որ հաշվի է առնվում բոլոր նրբերանգները, ցանկացած պետություն գիտեք սեւ ու սպիտակով չի: Գիտեք ինչ, ամեն մի պետություն իր շահերից է խոսում, դա ակնհայտ է, եւ պետք է միշտ հաշվի առնել տարբեր պետությունների շահերը, եւ այնտեղ է համագործակցությունը, որտեղ շահերը համընկնում են:

Մանրամասները`  տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս