Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին հաշված թվով հանդիպումներ են եղել, որոնք կարող էին ճակատագրական լինել խնդրի լուծման հարցում: Դրանցից մեկն էլ 2006թ. փետրվարի 10-ին Ռամբուեում կայացած բանակցություններն էին Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Միջնորդները այնժամ հուսառատ էին, որ լուրջ տեղաշարժ է արձանագրվելու: Բնականաբար, որեւէ առաջընթաց չեղավ, սակայն հանդիպումն իր արտառոց բնույթով գրավեց ամերիկացիների ուշադրությունը: Այդ առումով բավականին հետաքրքիր է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր Ջոն Էվանսի` 2006թ. մարտի զեկուցագիրը` ուղարկված ԱՄՆ Պետդեպարտամենտին:
«Վիկիլիքսի» կողմից բացահայտված դիվանագիտական այս փաստաթուղթը դրոշմված է իբրեւ խորհրդապահական եւ պատմում է դեսպան Էվանսի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին: Զրույցի ընթացքում հիմնական հարցերը վերաբերել են ԼՂ հակամարտության կարգավորմանը, մասնավորապես` վերոնշյալ Ռամբուեի հանդիպմանը: Դիվանագետը հայտնում է, որ Քոչարյանը զրույցի ընթացքում քանիցս շեշտել է իր թերհավատությունը, որ ունեցած է եղել մինչեւ Ֆրանսիայում Ալիեւի հետ տարված բանակցությունները: Քոչարյանի համոզմամբ` Ռամբուեում անհաջողությունը դրսեւորված է եղել մինչեւ իսկ հանդիպման մեկնարկը, քանզի ինքը հավատացած էր, որ Ալիեւը լուրջ քննարկումների համար չի ժամանել: Ըստ Քոչարյանի` մինչ Փարիզ գնալն արդեն իսկ ուներ այն զգացումը, որ լուրջ քննարկում չի լինելու: Շեշտելով նախագահ Շիրակի ներդրած ջանքերը` Քոչարյանը ընդգծել է, որ դրանք լիովին ապարդյուն անցան: Ժակ Շիրակի բարձրացրած հարցը Արցախում հանրաքվե անցկացնելու կապակցությամբ Քոչարյանը համարել է Ալիեւի խնդիրը: Նա պնդել է, որ Ադրբեջանի խորհրդարանում ընդամենը մի քանի ընդդիմադիր կա, եւ Ալիեւն ազատորեն կարող է Սահմանադրությունը փոխել ու համաձայնել հանրաքվեի տարբերակին: Հետաքրքիր է, որ Շիրակը այնժամ փորձում էր գտնել մի տարբերակ, որով հանրաքվեի հարցի պարագայում կփրկվեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանության դեմքը: Տարիների ընթացքում նման մի բան գտնվեց` հանձին «ազատ կամարտահայտություն» եզրույթի, որ հայտնվեց հենց այս հանդիպումից մեկ տարի անց փոխադարձաբար ընդունելի «Մադրիդյան սկզբունքների» մեջ: Հատկանշական է, որ եթե հանրաքվեն հստակ իրավական ուժ ունեցող գործընթաց է ենթադրում, ապա կամարտահայտությունը կարող է լինել լոկ պլեբիսցիտի` հարցման տեսքով եւ որեւէ օրինական արտավորություն չառաջացնել փուլային տարբերակով առաջնահերթորեն 5 շրջան ստացող Ադրբեջանի համար:
Քոչարյանը Էվանսին պատմել է, որ զրույցի ընթացքում Ալիեւի հետ փորձել է ուղիղ խոսակցություն ծավալել «դու»-ի մակարդակով եւ գերազանցապես մեկ հիմնական հարցով` «Դու այստեղ ես համաձայնության հասնելո՞ւ համար, թե՞ մենք պիտի ձեւացնենք, որ բանակցում ենք»: Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ միջնորդներն առաջարկել են երկրորդ օրն էլ մնալ Ռամբուեում, սակայն ինքը դա համարել է անիմաստ ժամավաճառութուն: Քոչարյանը տարակուսում էր, որ Ալիեւը մերթ ազդակներ է փոխանցում առ միջնորդներ, թե իբր պատրաստ է փոխզիջումներով հարցը կարգավորել, բայց եւ նույն պահին ներքին սպառման հայտարարություններ է անում, ըստ որի` ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, եւ իրենք երկար սպասել չեն կարող: Քոչարյանը հարց է բարձրացրել` արդյո՞ք սրանք մի մարդու հայտարարություններ են, որ իսկապես շահագրգռված է վերջնական համաձայնությամբ: Քոչարյանի տպավորությամբ` Ալիեւը իրականում չգիտի էլ, թե ինչ է ցանկանում: Քոչարյանն օրինակ է բերել իր անձնական կյանքից: Ըստ նրա` ինքը ճանաչում էր մի մարդու, որը փութաջանությամբ դավաճանում էր սեփական կնոջը, բայց նաեւ նրան մշտապես պատվում էր նվերներով, քանզի խիղճը տանջում էր իր արաքի պատճառով: Նմանեցնելով Ալիեւին` Քոչարյանը սրամտում էր, որ Ալիեւը չի ցանկանում իր վրա նվազագույն իսկ պատասխանատվություն ստանձնել հարցի կարգավորման գործում, թեպետ ավելի ուժեղ քաղաքական դիրքերում է գտնվում` ի տարբերություն Քոչարյանի: Վերջինս ավելացնում էր, որ Ալիեւը համաձայնություններին հետեւելու բնավորություն չունի եւ ավելի շատ մեկ քայլ առաջ, մեկ քայլ ետ վարքագծի հետեւորդ է:
Վերադառնալով Ռամբուեի գործընթացին` Ռոբերտ Քոչարյանը հավելում էր, որ սեղանին եղած ողջ նյութը առաջարկված է եղել հայկական կողմի նախաձեռնությամբ 1-1,5 տարի առաջ` Պրահայի գործընթացից սկսած: Նրա վստահությամբ` Հայաստանի դիրքորոշումը հստակ էր. Ադրբեջանի ցանկության պարագայում համաձայնության հասնել լիովին հնարավոր է: Քելբաջարի ու ԼՂ-ի ապագայի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեի միջեւ կապը Քոչարյանը համարում էր լիովին նորմալ տարր: Ըստ նրա` հանրաքվեն կարող է լինել 3 կամ 5 տարի հետո, ինչը քննարկելի է, սակայն Ալիեւը կարծես ընդհանրապես չի կամենում, որ նման քվեարկություն տեղի ունենա:
Քոչարյանը ամերիկացիներին տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո իր հետ կապվել է ու ցանկացել ճշտել, թե արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը փոփոխության է ենթարկվել: Քոչարյանը գոհունակությամբ հավելել է, որ Պուտինը չի պահանջել անհապաղ հանդիպում ունենալ: Կարծես թե Պուտինը Հայաստանի փաստացի ղեկավարների հետ հանդիպում պահանջում է, ոչ թե առաջարկում կամ խնդրում, ինչը բնական կլիներ հավասար գործընկերային հարաբերությունների պարագայում:
Նկատենք, որ Քոչարյանի պահվածքը եւ Ալիեւի հետ ուղիղ քննարկման մեջ մտնելը ակնհայտորեն տգեղ տպավորություն են գործել ԱՄՆ դեսպանի վրա: Էվանսը փաստաթղթի ավարտին իր հատուկ մեկնաբանության մեջ առանձնացնում է, որ Քոչարյանը կոպիտ է ու չի իմաստավորում բառերը: Այդպիսի բնորոշման համար դիվանագետը հայցում էր Վաշինգտոնի ու Բաքվի իր կոլեգաների ներողամտությունը` պնդելով, որ այլ կերպ չի կարող նկարագրել իրավիճակը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳՆՈՐԴ ՉՈՒՆԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում վերջին տարիներին նկատելիորեն նվազել է բնակիչների քանակը: Գյուղը 15 տարի առաջ ունեցել է մոտավորապես 800, իսկ այժմ 600 բնակիչ: 200 գյուղաբնակներ լքել են Ոսկեպարը:
Գյուղի հիմնական ու առաջնային խնդիրների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանի հետ:
-Պարո՛ն Եգանյան, ո՞րն է այսօր Ձեր գյուղի հիմնական ու առաջնային խնդիրը:
-Ճիշտ է, շատ ենք շեշտում աշխատատեղերը, բայց մարդիկ կարողանում են արտադրանք տալ, թե՛ մսի եւ թե՛ կաթի տեսքով: Այս պահին գյուղում կա մսամթերքի եւ կաթնամթերքի իրացման խնդիր:
-Անձամբ Դուք ի՞նչ եք անում գյուղի հիմնական խնդրի լուծման համար:
-Մսամթերքի իրացման հարցով դիմել ենք գյուղնախարարություն, որպեսզի մսի եւ կաթի ընդունման եւ մշակման կետեր բացվեն, մինչեւ այսօր նույն վիճակն է:
-Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Ձեր համայնք վերջին անգամ ե՞րբ է եկել եւ ի՞նչ հարցով:
-Երեւի մոտ մեկ ամիս առաջ է եկել տարբեր հարցերով: Այստեղ նոր ջրագիծ ենք կառուցում, եկել էր, իր աչքով տեսնի եւ հետեւի կատարվող շինարարական աշխատանքներին:
-Ձեր համայնքի պատգամավոր Մարինե Մարաբյանը ե՞րբ է վերջին անգամ համայնք եկել եւ ի՞նչ հարցով: Նա՝ որպես պատգամավոր, իր ընտրողների հետ երբեւէ շփվո՞ւմ է:
-Չեմ հիշում՝ այս վերջին ամիսներին երբ է եկել համայնք, բայց իր աջակցող թիմը համայնքին շատ օգտակար է եղել: Գաղտնիք չէ, որ Վարդանյաններն են իրեն աջակցում, եւ այդ մարդիկ այս մարզի համար մեծ ավանդ ունեն: Չկա գյուղ, որ մտնեք 4-5 եւ ավել գործ արած չլինի: Օրինակ՝ օգնել է, գերեզմանների տարածքը ջուր ենք քաշել, մասնակցել է մանկապարտեզի ու նախակրթարանի վերանորոգման աշխատանքներին: Ինչպես նաեւ լուսավորության անցկացմանն է օգնել: Եվ այլ բազմաթիվ աջակցություններ է ցուցաբերել համայնքի համար:
-Կառավարությունից վարչապետ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ո՞վ է երբեւէ գյուղ այցելել, ի՞նչ հարց է լուծել:
-Գյուղ վերջին ամիսներին տարածքային կառավարման եւ զարգացան նախարար Դավիթ Լոքյանն է այցելել խոշորացման հետ կապված:
-Գյուղում իշխանություններին ո՞նց են վերաբերվում մարդիկ: Առաջիկայում ընտրություններ են խորհրդարանական, ո՞ր ուժը կհաղթի գյուղում Ձեր կարծիքով եւ ինչո՞ւ:
-Այս պահին շուտ է ասելը, սա երեւի եզակի գյուղ է, որ իր առօրյան ինքն իր մեջ կարողանում է լուծել: Այստեղ մի քանի խնդիրներ կան, որոնց լուծման դեպքում ժողովուրդն էլ կախման մեջ չի լինի ո՛չ իշխանություններից եւ ո՛չ բարերարներից:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԸ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ Հայաստանի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: «Աշտարակ կաթ»-ը կաթնամթերքի շուկայում 46 տոկոս մասնաբաժին ունի եւ համարվում է գերիշխող դիրք ունեցող ընկերություն: Սակայն այս տարվա վեց ամիսներին ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի նվազեցրել է հարկերը:
Այսպես՝ այս տարվա հունվար-հունիսին կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 250-րդ տեղը եւ վճարել 236 մլն 985 հազար 700 հազար դրամ հարկ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված ընկերությունը վճարել է 464 մլն 270 հազար 700 դրամ հարկ, իսկ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 117-րդ տեղը: Ասել է, թե ընկերությունը այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 227 մլն 285 հազար դրամով քիչ հարկ է վճարել: Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը նախորդ տարի ֆինանսական խնդիրներ ուներ եւ կաթի մթերման դիմաց կուտակված որոշակի պարտքեր էր կուտակել: Հավանաբար սա է պատճառը, որ ընկերության հարկերը նվազել են:
Իսկ, ահա, «Դուստր Մարիաննա» ընկերությունը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ այս տարի վճարած հարկի չափը ավելացրել է ավելի քան 63 մլն դրամով: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ընկերությունը վերոնշյալ ժամկետում վճարել է 389 մլն 993 հազար 500 դրամ հարկ եւ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 150-րդ տեղը: Իսկ նախորդ տարվա հունվար-հունիսին վճարել է 326 մլն 672 հազար դրամ՝ զբաղեցնելով 167-րդ տեղը:
«Բիոկաթ» ընկերությունը նույնպես այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան 9 մլն դրամով է ավելացրել վճարած հարկերը: Այս տարվա վեց ամիսներին զբաղեցնելով 842-րդ տեղը՝ վճարել է 58 մլն 518 հազար 500 դրամ հարկ: Իսկ նախորդ տարի այս ընկերությունը զբաղեցրել է 955-րդ տեղը եւ վճարել 48 մլն 817 հազար 200 դրամ հարկ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ