Ոչ ոքի չեմ թողնում իմ ոտքի տակը փորել. Գրիգոր Դանիելյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մենք միասին կբացահայտենք արդեն ճանաչված անձանց բնավորության ինքնատիպ գծերը, կծանոթանանք նրանց կյանքի` քչերին հայտնի դրվագներին, նրանց վախերին, սպասումներին ու երազանքներին: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան, հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն է:

-Գրիգո՛ր, ամենալավ հումորը ծնվում է, երբ…

-Երբ լուրջ գործ ես անում, այսինքն` երբ լուրջ ես վերաբերվում դրան: Առհասարակ, մեր մասնագիտությունը պահանջում է մաքսիմալ աշխատասիրություն:

Հաջողված է այն հումորը, որը…

-Որը կարողանում է ծիծաղ հարուցել տարիքային տարբեր խմբերի անձանց շրջանում, այսինքն` այն հումորը, որը կընկալվի ե՛ւ երեխայի, ե՛ւ նրա պապիկի կողմից:

-Ձեր ասպարեզի ամենամտահոգիչ խնդիրը:

-Սցենարիստների պակասը: Հատկապես լավ, հետաքրքիր, ժամանակին համընթաց հումորներ մատուցող սցենարիստների սակավություն է նկատվում:

-Եղե՞լ են պահեր, երբ մտածել եք ոլորտը թողնելու մասին:

-Իհարկե, լինում են նման դեպրեսիոն պահեր, երբ ուզում ես ամեն ինչից կտրվել ու թողնել ամեն բան: Բայց հիմա տրամադրվածությունս այսպիսին է` փորձում եմ լավ աշխատել ու շատ աշխատել:

unnamed (2)

-Ձեր ամենասիրելի մուլտֆիլմը:

-Մուլտֆիլմեր շատ եմ դիտել մանուկ հասակում ու մինչեւ հիմա էլ շարունակում եմ դիտել, արդեն որդուս հետ: Կարծում եմ, որ դրանք զարգացնում են մարդու երեւակայությունը, եւ, մասնավորապես, իմ աշխատանքի պարագայում մուլտֆիլմերը կարող են բավական օգտակար լինել: Սիրում եմ, օրինակ, Դիսնեյի բոլոր մուլտերը, ինչպես նաեւ ժամանակակից մուլտֆիլմեր: Վերջին անգամ, օրինակ, դիտել եմ «Зверополис»-ը (2016):

-Անգամ ծերության տարիներին չեք պատրաստվում հրաժարվել…

-Մուլտֆիլմ դիտելուց (ծիծաղում է):

-Մարդկանց բացահայտելու Ձեր լավագույն տարբերակը:

unnamed

-Ես միշտ հիմնվում եմ մարդկանց կատարած գործի վրա: Դրանից պարզ է դառնում ամեն բան:

-Ձեր քայլերը, երբ Ձեզ վրա անտեղի զայրանում են:

-Իմ վերաբերմունքն այդ պարագայում տարբեր ձեւերով կարող է արտահայտվել: Ամեն բան կախված է նրանից, թե ով է զայրացողը: Եթե վերջինս ինձ հարազատ մարդ է, լռում եմ, եթե ոչ, պոռթկում եմ ունենում:

-Հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը:

-Միանշանակ, ընտանիքի գրկում ժամանակ անցկացնելը, թեկուզ` միասին հանգստի մեկնելը: Վերջին անգամ մենք եղանք, օրինակ, Սյունիքի մարզում, այցելեցինք Տաթեւի վանք:

-Երբեք ժամանակ ու գումար չեք վատնի…

-Սա մի քիչ հարաբերական հարց է: Օրինակ` խաղատներ այցելելու համար այդ ռեսուրսները չեմ ծախսի: Բայց եթե, ասենք, հաջողվի լինել Լաս Վեգասի խաղատներից մեկում, հաճույքով կծախսեմ, եթե նույնիսկ որոշակի գումար տանուլ տամ, չեմ ափսոսա: Այնպես որ, այս դեպքում թելադրողն իրավիճակն է:

-Ձեր քայլերը, երբ հայտնվում եք անելանելի վիճակում:

-Ելք եմ փնտրում` միեւնույն ժամանակ դիմելով Աստծուն: Ես հավատում եմ, որ վերերկրյա ուժերը կարող են ինձ օգնության հասնել, բայց միայն այն դեպքում, երբ ինքս կգործեմ:

-Երբ փորձում են Ձեր դեմ դավեր նյութել…

-Ես ոչ ոքի չեմ թողնում, այսպես ասած, իմ ոտքի տակը փորել. ոտքերիս տակի հողը բավական ամուր է, փորելու բան էլ չկա: Բացի այդ` կարծում եմ` վատ մարդկանց «տակն են փորում», իսկ ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ փորձում եմ բոլորի հետ լավ հարաբերություններ հաստատել, եթե հնարավոր է` ինչ-որ կերպ օգտակար լինել:

Դարի ամենամեծ խնդիրը:

-Տարատեսակ հիվանդությունների գլուխ բարձրացնելը: Վերջին հարյուրամյակում մարդիկ այնքան մեծ վնաս են հասցրել բնությանը, որ հաճախ զգում են նրա ապտակը` նաեւ հիվանդությունների տեսքով:

-Ձեր թուլությունը:

-Թուլություն ունեմ աղջիկ երեխաների նկատմամբ: Երազում եմ դուստր ունենալ: Այդ ժամանակ թուլությունս, իսկապես, ակնհայտ կդառնա (ծիծաղում է):

unnamed (1)

Կյանքի այս փուլում առաջ եկած Ձեր վախերն ինչի՞ հետ են կապված:

-Հարազատ մարդկանց կորցնելու:

-Ե՞րբ եք երկրորդ անգամ ծնվել:

-Երբ ընտանիք եմ կազմել: Իմ ամուսնության օրը:

-Ընտանիքը կայուն է, երբ…

-Երբ սեր կա: Ընդ որում, միշտ պետք է կողակցին ասել դրա մասին, քանի որ խոսքը յուրահատուկ ուժ ունի: Բնականաբար, այդ սերը պետք է դրսեւորվի նաեւ ամուսինների գործերում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս